Հայ քաղաքական միտքը պարզունակ ընտրություն է առաջարկում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Սեպտեմբերի 19-ին Վանա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ 1915-ից հետո տրվելու է Սուրբ պատարագ: 2007-ի մարտին Սուրբ Խաչը վերանորոգվելուց հետո պաշտոնապես բացվեց որպես թանգարան «Աքդամար» թրքացված անունով, որտեղ եկեղեցական արարողություններն արգելվում են: Եկեղեցու վրա թուրքական իշխանություններն արգելեցին խաչ տեղադրել` հակառակ Պոլսո Հայոց պատրիարքության խնդրանքներին: Թուրքական կողմը քարոզչական նպատակներով լավագույնս օգտագործեց այդ առիթը: Նույնը, բնականաբար, անելու է այս անգամ` մեկանգամյա պատարագի փաստն օգտագործելով իբրեւ թուրքական հանդուրժողականության դրսեւորում փոքրամասնությունների նկատմամբ, հարգանք պատմության եւ համաշխարհային ժառանգության հանդեպ:
Հայաստանի իշխանությունները, ինչպես կարելի է ենթադրել նրանց խոսնակների ու լրատվամիջոցների պահվածքից, չեն խրախուսում հայերին ներկա գտնվելու Սուրբ պատարագին: Մեր երկրի առաջին դեմքերը դառնացած ու մինչեւ հոգու խորքը վիրավորված են թուրքերից` վարչապետ Էրդողանից, արտգործնախարար Դավութօղլուից եւ մասամբՙ մշտապես բեղերի տակ ժպտացող նախագահ Գյուլից: Պատճառը պարզ է` թուրքերը երկու տարի «ֆուտբոլ խաղալուց» հետո ոչ միայն վերջ չտվեցին Հայաստանի շրջափակմանը, չհաստատեցին դիվանագիտական կամ այլ կարգի հարաբերություններ Հայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի հարցում շարունակեցին իրենց ադրբեջանանպաստ կեցվածքը, այլեւ սպառնացին, թե Թուրքիայից կվտարեն «հազարավոր հայաստանցիների»:
Ու հիմա իրենց թուրք գործընկերներից վիրավորված Հայաստանի իշխանությունները գործի են դրել իրենց «ծանր հրետանին»` իշխանամետ գործիչները, քաղաքագետները, պատմաբան-արեւելագետները, լրագրողները հայաստանցիներին խելք են սովորեցնում, թե` գիտե՞ք, պետք է ընդհանրապես հրաժարվել Վան գնալուց եւ պատարագին մասնակցելուց, քանի որ թուրքերը դա շահարկելու են:
Անկասկած, թուրքերը շահարկելու են: Իսկ եթե որեւէ հայ, անգամ պոլսահայ, չգնա Աղթամար, ինչը բացառվում է, թուրքերը դա չե՞ն շահարկելու: Ինչպես 2007-ին, երբ որպես թանգարան վերաբացվում էր Սուրբ Խաչը, այնպես էլ այսօր, Թուրքիան շատ լավ հաշվարկ է կատարել եւ փորձելու է սեպտեմբերի 19-ի Սուրբ պատարագը համաշխարհային հանրությանը հնարավորինս «թանկ վաճառել»: Եվ այդ հարցում մի քանի հարյուր հայերի ներկայությունը կամ բացակայությունը ոչինչ կամ գրեթե ոչինչ չի փոխելու: Սակայն արդյոք Հայաստանըՙ որպես պետություն, իսկ Սփյուռքըՙ որպես պահանջատեր ու իրական տեր մեր Սուրբ Խաչի, Մշո Սուրբ Կարապետի, Անիի կիսականգուն եկեղեցիների, մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց վանքի ու բազմաթիվ այլ կոթողների, չունե՞ն անելիք, բացի հավատացյալ հայերին հորդորելուց ու խելք սովորեցնելուց: Խոսքը չի վերաբերում քարոզչական նպատակներով ու շատ պարզունակ այն հայտարարություններին, որ այսօր անում են հայ իշխանամետ գործիչներն ու ոչ միայն նրանք: Նրանց մեծ մասն ասում է. «Չէ, չպիտի գնալ Վան, քանի որ թուրքերը մեր ներկայությունը շահարկելու են»: Կա մեկ այլ, շատ ավելի փոքր խումբ, որն ասում է. «Իսկ ինչո՞ւ չգնալ Վան, չէ՞ որ Սուրբ Խաչը մերն է, չէ՞ որ մեր ներկայությամբ կարող ենք աշխարհին ցույց տալ, որ դա մեր եկեղեցին է, որ հայկական է, որ թուրքերը ոչ միայն հայությանն արմատախիլ են արել իրենց հայրենիքից, այլեւ զավթել մեր տներն ու եկեղեցիները»:
Ես, որպես լրագրող, 2007-ի մարտին ներկա եմ եղել Սուրբ Խաչի բացման արարողությանը (տե՛ս «Ազգ» , 6 ապրիլի, 2007թ, թիվ 63), եւ հավատացնում եմ, որ այդ միջոցառմանը ներկա էր ընդամենը մի քանի հարյուր մարդ, որից մի մասը հայեր էին Հայաստանից, Սփյուռքից ու Պոլսից: Ես, որպես լրագրող, սեպտեմբերի 19-ին եւս ներկա եմ լինելու Սուրբ պատարագին եւ կարող եմ վստահ լինել, որ այս անգամ էլ միջոցառմանը ներկա է լինելու ընդամենը մի քանի հարյուր մարդ: Ովքեր գոնե մեկ անգամ եղել են Վանում, կարող են հաստատել, որ ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ Սուրբ Խաչում կազմակերպել միջոցառում հազարավոր մարդկանց ներկայությամբ: Անշուշտ, թուրքերը արդեն իսկ իրականությանը չհամապատասխանող լուրեր են տարածում, թե հազարավոր հայեր են ներկա լինելու, թե Վանի հյուրանոցներն արդեն զբաղեցված են, որ քաղաքի բնակիչներն են իրենց տներում հյուրընկալելու հայերին ու մյուս հյուրերին: Այս ամենը, սակայն քարոզչություն է, պարզունակ «թուրքապատում», որին լծվել են թուրքերը պետական մակարդակով եւ որի դեմ, պայքարելը, իմ կարծիքով, Հայաստանի ու Սփյուռքի կողմից անիմաստ է ու անտեղի ջանքերի վատնում:
Հայաստանը եւ Սփյուռքը սեպտեմբերի 19-ին, որպեսզի իրենց ձայնը հասնի համաշխարհային հանրությանը, պետք է այլ քայլեր կատարեն: Ընդ որում, այդ քայլերը պետք է բխեն իրականությունից եւ չլինեն պարզունակ քարոզչական ու հակաթուրք ձեռնարկներ:
Առաջին . հայաստանցիները եւ սեպտեմբերի 19-ին Հայաստանում գտնվող սփյուռքահայերը կարող են բողոքի խաղաղ երկու տարբեր ցույցեր կազմակերպել կողպված թուրք-հայկական երկու սահմանադռների մոտ` Մարգարայում եւ Ախուրյանում: Քանի որ Թուրքիան 1993-ից ի վեր թշնամական ակտ է իրականացնում Հայաստանի նկատմամբ ու փորձում է շրջափակման միջոցով ծնկի բերել մեր երկիրը, Սուրբ Խաչի պատարագը լավ առիթ կլինի, որպեսզի միջազգային հանրությանը եւս մեկ անգամ հիշեցնել, թե իրականում ինչպիսին է Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Ցույց տալ, որ իրական Թուրքիան սահման փակող եւ պարբերաբար սպառնացող Թուրքիան է եւ ոչ թե Սուրբ Խաչում մեկ անգամ Սուրբ պատարագ թույլատրող Թուրքիան: Բնականաբար, միջազգային առաջատար լրատվամիջոցները, անկախ նրանիցՙ հայերը կմասնակցեն Սուրբ Խաչի պատարագին, թե ոչ, այդ ձեռնարկը լայնորեն լուսաբանելու են: Վստահաբար, այդ նույն լրատվամիջոցները միաժամանակ կլուսաբանեն նաեւ Մարգարայի եւ Ախուրյանի խաղաղ ցույցերը, եթե հայերը նման բան իրավամբ կարողանան կազմակերպել: Հայաստանի մայրաքաղաքից մինչեւ հայ-թուրքական սահմանադուռ` Մարգարա, ընդամենը 40 կմ է, իսկ մեծությամբ երկրորդ քաղաքից` Գյումրիից մինչեւ Ախուրյան, որտեղով անցնում է Հայաստանը Թուրքիային կապող եւ պարապուրդի մատնված երկաթուղին, մոտ 10 կմ: Մասնավորապես, Ախուրյանում կարելի է դեպի Թուրքիա խորհրդանշական գնացք հրել: Նախագահ Սարգսյանի ու Հայաստանի գործող իշխանությունների ձախողված «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո միջազգային հասարակական կարծիքը փոխվել է ի վնաս Հայաստանի այն իմաստով, որ արդեն երկու տարի որեւէ խոշոր պետություն կամ միջազգային կազմակերպություն այլեւս Թուրքիային չի հիշեցնում Հայաստանը շրջափակման տակ պահելու անթույլատրելիության մասին: Սեպտեմբերի 19 լավ առիթ է դա հիշեցնելու:
Երկրորդ . սեպտեմբերի 19-ին աշխարհի հայաշատ մայրաքաղաքներում կարելի է կազմակերպել մոմերով բողոքի խաղաղ ցույցեր Թուրքիայի դեսպանատների, հյուպատոսարանների եւ այլ կարգի պաշտոնական ներկայացուցչությունների առաջ: Համաշխարհային լրատվամիջոցները Սուրբ Խաչի պատարագի հետ միաժամանակ դրանք էլ կլուսաբանեն: Մոմերով խաղաղ այդ ցույցերի ընթացում կարելի է նաեւ պաստառներով պատմել Արեւմտյան Հայաստանի հայկական այն վանքերի, եկեղեցիների ու մյուս հուշարձանների մասին, որոնք վերածվել են մզկիթի, քանդվել են կամ պարզապես անուշադրության մատնվել: Դա լավ առիթ կլինի նաեւ պահանջել, որպեսզի Սուրբ Խաչը, մզկիթի վերածված Կարսի Առաքելոցը եւ մյուս եկեղեցիները վերադարձվեն Պոլսո պատրիարքարանին եւ հայ նվիրապետական աթոռը որոշի, թե ե՞րբ անցկացնի պատարագ կամ կրոնական այլ ձեռնարկ:
Այստեղ արժե հիշեցնել 2008-ի սեպտեմբերի 6-ը, երբ նախագահ Գյուլը վեց ժամով այցելեց Երեւան: Այդ օրերին Հայաստանի իշխանությունները, լրատվամիջոցների մեծ մասը այն աստիճանի էին ոգեւորված, որ, մի պատգամավորի խոսքերով` «կարծես գտել էին իրենց կորցրած եղբորը»: Բացառություն էին միայն Դաշնակցության կազմակերպած խաղաղ ցույցը օդանավակայանում, Երեւանի բոլոր այն փողոցներում, որտեղով անցնում էր Թուրքիայի նախագահի մեքենան: Համաշխարհային լրատվամիջոցներն այդ օրերին գերազանցապես ցույց էին տալիս սեպտեմբերյան արեւի տակ հրճվանքից պայթող Գյուլի ու Սարգսյանի դեմքերը, երկու նախագահների ձեռքով ողջույնները «Հրազդան» մարզադաշտում հավաքված հայ ու թուրք ֆուտբոլասերներին, նրանց անսահման ուրախությունը` անկախ նրանից, թե որ թիմն էր գոլ խփում (գոլ խփում էին միայն թուրքերը): Հայ-թուրքական բարձր մակարդակի այս աննախադեպ ողջագուրման ժամերին միակ սթափ ձայնը գալիս էր Երեւանի փողոցներում կանգնած մարդկանց ձեռքերին պահած պաստառներից` «Ես Վանից եմ», «Ես Կարսից եմ», «Ես Մուշից եմ», «Իմ տունը թողել եմ Վանա ծովի ափին»...
Հոդվածի հեղինակը «Արցախյան օրագիր: Կանաչ ու սեւ» գրքի հեղինակն է, 2000-2005թթ. եղել է «Ազգի» թղթակիցներից: Այժմ նա աշխատում է որպես «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ: