Քրեական գործ է հարուցվել պատասխանատու 3 ընկերության նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում քրեական գործեր են հարուցվել Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ: Ուսումնասիրություններով պարզվել է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու ու այդ ուղղությամբ այլ աշխատանքներ կատարելու համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ բնապահպանության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա 2006-2008թթ. հայտարարված մրցույթներում հաղթող են ճանաչվել «Ուայդ Գեյթ», իսկ 2009թ. «Տրի Գրեն» եւ «Հ. Էլոյան եւ որդիներ» ՍՊ ընկերությունները: Կատարված ստուգումների համաձայն` վերջին երկու ընկերությունների կատարած աշխատանքները չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրին: «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերության տնօրենը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնած անտառանյութի խիտ զանգվածի քանակությունը ներկայացրած կատարողական ակտերի տվյալներին չհամադրելով, հաստատել է «Տրի Գրեն» ՍՊ ընկերության Նորատուսի եւ Սեւանի տեղամասերում եւ «Հ. Էլոյան եւ որդիներ» ՍՊ ընկերության Մարտունու, Վարդենիսի տեղամասերում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ կատարողական ակտերը:
«Ուայդ գեյթ» ՍՊԸ-ն էլ չի մաքրել ջրածածկ անատառատնկարկների շուրջ 35 հա տարածք եւ տեխնիկական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել 795.7 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման եւ տեսափոխման աշխատանքները: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետն առանց առարկայական եւ փաստաթղթային համադրություններ կատարելու, հաստատել է պայմանագրերով ամրագրված աշխատանքների կատարման վերաբերյալ կազմված կեղծ կատարողական ակտերը, իսկ բնապահպանության նախարարության կենսառեսուրսային կառավարման վարչության պետն էլ, առանց պատշաճ հսկողություն իրականացնելու հաստատել է, որ «Ուայդ Գեյթ» ընկերությունը կատարել է պայմանագրով նախատեսված աշխատանքներն ու ստորագրել եզրակացությունների տակ:
Կազմված հանձնման եւ ընդունման արձանագրություններն ընդունել են բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք:
Հ. Հ.