«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2010-09-01 | #158, 2010-09-02 | #159, 2010-09-03


ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏՆ ՈՒ ԹԱՂՈՒՄԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԵՐԱԾԵԼ ՄՐՑՈՒՅԹԻ

«Եթե մեծահարուստ Բիլ Գեյթսը հայ լիներ, ապա մոր թաղման ժամանակ Ամերիկայի կեսին օղորմաթաս կտար», ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը : Երեկ «Դե ֆակտո» ակումբում բանախոսներն անդրադարձան այն ծայրահեղություններին, որոնք դրսեւորվում են հոգեհանգստի ու թաղման արարողությունների ժամանակ: Ըստ սոցիոլոգի` մարդու ծնունդը, ամուսնությունն ու մահը քրիստոնեական համայնքների ու բոլոր էթնիկական խմբերի համար կյանքի ամենակարեւոր 3 իրադարձություններն են: Երբ հոգեհանգստի ու թաղման արարողությունները կրոնականից վերածվում են աշխարհիկ արարողությունների, այդ ժամանակ մարդկանց միջեւ մրցակցություն է սկսվում: Շատերը ձգտում են ճոխ թաղում անել հարեւաններին ու բարեկամներին զարմացնելու, ծանոթների շրջանում հպարտանալու ու պարծենալու նպատակով:

Հանգուցյալի ինչի՞ն են պետք ճոխությունները: Մարդու համար պետք է գումար ծախսել այն ժամանակ, երբ նա ողջ է: Նորություն չէ, որ հայերը կուտակող ազգ են: Ամբողջ կյանքում գումար են կուտակում ապագայի համար` այդ թվում եւ թաղման համար: «Այսպիսով` մեր գերեզմանները դառնում են մահացած փող», նշեց Ահարոն Ադիբեկյանը: Ճոխ հարսանիք, կնունք ու ճոխ թաղում կազմակերպելը, ըստ սոցիոլոգի, շատերի համար ինքնահաստատվելու եւ շրջապատում հեղինակություն վայելելու ձեւ է դարձել: «Թաղման ժամանակ մի պսակն էլ է բավական: Կիրակի օրը մի թաղման էի գնացել, որտեղ 60 պսակ էր դրած», պատմեց սոցիոլոգը: Ո՞րն է այդ 50 կամ 60 պսակը ցուցադրելու նպատակը: Ոչ մի այլ նպատակ չկա, բացի պարծենալուց եւ ծանոթներին ապացուցելուց, որ մեր հանգուցյալի թաղումն ավելի լավն է, քան ձեր հանգուցյալինն էր: Պսակների վրա այդքան փող ծախսելու փոխարեն լավ կլինի այդ փողով բարեգործություն անել ու աղքատներին օգնել: «Իմ սկզբունքը հետեւյալն է` առաջին հերթին մտածենք կենդանի մարդկանց մասին, հետո` հանգուցյալների», ավելացրեց Ա. Ադիբեկյանը:

Մյուս բանախոսի` Ս. Հովհաննես եկեղեցու սպասավոր Շմավոն քահանա Ղեւոնդյանի խոսքով` եկեղեցու դավանաբանության համաձայն` մարդը չի մահանում ու հավերժ կորչում, նա պարզապես ննջում է, դրա համար էլ հանգուցյալին ննջեցյալ են կոչում: Քահանան պատմեց, որ նախկինում հոգեհանգստի ու թաղման արարողակարգերը տարբերվել են այսօրվա արարողակարգերից: Ժամանակին հանգուցյալին լողացրել ու հագցրել են` հատուկ աղոթքներ ասելով: Տան կարգից հետո հանգուցյալի մարմինը տարել են եկեղեցի, որտեղ դպիրներն ու ծառայողներն ամբողջ գիշեր սաղմոս են ընթերցել: Առավոտյան եւս արարողություն է կատարվել, հետո հանգուցյալին տարել են գերեզմանոց ու հանձնել հողին: Հաջորդ օրը եղել է այգալացը կամ «ինքնահողը», իսկ 7 օր անց կատարվել է յոթի արարողությունը: «Առաջ քառասունքը համարվում էր սգո օրերի ավարտը, եւ միայն քառասունքի ժամանակ էր հանգուցյալի տանը հոգեհաց տրվում, իսկ ինքնահողի ու յոթի օրերին հաց չէին դնում», ասաց տեր Շմավոնը: Հիմա միայն Նորագավիթի Ս. Գեւորգ եկեղեցում է թույլատրվում հանգուցյալի մարմին դնել: Երբեմն մարդիկ ննջեցյալին տանում են եկեղեցի` զուտ հարմարավետությունից ելնելով, առանց գիտակցելու` ո՞րն է դրա խորհուրդը: Երբեմն քահանային էլ հարմարավետությունից ելնելով են վճարում: «Մարդիկ մտածում են` ավելի լավ է քահանային փող տանք, քան երաժիշտներին, որոնք ֆիքսված գներ ունեն, իսկ քահանան երբեմն փող չի էլ վերցնում», ասաց եկեղեցու սպասավորը: Վերջինս որոշ քահանաների ֆիքսված գներին, բնականաբար, չանդրադարձավ: Տեր Շմավոնի խոսքով` գերեզմաններում նկարներով մահարձաններ զետեղելը եւ ճոխ հոգեհացն ամենեւին էլ ընդունելի չեն: Հոգեհացն աղքատներին կերակրելու խորհուրդ ունի, ինչին այսօր չեն հետեւում: «Արարողակարգերի ընթացքում զանազան բաներ են մոգոնում, օրինակ` փայլուն իրերը ծածկում են կտորներով», ասաց քահանան եւ ընդգծեց, որ հայելիներն ու ապակյա իրերը ծածկելը եկել է հեթանոսությունից. «ժամանակին սրան միստիկ բացատրություն է տրվել` իբր հանգուցյալի հոգին կարող է գերվել ու մնալ փայլուն իրերի մեջ»: Տեր Շմավոնը նշեց, որ սգո ծառայություններ մատուցող կենտրոնները կամ «սերվիսները» լավ կլինի, որ իրենց գործելաոճը համաձայնեցնեն եկեղեցու հետ: «Շատ անգամ նրանք են դառնում այդ մշակույթի կրողն ու փոխանցողը եւ հաճախ` սխալ փոխանցողը», ասաց քահանան:

Հարազատի մահն ամենածանր կորուստն ու սթրեսն է մարդու համար: Վշտի ու ծանր հոգեկան վիճակի մեջ մարդիկ երբեմն հարկադրաբար են կատարում արարողությունները: Ինչքանո՞վ է ճիշտ, որ մի կողմից լաց են լինում, մյուս կողմից մտածում ճոխ սեղանի, ծաղիկների քանակի ու հարեւանների կարծիքների մասին:

Թաղման բյուրոյի տնօրենի օգնական Գաբրիել Գաբիկյանը տեղեկացրեց, որ Երեւանում օրական 15-20 հուղարկավորություն է կատարվում: «Եթե մարդը մահանում է ու տեղ չի ունենում, մենք նրան 3-4 մետր ընտանեկան գերեցմանոցի տեղ ենք հատկացնում, ընդ որում` անվճար: Փոս փորելու համար ուզում ենք 26900 դրամ», ասաց Գ. Գաբիկյանը:

  «Ազգի» հարցին, եթե մարդիկ սահմանված տարածքից էլ մեծ գերեզման են ուզում հանգուցյալի համար, ապա մի քառակուսի մետրի համար ինչքա՞ն պետք է վճարեն, Գ. Գաբիկյանը պատասխանեց. «Դեռ որոշված չէ, թե ո՞ր գերեզմանոցում 1 քառակուսի մետրն ինչքան արժե»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ. Գ. Մի քանի ամիս առաջ ներկա էի թաղման մի արարողակարգի, որը նկարահանվում էր տեսախցիկով: Ննջեցյալը գրեթե 90-ամյա տատիկ էր: Հարազատները նկարահանում էին թաղումը, որպեսզի տեսասկավառակն ուղարկեին Միացյալ Նահանգներ` մահացածի հարազատներին: Ցավալի կլինի, եթե թաղում նկարելը մեզանում հարսանիք նկարելու նման լայն տարածում գտնի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4