Armenia EXPO 2010 տասներորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը երեկ բացվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կազմակերպել են Logos expo center ցուցահանդեսային ընկերությունը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նա մասնավորապես նշեց, որ այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն էՙ շփումներ կազմակերպելու գործարարների միջեւ եւ գտնելու գործընկերներ: Նա կարեւորեց ցուցահանդեսի միջազգային լինելը, որն հնարավորություն է տալիս նոր ներդրումներ ներգրավելը Հայաստան: Վարչապետը նաեւ համոզմունք հայտնեց, որ այս միջոցառումը տալու է իր դրական արդյունքները:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր խոսքում այն կարծիքը հայտնեց, որ այս ցուցահանդեսը դրական լիցքեր է հաղորդում հասարակությանը, քանի որ հակառակ տարբեր ասեկոսեների, թե ճգնաժամը չենք հաղթահարել, մենք ունենք գործարարներ, որոնք շարունակում են զարգացնել իրենց գործունեությունը:
Ելույթներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեց ցուցահանդեսը եւ ծանոթացավ այդտեղ ներկայացված ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին: Մասնավորապես այս տարի ներկայացված են 180 ընկերություններ, որոնք, բացի Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից, ներկայացնում են Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Գերմանիան, Վրաստանը, Թուրքիան, Չինաստանը, Լեհաստանը, Իտալիան, Ուկրաինան:
Armenia EXPO 2010 ընդգրկում էր Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերըՙ արդյունաբերությունը, շինարարությունը, սննդարդյունաբերությունը, տրանսպորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գովազդը, ֆինանսական ոլորտը եւ այլն:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 5-ըՙ ժամը 10-ից մինչեւ 17-ը:
Ա. Մ.