«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


«ԻՆՉՈ՞Ւ ՉԵՐԳԵՆ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԵՐԵՆ»

«Ոչ, նետ, յոխ», այսպես պատասխանեց երգահան Ռուբեն Հախվերդյանը լրագրողների այն հարցին` արդյոք Ռուբեն Հախվերդյանը հեղինակային իրավունքի հետ կապված պայմանագի՞ր է կնքել թուրքերի հետ: Երեկ «Հայելի» ակումբում Ռ. Հախվերդյանը տեղեկացրեց, որ իր երգերը թուրքերեն կատարելու վերաբերյալ առաջարկ չի ստացել, բայց եթե ստանար, չէր մերժի: «Իմ երգերը երգում են ֆրանսերեն, չեխերեն, ռուսերեն, սերբերեն, իսկ ինչո՞ւ չերգեն նաեւ թուրքերեն» , ասաց Ռ. Հախվերդյանը, ապա ընդգծեց. «Մշակույթի մեջ սահմաններ չկան: Ես մի զարգացած թուրքին չեմ փոխի հազար տգետ հայի հետ: Որեւէ ազգի կուրորեն ատել չի կարելի»: Ռ. Հախվերդյանի խոսքով` իր երգարվեստում կարեւոր նշանակություն ունեն բառերը, հետեւաբար շատ կարեւոր է դրանք չաղավաղելը. «Բացի այդ` «Վերնիսաժում» հիմա 300-400 դրամով վաճառվում են իմ CD-ները, որոնք ինձ հետ ոչ մի կապ չունեն: Հենց դրանով բարոյական մեծ վնաս են հասցնում»:

Հարցին, թե Ռուբեն Հախվերդյանի ու Դաշնակցության միջեւ սեւ կատո՞ւ է անցել, որովհետեւ երգահանը կողմ է արտահայտվել իր երգերը թուրքերեն թողարկելուն, բանախոսը պատասխանեց. «Իմ ու Դաշնակցության միջեւ ո՞նց կարող է սեւ կատու անցնել»: Նրա խոսքով` Դաշնակցությունը գաղափարախոսություն է, ու եթե խնդիրներ կան, ապա դրանք կապված են կուսակցության հետ, ոչ թե գաղափարախոսության:

Երգահան Արտավազդ Բայաթյանն էլ խոսեց հայ հասարակության երաժշտական ճաշակի մասին. «Մեր երաժշտությունը շաղախված է թուրքական ու արաբական երանգներով, ինչն էլ խրախուսվում, գնահատվում ու ֆինանսավորվում է»: Այսօր ճաշակ թելադրող են դարձել այն մարդիկ, որոնք 60-ականներին դեռ վրանների տակ էին հարսանիք անում: «Հիմա նրանցից շատերը դարձել են հեղինակություններ ու ճաշակ են ձեւավորում», ավելացրեց Ռ. Հախվերդյանը: Արաբաթուրքական երաժշտությունը տարածված է ոչ միայն ռեստորաններում, այլեւ փողոցում, գետնանցումներում եւ այլուր: Նման երաժշտությունը, ըստ Ռ. Հախվերդյանի, ամենեւին էլ «ռաբիս» երաժշտություն չէ. «Ռաբիսը» վերջացել է 40-ականներին», իսկ դրանից հետո սկսել է անճաշակությունը: Հայ ժողովուրդն իսկական արվեստ ու հանճարներ է ունեցել Արեւմտյան Հայաստանում, «Թուրքերը մեզ որպես մշակույթ վերացրին», հավելեց Ռ. Հախվերդյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4