Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի ռուսական միջնակարգ դպրոցի 197 աշակերտ եւ 22 ուսուցիչ «Գիտելիքի օրը» տոնեցին ոչ թե սեպտեմբերի
1-ին, այլՙ սեպտեմբերի 2-ին, եւ այդ օրն էլ դպրոցի 12 առաջին դասարանցիները հնչեցրին նոր ուսումնական տարվա առաջին զանգը: Պատճառը հիմնովին նորոգվող դպրոցում դեռեւս նախորդ օրը կատարվող ներքին հարդարման փոքրիկ աշխատանքներն էին: Թեկուզ մեկ օր ուշացումով, բայց նորացված ու ժամանակակից գույքով եւ տեխնիկական միջոցներով հագեցած դպրոցամուտն առաջին դասարանցիները, նաեւ դպրոցի մյուս աշակերտներն ու մանկավարժները դեռ երկար կհիշեն:
Կրթօջախը 109 տարեկան է, սակայն վերջին 20 տարիների ընթացքում այստեղ որեւէ նորոգում չէր կատարվել: Տնօրեն Վալերի Միրզաբեկյանի համառ ջանքերի շնորհիվ, Հայաստանում ՌԴ դեսպանատան եւ «Ռուսհամագործակցությունը Հայաստանում» ֆեդերալ գործակալության միջնորդությամբՙ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-նՙ ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Շեւքետ Շայդուլինի, պատրաստակամություն հայտնեց եւ ֆինանսական միջոցներ տրամադրեց դպրոցի հիմնանորոգման համար:Բացի շինարարական աշխատանքներիցՙ դպրոցին տրամադրվել է նոր գույք: Այն համալրվել է նաեւ ժամանակակից տեխնիկական միջոցներով, համակարգիչներով, հիմնվել է ինտերակտիվ եւ հեռակառավարման ուսուցման դասարան ու այդ ամենը «ՎՏԲբանկ», «Անելիքբանկ», «ԱրմենՏել», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ների եւ Լոռու մարզպետարանի աջակցությամբ: Ընդհանուր առմամբՙ դպրոցի շինաշխատանքների իրականացման համար հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլար:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ