Ապացուցեցին ադրբեջանական դիվերսիան հետ շպրտած մեր զինվորներն ու սպաները
Անցյալ շաբաթվա ընթացքում 2 միջադեպ տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ադրբեջանական կողմը առնվազն 8-9 կամ գուցե ավելի զոհեր տվեց: Խոսքը ադրբեջանցիների ձեռնարկած անհաջող դիվերսիաների մասին է, որոնք հստակ հակահարվածի արժանացան հայոց բանակի զինվորների եւ սպաների կողմից: Ադրբեջանական դիվերսիաների քաղաքական կամ այլ դրդապատճառների մասին չէ, որ կցանկանայինք անդրադառնալ այս հրապարակմամբ, այլ այն մասին, որ այդ դեպքերից հետո փոշիացան հայկական բանակի մարտունակության եւ ամրության փաստը կասկածի ենթարկող ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումները:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերին Չայլու բնակավայրի մոտ ադրբեջանցիների դիվերսիոն խմբին հաջողվեց օգտվել մեր դիրքապահների զգոնության թուլացումից, ինչի հետեւանքով 4 ցավալի զոհ ունեցանք եւ այդքան էլ վիրավոր: Իսկ անցյալ շաբաթվա միջադեպերը կրկին Վերին Չայլուի եւ Ջրաբերդի սահմանային հատվածներում հաստատեցին, որ հայ ժողովուրդն ու հայոց բանակը վճռական են պաշտպանելու մեր ձեռքբերումները արցախյան պատերազմում, եւ որ նախորդ միջադեպը պատահականության հետեւանք էր:
Վերին Չայլուի եւ Ջրաբերդի միջադեպերի կարեւորությունը չի կարելի թերագնահատել, անկախ այն հանգամանքից, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին բազում, շատ ավելի հերոսական դրսեւորումներ են եղել մեր ազատամարտիկների եւ զինվորների կողմից: Արցախյան պատերազմին հաջորդած տարիները ինչպե՞ս են ազդել մեզ վրա, ի՞նչ հոգեբանական վիճակում են մեր բանակի զինվորները, մեր հասարակությունը, անհրաժեշտության դեպքում պատրա՞ստ ենք կրկին միասնականորեն պաշտպանել մեր հայրենիքը թշնամու ոտնձգություններից, տանելու զրկանքներ այդ նպատակի համար: Այս հարցերը թերեւս շատերիս մեջ են առաջացել վերջին տարիների ընթացքում: Անցյալ շաբաթվա սահմանային միջադեպերը եւ դրանց արդյունքները ցույց տվեցին, որ մեր ոգին ամուր է, մեր բանակը պատրաստ ամեն անակնկալի: Ադրբեջանցի դիվերսանտներին ոչնչացրած շարքային Արման Մանուկյանն ու նրա զինակից ընկերները մեր օրերի իսկական հերոսներ ենՙ ընդօրինակման արժանի: Հայ երիտասարդը ոչ միայն ինքնակամ վերադառնում է այլ երկրից հայրենիքի բանակում ծառայելու համար, այլեւ անհրաժեշտ պահին չի երկնչում, անակնկալի չի գալիս թշնամու հարձակումից, գետնին է տապալում նրան: Մի՞թե սա բավարար չէ բոլորի համար օրինակելի դառնալու համար եւ մի՞թե սա չի խոսում մեր ոգու ամրության մասին:
Հայ դիրքապահների զգոնությունը եւ մշտական պատրաստակամությունըՙ պատասխանելու ամեն մի հարձակման, արժանի պատասխան էին նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւիՙ պատերազմի միջոցով ղարաբաղյան խնդիրը լուծելու կրկնվող սպառնալիքներին: Ադրբեջանի նախագահը գուցե հիմա հասկանա, որ այդ սպառնալիքները ոչ միայն չեն վախեցնում մեզ, այլեւ ընդհակառակըՙ մղում են ապացուցելու, որ դրանք միայն դատարկ խոսքեր են, որոնց դառը հետեւանքները Ադրբեջանի ժողովուրդը իր մաշկի վրա կզգա պատերազմի վերսկսման դեպքում, որ հայ ժողովուրդըՙ անկախ տարիքից, սեռից, բնակության երկրից, քաղաքական հայացքներից, պատրաստ է պաշտպանելու այն, ինչ ձեռք է բերել իր հերոս զավակների արյան գնով, որ թշնամին պարզապես չի կարող կրկին զավթել մեր հայրենիքի մասնիկը համարվող Արցախը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ