«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2010-09-03 | #160, 2010-09-04 | #161, 2010-09-07


«ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ»

Ասում է Դեմկուսի նախագահը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը երեկ անդրադարձավ արտաքին քաղաքական գործընթացներին, մասնավորապես ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական բանաձեւի քննարկմանը: Ամեն անգամ, երբ ադրբեջանցիները նոր բանաձեւ են ներկայացնում, ըստ Արամ Սարգսյանի, մեր արտաքին գործերի նախարարությունը բավարարվում է միայն իր հերթական հայտարարությամբ: «Շատ կարեւոր է, որ հայկական կողմի դիրքորոշումը հայտնի լինի աշխարհին, սակայն այդպիսի բան չի լինում», հավելեց Դեմկուսի նախագահը: Նրա խոսքով` մեր դիվանագիտական նախարարությունը գոնե մի անգամ հստակ պատասխան չի տալիս, թե ինչո՞ւ նախաձեռնողը չի լինում հայկական կողմը: Օրինակ` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օգոստոսի 31-ին կայացած միջադեպի մասին, ըստ բանախոսի, Հայաստանը կարող էր մի լավ ֆիլմ նկարահանել ու ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանն աղավաղում է իրականությունը: Ամսի 31-ի միջադեպի մասին Հ1-ի օպերատորներն ու ռեժիսորը մի անհասկանալի ռեպորտաժ պատրաստեցին, մինչդեռ կարելի էր ամբողջական ֆիլմ պատրաստել ու օգտագործել քարոզչական պատերազմում: «Մեր արտաքին գործերի նախարարությունը, բացի հոխորտալուց ու որոշ հայտարարություններ անելուց, լուրջ գործունեությամբ չի զբաղվում», «Փաստարկ» ակումբում նշեց Արամ Սարգսյանը:

Նորից անդրադառնալով ՄԱԿ-ում քննարկվելիք հիշյալ բանաձեւին` բանախոսն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների ներկայացուցիչները դրան կողմ չեն քվեարկի:

Բանախոսի կարծիքով` ադրբեջանական կողմը դիմում է սադրանքների, քանի որ միջազգային հանրության միջոցով ուզում է հաստատել, որ ինքը պայքարում է իր արդար նպատակների համար:

Այս ասուլիսը նույնպես զերծ չմնաց սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի գնալ-չգնալու հարցից: «Կուզենայի, որ Սուրբ Խաչում ներկայացված լինեինք որպես տանտեր, բայց եթե քեզ դրանից զրկում են, ուրեմն պետք չէ գնալ ու ջուր լցնել նրանց ջրաղացին», ասաց Արամ Սարգսյանը, ապա շտապելով ընդգծեց. «Ի՞նչ է, գնան թանգարա՞ն օծեն, եթե խաչ չկա, էլ ի՞նչ եկեղեցի»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4