Նշեց կրթության եւ գիտության նախարարը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ուսումնական տարվա մեկնարկին էր նվիրված երեկ կառավարությունում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը: Նախարարը նախ հայտնեց, որ այս ուսումնական տարում աշակերտների թիվը նվազել է, եւ այդ պատճառով մոտ 3 հազար ուսուցիչ կարող էին կորցնել աշխատանքը, բայց ամեն ինչ արվեց, որ դա տեղի չունենա, եւ այդ մարդիկ պահպանեցին իրենց աշխատատեղերը: Խոսելով դասագրքերի վճարների մասին, Արմեն Աշոտյանը մեկ անգամ եւս նշեց, որ տարրական օղակի դասագրքերը պետության կողմից տրվում են անվճար:
Ավագ դպրոցի եւ հետբուհական համակարգի մասին կրթության եւ գիտության նախարարն ասաց, որ շուտով Ազգային Ժողովի քննարկմանը կներկայացվեն բուհական կրթության օրենքի փոփոխությունները, որոնցից հիմնականն այն է, որ 2011-ին ավարտական բոլոր քննությունները կդառնան միասնական: «Բուհեր ընդունվելն աստիճանաբար պետք է ավելի հեշտ դառնա, իսկ սովորելն ու ավարտելըՙ շատ-շատ դժվար», ընդգծեց Արմեն Աշոտյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ եւս 40-44 ավագ դպրոցներ կմիանան ներկայումս ստեղծված 91 ավագ դպրոցներին:
Այս տարի Հայաստանը չի ունենա ավարտական դասարաններ, եւ էքստեռն կարգով դպրոց ավարտողներ էլ չեն լինի: Ինչ վերաբերում է տարրական օղակին, ապա այստեղ էլ չպետք է լինեն 6 տարեկանը չլրացած աշակերտներ: Նախարարը խոստացավ, որ այս կարգերը խախտող տնօրենները կհեռացվեն աշխատանքից: Նա նաեւ խոստացավ, որ այս տարի կադրային փոփոխություններ կլինեն հատուկ դպրոցներում:
Կասեցված մասնավոր բուհերի 2200 ուսանողներից միայն 100-ն են դիմել նախարարությանը այլ բուհերում ուսումը շարունակելու համար, եւս 100-ն էլ դիմել են այլ բուհերին: Այս տվյալները բերելովՙ Արմեն Աշոտյանն այն կարծիքը հայտնեց, որ կասեցված բուհերում ուսանողների առնվազն կեսից ավելին ձեւական են եղել, եւ այնտեղ պարզապես չկար կրթական գործընթաց: Նա նաեւ տեղեկացրեց, որ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ դեռեւս մնացած 47 մասնավոր բուհերում ստուգումները կշարունակվեն, եւ եթե նրանցում լինեն շեղումներ տրամադրված լիցենզիաների պահանջներից, ապա դրանց գործունեությանը եւս կկասեցվի:
Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների հայտարարության մասին տրված հարցին պատասխանելովՙ կրթության եւ գիտության նախարարն ասաց, որ այդ դպրոցի ստեղծումը առնչություն չունի օրենքում կատարված փոփոխություններին, եւ հույս հայտնեց, որ այդ նախագիծն ի վերջո իրականություն կդառնա: