«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2010-09-04 | #161, 2010-09-07 | #162, 2010-09-08


ՏԱՎՈՒՇՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՅՐԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Տավուշի զորամասում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, բաց նամակ է հղել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` պնդելով, որ իր որդին ինքնասպան լինել չէր կարող, ինչպես պաշտոնական վարկածով է ներկայացվում, նշելով, որ նա հավատում էր Աստծուն եւ հստակ գիտեր, որ ինքնասպանությունը մեղք է: «Իմ որդուն սպանել են: Սպանել են մտածված, սառնասրտորեն, հաշվարկով: Վերացրել են իրենց ճանապարհին խանգարող լույսը, բարին ու ազնիվը: Այդպիսի գազանները չարիք են եւ ծնունդ են անպատժելիության մթնոլորտի: Նրանք սովորական մարդասպաններ չեն, նրանք հայրենիքի դավաճաններ են, որոնք սահմանի վրա գազանաբար սպանում եւ ոչնչացնում են սահմանապահ սպային», գրել է մահացած զինվորի մայրը: Նա շարադրել է իր ենթադրությունները` նկատելով, թե նրանք, ովքեր հենց սկզբից սպանությունը ինքնասպանության քողի տակ են ուզում անցկացնել`«միտումնավոր փաստերն աղավաղելով, իբր թե հանուն հայկական բանակի պատվի գործը քշում են առաջ, նրանք եւս ազգի եւ հայրենիքի դավաճաններ են եւ դրանով ավելի են գցում բանակի պատիվը` արյան ու խայտառակության խարան դնելով բանակի ու նրա ղեկավարության ճակատին: Արյունն ու խայտառակությունը մաքրելու միակ ճանապարհը արդար քննություն անցկացնելն է, որը հենց սկզբից ընթանում է ահավոր թերություններով»: Հ. Հովհաննիսյանը նշում է, իր կարծիքով, նախաքննության խախտումները` մատնահետքեր չեն վերցվել մահացած սպայի մարմնից, աշխատել են առանց ձեռնոցների, տունը, ուր ապրել է` չի կնքվել, խուզարկության ժամանակ չի հայտնաբերվել սպայի օրագիրը, առգրավված իրերի մասին ոչինչ չի ասվել, մարմինը մերկ են ուղարկել Երեւան` չկա համազգեստը, որի վրա բազմաթիվ հետքեր կլինեին. ըստ սպայի մոր` մարմնի ահավոր վերքերը վկայել են, որ սպանությունը ոչ թե հուլիսի 27-ին, այլ ավելի վաղ` հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերն է եղել, եւ մորը տանջում է այն հարցը, թե որտեղ է դրված եղել որդու մարմինը:

Վշտահար մայրը նամակում ծանր խոսքեր է ուղղել պաշտպանության նախարարին` պահանջելով. «...բոլորին կանգնեցնում եք դատարանի առջեւ եւ ոչ թե որպես սովորական մարդասպանների, այլ որպես հայրենիքի դավաճանների, որոնց համար բացի իրենց փորից ուրիշ սրբություն չկա: Հայրենիքի դավաճաններին պատերազմական իրավիճակում գնդակահարում էին»:

Հասկանալի են որդեկորույս մոր մեղադրանքները եւ արդար դատաքննության պահանջը, որն, ի դեպ, ավելի շատ մեր բանակին է պետք. մեղավորների լիարժեք ցուցակի պատասխանատվության ենթարկումը կմաքրի բանակի անունը նրան ուղղվող բազմաթիվ պարսավանքներից:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4