«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2010-09-07 | #162, 2010-09-08 | #163, 2010-09-09


ՇԱԲԱԹ ՕՐԸ ԱՅԼԵՎՍ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Բացառությունը, բացի հանրակրթական դպրոցներից, կարելի է տարածել նաեւ արտադպրոցական հաստատությունների վրա

Այս տարվա օգոստոսին ուժի մեջ մտան Աշխատանքային օրենսգրքում Ազգային Ժողովի կատարած փոփոխությունները: Դրանց մանրամասներին անդրադառնալու առիթ դեռ կունենանք: Այս հրապարակմամբ կցանկանայինք անդրադառնալ միայն կազմակերպությունների եւ աշխատակիցների հանգստյան օրերին առնչվող փոփոխություններին:

Հարկ է նշել, որ կատարվել են նշանակալի փոփոխություններ հօգուտ աշխատողների: Մասնավորապես ամրագրվել է, որ աշխատանքի առավելագույն տեւողությունը պետք է լինի օրական 12, իսկ շաբաթականՙ 48 ժամ, ուժը կորցրած ճանաչելով այն դեպքերը, երբ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքը կարող է հասնել մինչեւ 72 ժամի:

Մեկ այլ փոփոխությամբ էլ բոլոր կազմակերպությունների համար սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթՙ 2 հանգստյան օրով, բացառությամբ հանրակրթական ոլորտի, որի աշխատողների համար կարող է սահմանվել վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգօրյա աշխատանքային շաբաթով: Այս փոփոխությունը որոշակի տարակարծություններ է առաջացրել:

Գործատուները, բնականաբար, ոգեւորված չեն նման փոփոխությունից, քանի որ դա նրանց հնարավորություն չի տալիս շաբաթ օրը աշխատանքի կանչելու աշխատողներին: Աշխատողներն էլ թերեւս գոհ են, որ հանգստյան երկու օր են ունենալու: Սակայն ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ հաճախ լինում են դեպքեր, երբ կազմակերպություններում որոշ աշխատանքային կիսատ մնացած գործեր արվում են շաբաթ օրըՙ մասնակի կամ լրիվ զբաղվածությամբ: Օրենքի փոփոխությամբ դա արդեն հնարավոր չի լինի, իսկ աշխատանքի պետական տեսչությունն էլ առիթը բաց չի թողնի ընկերություններին տուգանելու:

Ինչպես արդեն նշեցինք, շաբաթ օրը կարող է աշխատանքային լինել միայն դպրոցների համար: Սակայն այստեղ խոսքը միայն հանրակրթական դպրոցների մասին է: Նույնը չի վերաբերում երաժշտական, արվեստի, սպորտային դպրոցներին: Վերջիններս նույնպես չեն կարող աշխատել շաբաթ օրերին: Մինչդեռ, միանշանակ է, որ գոնե այստեղ նման հնարավորություն պետք է ընձեռել: Հիմնականում հնգօրյա հանրակրթական դպրոցի աշակերտներից շատերը իրենց նախասիրությամբ հաճախում են նաեւ այս դպրոցները, եւ եթե շաբաթվա մյուս օրերին հոգնածությունը մեծ է, ապա շաբաթ օրը արտադպրոցական պարապմունքներից մեկը լինելու համար լավագույն օրն է: Քանի որ դա հնարավոր չէ, ապա երեխաների մի մասը հրաժարվում է այցելել այդ պարապմունքներին: Եվ արվեստի, երաժշտական, սպորտային դպրոցները կորցնում են իրենց աշակերտներին: Կասկած չկա, որ դա չի բխում ոչ երեխաների, ոչ այդ դպրոցների դասավանդողների, ոչ էլ ընդհանրապես մեր հասարակության շահերից: Ուստի կարելի է օրենքում կատարել եւս մեկ փոփոխություն եւ շաբաթօրյա աշխատանք թույլատրել նաեւ նման դպրոցների համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4