«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2010-09-07 | #162, 2010-09-08 | #163, 2010-09-09


DigiTec Expo-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Ձեր թվային ապագան» խորագրով DigiTec Expo 2010 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: «2005 թվականին, երբ սկսում էինք DigiTec-ը, մեր հիմնական նպատակն էր Հայաստանում ունենալ տարածաշրջանային ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը: Ինչ-որ իմաստով անցյալ տարի դա արդեն հաջողվեց», երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ներկայումս ցուցահանդեսի տարածքների 72 տոկոսն արդեն զբաղեցված է: Մասնակցության հայտ են ներկայացրել 30 ընկերություններ, որոնք են «Նեյշնլ Ինսթրումնեթսը» «Այքան Քոմունիքեյշնսը», «Ինստիգեյթը», «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը», «Սինոփսիս Արմենիան» եւ այլն: Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 60 ընկերություններ, իսկ այցելուների թիվը կհասնի 15 հազարի: Անցյալ տարի DigiTec Expo-ն ունեցել է 12 հազար այցելու: Ցուցահանդեսի հիմնական նպատակներից մեկը այցելուների թիվն ավելացնելն է: «Նաեւ ուզում ենք` այս տարի ցուցահանդեսն առավել շեշտադրի նորաստեղծ ձեռներեցությունը` տեխնոլոգիական ու նորարարական», նշեց Կարեն Վարդանյանը: 6-րդ ամենամյա DigiTec Expo-ի շրջանակներում անցկացվելու է DigiTec Start Up forum, որի ժամանակ նորաստեղծ ընկերությունները ներկայացնելու են իրենց ծառայություններն ու գործունեությունը:

Նորից անդրադառնալով այցելուների թվին` Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ այցելուների 20 տոկոսը կազմում են այլ ոլորտների ղեկավարները, որոնք ցուցահանդեսում լուծումներ են փնտրում իրենց բիզնեսի համար, շուրջ 50 տոկոսը կազմում են ուսանողները, իսկ 30 տոկոսը` մասնագետները: Այս թվերի մեջ, իհարկե, չեն մտնում պատահական այցելուները: DigiTec Expo 2010-ի պլատինե հովանավորը «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունն է: «Յուրաքանչյուր ոլորտ, եթե ուզում է զարգանալ, պետք է հիմնվի տեխնոլոգիայի վրա, իսկ տեխնոլոգիան էլ պետք է ընդգրկի ամենանորարար լուծումներն ու գաղափարները: DigiTec Expo-ն առիթ է տալիս ընկերություններին ու կազմակերպություններինՙ ցուցադրելու իրենց նվաճումներն ու հաջողությունները: Երբ ոլորտը զինված լինի նորարար տեխնոլոգիաներով, արդեն կկարողանա լինել մրցունակ ու առաջատար», ասուլիսի ժամանակ ասաց «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

DigiTec Expo 2010-ի շրջանակներում անցկացվելու են նաեւ հարակից միջոցառումներ: Լինելու են, օրինակ` DigiLife սեմինարների շարք, Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն`«Արմռոբոտիքս», Էլեկտրոնային կառավարում-ֆորում եւ այլն:

Բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելը ցուցահանդեսի կարեւոր նպատակներց մեկն է: Հայաստանյան ՏՀՏ դաշտին ծանոթանալու եւ ուսումնասիրելու համար DigiTec Expo-ն հրաշալի հնարավորություն է:

Այս տարվա ցուցահանդեսի գլխավոր հովանավորը «Դ-Լինկ Ինտերնեյշնլ ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունն է: Արմեն Շահնազարյանը` «Դ-Լինկ Ինտերնեյշնլ ՊՏԵ ԼՏԴ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը, նշեց. «Ովքեր հովանավորել են առաջին ու երկրորդ ցուցահանդեսները, ավելի մեծ ռիսկի են գնացել, քան մենք, որ հովանավորում ենք արդեն կայացած մի միջոցառում, որը հայտնի է ամբողջ տարածաշրջանում»:

DigiTec Expo-ն միտված է նաեւ միջազգային կապերի ընդլայնմանը: Ցուցահանդեսի միջոցով ընկերությունները կարող են ծանոթանալ մեկը մյուսի արտադրանքին, այսինքն` DigiTec-ը ընկերություններին համագործակցելու շատ լավ հնարավորություն է ընձեռում:

DigiTec Expo 2010-ում կահավորված տաղավարի յուրաքանչյուր քմ-ն արժե 45 հազար դրամ: Այս գումարի մեջ են մտնում նաեւ կահավորանքի ու հարակից ծառայությունների (անվտանգության, մաքրության) ծախսերը: 2005 թվականից DigiTec ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, սակայն կառավարության աջակցությունն այս տարի 13-ով նվազել է: Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այս տարի DigiTec-ի անցկացման համար տրամադրել է 10 միլիոն դրամ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4