«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2010-09-07 | #162, 2010-09-08 | #163, 2010-09-09


«ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԸ», ՔԱՂՔԵՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ»

Ժամանակն է դրանցից հրաժարվելու

Այսօր հայկական հարսանիքները վերածվել են խեղկատակության եւ քաղքենիության բարձագույն մակարդակի ցուցադրության: Ներկայիս հարսանիքներում միահյուսված են հայկական հնագույն ավանդույթներն ու եվրոպական ժամանակակից մոտեցումներն ու պատկերացումները, եւ ստացվում է մի խառնուրդ, որից հնության եւ կեղծավորության հոտ է փչում:

Հայկական հարսանիքը սկսվում եւ ավարտվում է ականջ սղոցող տաշիներով. մոտացումն էլ հետեւյալն է. ով ավելի բարձր է գոռում «Տաշիիիիիի, աման, աման-աման, վաաաաաայ, տաաաաաշ», նշանակում է որ նա շատ ուրախ է եւ շատ է սիրում նորապսակներին: Նրանք, ովքեր «տաշի» գոռալու տաղանդով օժտված չեն, հարսանիքից հետո այնպայման արժանանում են նորապսակների դժգոհությանը: Հետո սկսվում է հարսին հագցնելու պահը: Երբ քավորկինը բացում է զաբյուղն ու ցուցադրաբար ներկայացնում` սա մեր հարսի օծանելիքը` ֆրանսիական, սա պայուսակը, կոշիկը... Հետո սկսվում է միքանիժամյա ճամփորդություն` նորապսակաների տուն, եկեղեցի, այգի, զագս եւ եզրափակվում ռեստորանում:

Չկա առավել ցնցող պատկեր, քան երեկոյի ընթացքում խորովածը պարեցնելու տեսարանը, ու որպեսզի քավորը չխայտառակվի, կլորիկ մի գումար է տալիս, որպեսզի խորոված պարեցնողը ափսեն դնի հարսի եւ փեսայի սեղանին: Ցնցումը շարունակվում է, երբ նվերներն են հանձնում: Հանդիսավարը նման բովանդակությամբ տեքստ է կարդում: «Արուս հորաքույրը, նրա ամուսին Լյուդվիգն ու չորս զավակները շնորհավորում են եւ նվիրում ոսկյա մատանի բռլյանտի քարերով»: Հետո գալիս են հարսի պարի հատվածն ու շաբաշի պահը: Թե ներկայացվածներից որո՞նք են հայկականՙ դժվար է ասել: Այդ հարցի պատասխանը դժվարանում է տալ նաեւ ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը : Նա փաստում է` հատուկենտ ավանդույթներ են պահպանվել: Նախկինում հարսանեկան արարողությունը տեւում էր 7 օր: Հինգշաբթի օրը հաց ու գաթա էին թխում, ուրբաթ օրը անասուն մորթում, իսկ շաբաթ եւ կիրակի` ուրախանում:

Ազգրագետը պատմում է, որ նվագախումբը բարձրանում էր տղայի տան տանիք եւ նվագով ազդարարում հարսանիքի լուրը: Նահապետյանը նշում է, որ այդ ավանդույթներն այսօր էլ պետք է պահպանվեն: Թեպետ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է նվագախումբը որեւէ բարձրահարկի գլխին հարսանեկան պարեղանակ նվագելու:

Հարսանեկան արարողության ժամանակ սկեսրուր մայրիկի` նորապսակներին մեղրով հյուրասիրելը խորհրդանշում է քաղցրություն: Ափսե կոտրելով էլ սպանում են չար ոգուն:

«Ափսեն այլ նշանակություն էլ ունի: Ափսեն բերում են հոր տնից եւ կոտրում տղայի տան շեմքին, որպեսզի աղջկա հայացքը հոր տանից կտրվի: Նորապսակների ուսերին լավաշ դնելը խորհրդանշում է հացի լիություն», պատմում է ազգագրագետը:

Նա փաստում է, որ այսօր քավորի դերն ու գործառույթները փոխվել են, եւ նրա ներկայությունն ընդամենը սիմվոլիկա է:

«Նախկինում քավորն էր կապում հարսի գոտին: Նա գոտին պետք է հարսի գլխի վրայով պտտեցներ ու հատակին գցեր, իսկ նորահարսը բարձրացներ: Այս գործողությունը պետք է կատարվի 7 անգամ, այնուհետեւ քավորը հարսի մեջքին է ամրացնում գոտին, ինչը արգասաբերության նշան է»:

Ազգագրագետը պատմում է, որ հայի ինքնության պահպանման համար պետք է ավանդույթները պահպանվեն ու գնահատվեն: Նա խնդրում է զուգահեռներ չանցկացնել իր մտածելակերպի եւ ազգանվան մեջ, եւ հավելում է, որ հարսանիքից հետո «կարմիր խնձորի ավանդույթը» նույնպես պետք է պահպանվի:

«Կարմիր խնձորի արարողությունը վայրենություն չէ, դա հայկական ավանդույթ է, որը պետք է շարունակական լինի, եւ հայի ինքնության պահպանման գրավականն է: Սա հայերին շատ սազական ավանդույթ է, այն արտացոլում է հայ կնոջ ամոթխածությունը, ընտանեկան դաստիարակությունը», ասում է ազգագրագետը, եւ ավելի կամաց տոնով հավելում. «Թեպետ այժմ բժշկական միջամտությամբ հնարավոր է կուսությունը վերականգնել»: Թե այդ դեպքում ի՞նչ կարիք կա ներկայացում խաղալուՙ ազգագրագետը լռում է: Նա վստահ է` կարմիր խնձորի արարողությունը ընտանեկան ճշմարիտ կյանքի սկիզբն է: Թե որքանով է այդ փաստը երջանկացնելու նորապսակներինՙ ազգագրագետը կրկին պատասխան չունի:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4