Մանկության ծառի կերպարով
Ծառերը չեն մեռնում մեր քաղաքում միայն այն պատճառով, որ նրանք ինչ-որ մեկի բիզնեսին խանգարում են, նրանք նախՙ մեր տներում կրակ (ջերմություն) դառնալու համար զոհվեցին, հետո էլ մարդը կրակ դարձավ իրենց գլխին: Հիմա մեր քաղաքում քանի սրճարան, կրպակ ու գարաժ է բուսել նրանց տեղը, ո՞վ գիտի: Միայն տեսնում ենք, որ այս քաղաքում օդը օր օրի ավելի հեղձուցիչ է դառնումՙ վերեւից էլ կրակ է թափվում գլխներիս: Ու դա նաեւ այդպես է, որովհետեւ մի մատ երեխան էլ արդեն նույն անհոգի վայրենին է: Երեխան շատ ուշադիր հետեւում է, թե շուրջն ինչ է կատարվում. հոգեբանները երեւի կբացատրեն, թե ինչու նա իր միջավայրի վատն է հատկապես ընդօրինակում:
«Մարտիկ դյադյան թողել ա»ՙ լկտի հանդգնությամբ, սղոցը ձեռքին 10-12 տարեկան տղան բարբարոսի նախատիպն է մեջն ասես կրում: Առանց վարանելու, ի՜նչ փութաջանությամբ է վրա ընկել ծառին, ու ճյուղերը մեկ-մեկ տնքոցով տապալվում են գետնին: «Մարտիկ դյադյան թողել ա», կրկնում է: «Ո՞վ է Մարտիկ դյադյան»: «Էս ծառի տերն ա», շարունակում է նույն տոնով: «Ինքն ա էս ծառը տնկել, հիմա իրեն խանգարում ա»: Մի քանի գարաժների արանքում խեղդվող ծառը լուռ տնքում էՙ կանաչ-դեղին սիրուն ծաղկաբույլերը գետնին շաղ տված: Կողքին խոշոր, ժանգոտ մետաղաղբամաններըՙ օրնիբուն լեփ-լեցուն ապականում են օդը: Անտեղի է ծառի շուրջը աղմուկով խմբված այս երեխաներին բացատրելը թե ծառն ինչ օգտակարություն ունիՙ հենց իրենց: «Նկարի, չեմ վախենում, անունս էլ Դավիթ է»: «Իսկ որ ծառ կտրելու համար տուգանք է հասնում»: «Զանգում եսՙ զանգի, թաղապետարանում էլ ծանոթ ունեմ»ՙ նույն հանդուգն լկտիությունը եւ որերոդ անցորդ-բնակչի հանդեպ, ովքեր փորձում էին սաստել: (Ոնց որ «Չարի վերջը» կարդալիս լինեմ):
Սղոցված ծառաբոյ ճյուղերըՙ քիչ անց ուղղահայաց դիրքով, բականման տարածքի անկյունային հատվածը ծածկեցին իրենցով. պատսպարան-կացարան դարձան, որտեղից քիչ անց արդեն «տնավորված» տղաների ծղրտոց-աղմուկն է լսվում, իրար հերթ չտալով, մեկը մյուս վրա ձայն բարձրացնելով, գոռգոռալով թուղթ են խաղում:
Այսպես, «մարտիկդյադյաները» բազմանում են մեր շուրջը, ու իր հետեւորդները, հաստատ իրեն գերազանցելու են, ու չզարմանանք, որ հենց դրանցից մեկն ու մեկը մի օր բազմի թաղապետի կամ քաղաքապետի աթոռին: Ու մանկության այս հուշը (դաստիրակությունը), հաստատ, ուղեկցելու է իրեն, գուցե եւՙ գործելակերպի հիմնական լեյտմոտիվ որպես:
Մետրոյիՙ Հանրապետության հրապարակի կանգառում
Երբեւէ չեմ հիշումՙ որեւէ աշխատավայրում տեխնիկական մի աշխատող աշխատանքային ժամերին մաքրություն անի: Դա նրանք անում են ուշ երեկոյան կամ առավոտ կանուխ, եւ սա ընդունված կարգ է, կարծում եմ, ամենուր: Բայց մետրոպոլիտենում այս բանը կարծես չի հարգվում: Ուղեւորների ոտքերի արանքով երեկոյան ուշ ժամերին հատակի մաքրիչ փայտը անպայման պիտի անցնի ու դառնա: Ժամը 22-ից հետո, համենայն դեպս, մաքրող կանայք սկսում են իրենց գործըՙ սոսկալի գլխացավ պատճառող, տհաճ, սուր հոտ արձակող սալյարկայոտված փալասը դես ու դեն տանելով: Մարդիկ սովորել ու չեն նկատում: Բայց անցած ուրբաթ տենիկական աշխատողն ինքն իրեն գերազանցեց: Երկար փայտին մի հսկայական փալաս գցած գնում-գալիս էր, մեկ էլ քիչ մնաց նստարանին նստածներին հարվածեր, վրա քշեցՙ թե ոտքերդ բարձրացրեք», ու նստածներն էլ անակնկալի եկած հրահանգչի տոնից, հլու- հնազանդՙ ոտքերը խմբով մեկ վեր տնկեցին:
Արհամարհա՞նք. տնավարի մոտեցո՞ւմ, թե՞ զզվելի կենցաղի դրսեւորումՙ հասարակական վայրում: Պարզապես տգիտություն:
Վերելակում
Լավ էր, հա՞, երբ կիսաջարդ դռներով, մաշված-վտանգված վերելակն էր մեզ տանում-բերում: Թաղապետական ընտրությո՞ւնն էր պատճառը, թե՞ ոչ, կարեւոր չէ, վերելակը մի օր կարգի բերվեց, նորոգվեց, պատշաճ տեսքի եկավ: Բայց որքան տեւեց. մի օր հատակի ծածկն է դանակով պատառոտված, մի ուրիշ օր լամպը ջարդված-փշրված, հաջորդ օրը դռները չեն բացվում, մյուս օրը պատերն են կրծոտված: Իսկ վերջերս մտնել չի լինում... հոտի պատճառով: Ճարահատ բնակիչները վերելակի պատին գրություն են փակցրել, թեՙ «հաստագլուխ, վերելակը արտաքնոցից չես տարբերում...»ՙ հետն էլ հայհոյանքոտ սպառնալիք ու նաեւ նախազգուշացումՙ թե շարունակվելու դեպքում, վերելակը կանջատվի: Սովորական երեւո՞ւյթ է սա գետնուղիների, շենքի մուտքերի համար, իսկ վերելակների՞: Պատկերացնենք մեզ, մեր դաստիարակությունը, վերաբերմունքը ծառի, վերելակի եւ այլնի նկատմամբՙ քաղաքակիրթ մարդու հայացքով: Ինչի է վերածվում այս ամբոխըՙ ոնց որՙ մետրոյի հավաքարարի փայտին նետած փալաս...
Սրճարանում
Այսպիսին է նաեւ Երեւանը եւ այսպիսինՙ այսպես կոչված երեւանցիները (հին երեւանցիները վիրավորվում են, չեն ընդունում նորեկներին): Բայց արտաքնոցը վերելակից չտարբերողների կողքին կա նաեւ էլիտար հասարակություն, կան մշակված, նույնիսկ ծաղկաշատ վայրեր, ուր աշխատողները, հաստատ, պոլի փայտով ոտքիդ չեն խփում: Շատ վայելուչ ու բարեկիրթ էլ սպասարկում են: Սրանք էլիտար վայրերն են քաղաքիՙ սրճարաններ, ռեստորաններ եւ զվարճանքի այլ տեղեր:
Ամառվա շարունակվող շոգն այս տարի կրակ ու պատիժ է. երեւանցիները իրոք դժվար են դիմանում եւ ծովափնյա քաղաքների բնակիչների պես սկսեցին հագնվելՙ թեկուզ կիսավարտիքներ: Բայց դժվար էր գլխի ընկնել, որ Երեւանում կան սրճարաններ, այն էլ բացօթյա, որտեղ մտնելու հատուկ նորմեր կան, այդ թվում նաեւ հագուկապի: Զարմանալի է, քանի որ առանձնահատուկ վայրի կամ հատուկ հանդիսության մասին չէ խոսքը, այլ բացօթյա սրճարանի, թեկուզեւՙ «Ջազվեի»: Բայց արի ու տեսՙ հյուրերից մեկի կիսավարտիքի պատճառով երիտասարդ այցելուների խմբի մուտքն այս սրճարան չարտոնվեց. մոսկվայաբնակ հյուրը զարմացած էր մնացելՙ ա՜յ քեզ կարգ ու կանոն, ա՜յ քեզ մայրաքաղաք: Այդ էր մնացել ուրիշ մայրաքաղաքների հավասարվեք, ուր մարդիկ գոնե այս հարցում ազատ են
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ