«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2010-09-07 | #162, 2010-09-08 | #163, 2010-09-09


ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐ

Մայիս ամսից սկսած Երեւանում մեկնարկում է փառատոնային կյանքն ու եզրափակվում նոյեմբերին: Երկարաշունչ վերնագրերով մշակութային այդ տարատեսակ փառատոների մի մասն ընդամենը լավ գումար վաստակելու միջոց են եւ հիմնականում չեն նպաստում երկրում մշակութային կյանքի զարգացմանը: Փառատոների միջոցով մշակութային քաղաքականություն իրականացնելու մոտեցումներն են սխալ: Փառատոնային այս քաղաքականությունն արդյունավետ չէ, որովհետեւ դրա կայացման ու զարգացման համար նպաստավոր հիմքեր չկան:

Որ հանրապետությունում անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կամ «Ռե Անիմանիա» անիմացիոն փառատոնը` շատ կարեւոր է եւ արժանի է դրվատանքի, սակայն մինչ նման փառատոների մեկնարկը անհրաժեշտ էր մտաբերել, թե քաղաքում քանի՞ կինոթատրոն կա: Անօրինականության, թողտվության հետեւանքով մայրաքաղաքի կինոթատրոնները դարձան զվարճանքի վայրեր ու տոնավաճառներ:

Երեւանի Հալաբյան 18 հասցեում գտնվող նախկին «Արագած» կինոթատրոնի շենքը նախ վերածվեց բոուլինգ-կենտրոնի: Հետո սեփականատերը հասկացավ, որ հանրությանը ոչ կինո է հարկավոր, ոչ էլ սպորտ, ու կարճ ժամանակ անց կինոթատրոնի տեղում բացվեց առաջավոր եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող ավտոսրահ:

Այսօր միայն միջին սերնդի մարդիկ են հիշում, որ Տիգրան Մեծի փողոցում գործել է «Ռոսիա» կինոթատրոնը: Ասում են` կինոթատրոնի փոքր սրահներում «ցուրտ ու մութ տարիներին» ցուցադրվում էին էրոտիկ ֆիլմեր, ընդ որումՙ անչափահասների մուտքը դահլիճ չէր վերահսկվում: Բայց դա էլ չօգնեց. կինոթատրոնը սեփականաշնորհվեց եւ դարձավ տոնավաճառ: Էրոտիկ ֆիլմերը չօգնեցին նաեւ «Երեւան» կինոթատրոնի պահպանմանը: Այժմ շենքի մի հատվածում դեղատուն է, մյուս հատվածում հագուստ են վաճառում:

Երեւանում այս պահի դրությամբ գործում է 1,5 կինոթատրոն` «Մոսկվան» եւ կիսով չափ գործող «Նաիրին», որի մի հսկայական հատվածը օտարվեց եւ վերածվեց խանութի: Մինչդեռ տարիներ առաջ երեւանցիները կթվեին բազմաթիվ կինոթատրոնների անուններ` «Արագած», «Երեւան», «Հայրենիք», «Անի», «Կոմիտաս», «Հրազդան», «Զվարթնոց»: Այժմ նրանցից որեւէ մեկը չկա:

Դաժան ճակատագրի արժանացան նաեւ մայրաքաղաքի գրախանութները: Ժամանակին Աբովյան փողոցում գտնվում քաղաքի ամենամեծ գրախանութներից մեկը: Տարօրինակ ու անհասկանալի պայմաններում եւ բոլորի աչքի առաջ գրախանութի դարակների վրայից գրքերն անհայտացան ու հայտնվեցին կոշիկներ` խանութն էլ կոչվեց Roberto: Ներկայիս Sil Plaza-ի փոխարեն` Հանրապետության հրապարակի հարեւանությամբ, գործում էր քաղաքի մեծությամբ երկրորդ գրախանութը, որտեղ վաճառվում էին նաեւ դասագրքեր, քարտեզներ ու գրենական պիտույք, իսկ Թումանյան փողոցի գրախանութը նախ դարձավ խաղատուն, իսկ ավելի ուշ վերածվեց SAS սուպերմարկետի: Մեկ միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքում այսօր գեղարվեստական լավագույն գրքերը կարելի է գտնել հրաշքով պահպանված մեկ-երկու գրախանութներում եւ գետնանցումներում: Վերջինում գրքերը թափված են իրար վրա: Այս պատկերից հետո զրոյական նշանակություն ունի, որ Հայաստանը մասնակցում է գրքի միջազգային փառատոների: Այդ փառատոներին մասնակցելու փոխարեն ավելի նպատակահարմար չէ՞ր լինի քաղաքում մի քանի գրախանութ կառուցել, գրադարան վերանորոգել:

Գրքի խնդիրներից խոսելով կարիք կա նաեւ ուշադրություն դարձնելու, թե պետպատվերի շրջանակներում ինչ գրքեր են հրատարակվում: Եթե արդի հայ գրողների 90 տոկոսին մուսան լքել է, ու գրածներն էլ կարդալու բան չեն, ապա ինչո՞ւ են գումար ծախսում եւ տպագրում: Մանավանդ որ դրանք գրախանութներում չեն վաճառվում: Դրա փոխարեն կարելի է տպել հայ, ռուս, արտասահմանյան եւ սփյուռքահայ գրականություն, թարգամանել ժամանակակից արտասահմանյան գրականության լավագույն նմուշները, հայ գրականության լավագույն ստեղծագործությունները թարգմանել օտար լեզուներով: Դա ավելի մեծ օգուտ կբերի հասարակությանը, քան տարեկան տպել մի քանի տասնյակ նոր գիրք, որոնց գոյության մասին վաղը, բացի հեղինակից, ոչ ոք չի հիշելու:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4