Երեկ Երեւանի մետրոյի «Բաղրամյան» կայարանում առավոտյան ժամը 10:30-ից մինչեւ ժամը 13-ը որոշ ժամանակ կայանում չէր իրականացվում` կայարանի լուսավորության էլեկտրական վահանակում կարճ միացման հետեւանքով առաջացած հրդեհի եւ ծխի պատճառով: Նույնիսկ կայարանի աշխատակիցներին տարհանել էին: 6 հրշեջ մեքենա տեղայնացրել են հրդեհի աղբյուրը: Պաշտոնական տեղեկատվությունն ավելի ուշ երեկ հայտնեց, թե ժամը 10:35-ին ոստիկանության` Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության հերթապահ մասում ահազանգ է հնչել, որ Բաղրամյան կայարանում հրդեհ է: Ասվում էր, որ ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման շտաբը եւ 6 հրշեջ մեքենա: Փակվել է կայարանի ելումուտը, անջատվել է էլեկտրական սնուցումն, ու դադարեցվել է կայարանի աշխատանքը:
Պարզվել է, որ կայարանի լուսավորության սնուցման վահանակում, մալուխների կարճ միացման հետեւանքով, ծուխ է առաջացել եւ տարածվել: Իրավիճակը կարգավորվել է կեսօրից մի փոքր անց, եւ բնականոն ռիթմով կայարանը սկսել է աշխատել ժամը 13-ից:
Տեղի ունեցածը զգուշացում է` մետրոյի տեխնիկական վերազինմանը կառավարության ուշադրությունը հրավիրելու:
Մ. Խ.