«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2010-09-08 | #163, 2010-09-09 | #164, 2010-09-10


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ 98-ՐԴՆ Է 139 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն` Հայաստանն իր մրցունակությամբ զբաղեցնում է 98-րդ տեղն աշխարհի 139 երկրների մեջ: Երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը ներկայացրեց 2010-2011 թվականների համաշխարհային մրցունակության զեկույցի արդյունքները: «2010 թվականի այս զեկույցը լույս է տեսել մի ժամանակաշրջանում, երբ համաշխարհային տնտեսությունում տիրում է ճգնաժամի հետեւանքով ձեւավորված որոշակի անորոշություն: Պետական պարտքի կառավարումը բոլոր պետությունների համար դարձել է լրջագույն խնդիր», նշեց Մանուկ Հերգնյանը:

Մրցունակության զեկույցի ուղերձը, ըստ բանախոսի, հետեւյալն է` լրջագույն ուշադրություն դարձնել երկարաժամկետ խնդիրների, մասնավորապես, արտադրողականության ու մրցունակության բարձրացման վրա, ինչն էլ հնարավորություն կտա հետագայում խուսափելու տնտեսական ճգնաժամերի խոր ազդեցությունից: Համաշխարհային մրցունակության զեկույցն իր վերլուծություններն ամփոփում եւ համեմատվող երկրներին դասակարգում է համաշխարհային մրցունակության(ՀԱՄ) ցուցիչի միջոցով; ՀԱՄ ցուցիչը մշակել է Համաշխարհային տնտեսական ֆորումը(ՀՏՖ): Հայաստանում ՀՏՖ-ի գործընկեր կազմակերպությունը «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնն է: Մրցունակության զեկույցի տվյալներով` ինչպես եւ նախորդ տարի, այս տարի եւս Շվեյցարիան զբաղեցնում է առաջին տեղն իր մրցունակությամբ: 2-րդ տեղը զբաղեցնում է Շվեդիան: Սինգապուրը, Միացյալ Նահանգները եւ Գերմանիան եզրափակում են երկրների լավագույն հնգյակը: «Անցյալ տարի այս զեկույցում ներգրավված էին 133 երկրներ, իսկ այս տարի` 139: Անցյալ տարի Հայաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը, այս տարի` 98-րդը», տեղեկացրեց Մ. Հերգնյանը: Վերջինս նաեւ ներկայացրեց Հայաստանի մրցակցային առավելությունների ու թերությունների ցանկը: Հիմնական մրցակցային առավելություններից են աշխատանքի շուկայի արդյունավետ կարգավորումը, հանցագործության եւ ահաբեկչության ազդեցության ցածր մակարդակը բիզնեսի վրա: Անդրադառնալով թերություններին` բանախոսը նշեց, որ Հայաստանն իր հակամենաշնորհային քաղաքականությամբ զբաղեցնում է ամենավերջին տեղերից մեկը` 138-րդը: Ըստ հարցման արդյունքների` Հայաստանում գործարարությանը խոչընդոտող ամենախնդրահարույց գործոններից են կոռուպցիան, հարկային քաղաքականությունը, պետական անարդյունավետ վարչարարությունը եւ այլն:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4