«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2010-09-09 | #164, 2010-09-10 | #165, 2010-09-11


ՀՈԳԵՎՈՐ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ԱՐԳԱՍԻՔ. «ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Նուրբ-զգայական հուզաշխարհ, արտիստիկ խառնվածք, խորքից հորդող իմպուլսիվ խոսքՙ վարակիչ ու հաղորդական. այսպիսին էր իմ զգացողությունը Սարինա Ավթանդիլյանի հետ զրույցից հետո, երբ նա հուզված եւ նույնքան ոգեշնչված պատմում էր իր ղեկավարած «Սպեղանի» երգչախմբի պետերբուրգյան փառատոնի փայլուն մասնակցության մասին: Երգարվեստին անմոռաց նվիրումը, ջերմեռանդությունն ու հավատը նրա կերպարը առանձնացնում են մշակութային տիրող ընդհանրություններից եւ դասում լավագույնների շարքին:

... «Սակավ են ծնվում այնպիսի կենսական երաժշտական խմբեր, ինչպիսին «Սպեղանին» է: Այն բարձրացավ Ղարաբաղյան պատերազմի կրակներիցՙ պատմության բարձրակետում, միավորեց տառապողների ու կորուստ ունեցողների ձայները, եւ դրա մեջ մեծ իմաստ կար: Պատերազմները կավարտվեն, իսկ նահատակների մասին հիշողությունը կմնա: Սարինա Ավթանդիլյանի այս միտքը այժմ դարձել է հոգեւոր ժառանգություն, հայ ժողովրդի պատմության մի մասնիկը: Ամեն ինչ հիասքանչ է այս երգչախմբումՙ ե՛ւ երգիչները, ե՛ւ խմբավարի ոգեւորող վարպետությունը» (Մարգարիտա Ռուխկյան, արվեստագիտության դոկտոր):

Երգչախումբը հաստատապես իր դերն ու տեղն ունի Հայաստանի խմբերգային արվեստումՙ իր երկացանկում ընդգրկված տարբեր դարաշրջանների ու ազգերի ստեղծագործությունների ընտրանիով եւ դրանց ինքնատիպ, անկրկնելի մեկնաբանություններով: Երգչախմբի կատարմամբ վերջերս ձայնագրված Կոմիտասի մշակմամբ Սուրբ Պատարագը ՙ քահանայի եւ սարկավագի երգամասերով, արժանացավ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրհնությանը եւ արվեստաբանների բարձր գնահատանքին:

Արտերկրի (Լիբանան, Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Ռուսաստան) միջազգային բազմաթիվ համերգային շրջագայությունները, փառատոների մասնակցությունը երգչախմբին բերեցին համբավ եւ դափնիներ, լայն ճանաչում համաշխարհային երաժշտական հասարակայնության շրջանում:

Երգչախումբը վերջերս է վերադարձել Պետերբուրգում կայացած Յուրի Ֆալիկի անվան խմբերգային արվեստի միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոնից եւ վերադարձել է փայլուն հաջողությամբՙ արժանանալով փառատոնի Առաջին մրցանակինՙ «Հոգեւոր երաժշտություն» եւ «Ազգային երաժշտություն» անվանակարգերում, իսկ «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգումՙ ժյուրիի սահմանած հատուկ մրցանակինՙ «Մրցույթի պարտադիր ստեղծագործության լավագույն կատարման համար»:

Բարձր գնահատանքի արժանացավ նաեւ երգչախմբի բեմական հագուստըՙ կարված «Լիլիթ» նորաձեւության տանը, դիզայներ Լիլիթ Մարգարյանի մտահղացմամբ: Այդ զգեստը, ասես, գտնված էր հենց «Սպեղանիի» համար, որը վստահություն, թեթեւություն ու քնարականություն է հաղորդումՙ մեղմ-հանդարտ երանգների ընտրությամբ, զգեստի վերնամասում, կաշվի վրաՙ հայկական զարդամոտիվներով: Դա լավագույն լուծումն էրՙ արդիականի, դասականի եւ ազգայինի նրբաճաշակ համադրության: Բեմահարթակում երգչախումբը ներկայացավ այնպիսի գեղեցկությամբ, որով իսկապես կարելի է հպարտանալ:

Պետերբուրգյան թարմ տպավորություններով երգչախումբը օրեր առաջ շատ գեղեցիկ համերգ ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանըՙ Կանադայի խորհրդարանական խմբի պատվիրակությանՙ Հայաստան կատարած այցի առիթով: Հայաստանում Կանադայի հյուպատոսության ուշադրությունից չէր վրիպել երգչախմբի պետերբուրգյան հաջողությունը եւ ցանկություն էր հայտնել ունկնդրելու նրանց: «Սպեղանիի» կատարումների մաքրությունը, մեղեդայնությունը, ձայնի հնչեղ, նուրբ տարածությունը, թատերայնացված կատարումների յուրաձեւերըՙ շարժումների նրբագեղությամբ, վերջապես արտաքին տեսքը, հագուստը ամբողջական էին դարձնում նրանց բեմական կերպարըՙ ներդաշն գեղեցկության մթնոլորտ ստեղծելով դահլիճում: Դա քնարական, եթերային-ոգեղեն մի վիճակ էր, որ պարգեւեցին նրանք հանդիսատեսին: Համերգային բոլոր կատարումները գեղեցիկ էին, բայց հատկապես տպավորիչ էին Ջուլիո Կաչչինիի «Ավե Մարիան» եւ Սերգեյ Եկիմովի մշակմամբ «Ты река ль моя, реченька» ռուսական ժողովրդական երգը, որի հնչողության մեջ զարմանալի պահպանված էր ռուսական ոգին:

Այժմ վերադառնանք պետերբուրգյան փառատոնին «Սպեղանիի» մասնակցության օրերին եւ վերհիշենք այնՙ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սարինա Ավթանդիլյանի վարակիչ ու ներշնչված խոսքերով:

Ռուսական փառահեղ քաղաքի նույնքան հրաշագեղ բեմերից երգչախմբի կատարմամբ հնչեցին հայ, ռուս եւ արտասահմանյան կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններ: «Սպեղանին» ելույթներ ունեցավ քաղաքի գլխավոր համերգասրահներումՙ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի, Պետական կապելլայի, Սուրբ Պողոս-Պետրոս Մայր տաճարում:

«Դա բոլորովին այլ մթնոլորտ էր: Մեծ պատիվ է այդպիսի դահլիճներում ելույթ ունենալ, միաժամանակՙ շատ պատասխանատու: Փառատոնի մասնակից բոլոր խմբերը հրաշալի էին:

Ամեն անգամ բեմ բարձրանալիս, մենք զգում էինք դահլիճի ջերմությունը, որը մեզ ներշնչում էր, ոգեւորում: Դահլիճն ուղղակի թնդում էր ծափերից: Իրոք, անհնար է փոխանցել հայ խմբերգային արվեստի հանդեպ պետերբուրգյան հանդիսատեսի ընդունելության ջերմությունը: Արժե նշել նաեւ, որ Սանկտ Պետերբուրգի կոմպոզիտորների ստեղծագործություններին նվիրված հատուկ համերգը սկսվեց մեր երգչախմբի ելույթով: Կատարումներից տպավորվածՙ դահլիճում նստած մի շարք կոմպոզիտորներ որոշում կայացրին իրենց հաջորդ ստեղծագործությունը նվիրել «Սպեղանիին», պատմում է Ս. Ավթանդիլյանը:

Իսկ փառատոնի գեղարվեստական տնօրեն Սերգեյ Եկիմովը , արտահայտելով իր հիացմունքը, ասել է. «Մեզ համար փառատոնի առանձնահատուկ բացահայտումը «Սպեղանի» երիտասարդական երգչախումբն էր, մանավանդ նրա կատարմամբ Կոմիտասի ստեղծագործությունները: Իսկ Պետերբուրգում ոչ հաճախ եւ գուցե առհասարակ չես լսի Կոմիտաս: Այնքան խորն է այդ երաժշտությունը, որ անմիջապես կլանում է ունկնդրի հոգին: Միեւնույն ժամանակ զարմացրեց երգչախմբի բարձրարվեստ, կատարյալ մեկնաբանումըՙ ռուսական խմբերգերի: Իսկ մրցույթի արդյունքները մեզ պարզապես ապշեցրին» :

Երգչախումբը շրջապատված էր Սանկտ Պետերբուրգի Հայոց եկեղեցու հոգեւոր հայրերի ուշադրությամբ եւ ջերմությամբ: Սանկտ Պետերբուրգի «Ազգերի տանը» կայացավ «Սպեղանիի» համերգըՙ նվիրված տեղի հայ համայնքի կազմավորման 300-ամյակին: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սարինա Ավթանդիլյանը ոգեշունչ շնորհավորական ուղղեց ներկաներին, ուր մասնավորապես այսպիսի խոսքեր կային. «Աշխարհում գեղեցկագույններից մեկը համարվող այս հրաշագեղ քաղաքում, որն իրավամբ համարվում է ռուսական ճարտարապետության եւ, ընդհանրապես, ռուսական պատմության ու մշակույթի մարգարիտը, դարերի միջով մեզ է երկարում նաեւ հայ-ռուսական առնչությունների խոր արմատներ: Սանկտ Պետերբուրգն այն քաղաքն է, որը Պետրոս Մեծի կոնդակով հիմնադրման օրվանից դեպի իրեն է ձգել մեծ թվով հայերի: Սա նշանակում է, որ իբրեւ աշխատասեր ու ստեղծագործ ժողովուրդՙ մենք ցանկալի ենք եղել նոր դարաշրջան բացող ռուս ժողովրդին եւ, փառք Աստծո, այսօր էլ ակտիվորեն մասնակցում ենք այս հրաշալի քաղաքի հասարակական-քաղաքական, մշակութային, գիտական ու ուսումնական կյանքին» :

«Սպեղանիի» պետերբուրգյան փառատոնի մասնակցությունն իրականացավ մասնավորապես տեղի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանի անմիջական աջակցության շնորհիվ, որը նաեւ հետաքրքրական անակնկալ մատուցեց մրցույթի տպավորիչ արդյունքներից հետոՙ կազմակերպելով հրաշալի ուղեւորություն Նեւա գետով:

... Եվ իհարկեՙ ռուսական հին մայրաքաղաքի ճարտարապետության ցնցող տպավորություն. «Պետերգոֆը» շատրվանների մայրաքաղաք է, դա ջրի եւ ոսկու, մարմարի ու բրոնզի, դարավոր ծառերի, որ տնկել էր ինքըՙ Պետրոս Մեծը, զարմանահրաշ համադրություն է: Եվ Էրմիտա՜ժըՙ ռուսական վիթխարի թանգարանՙ ազգային մշակույթի խորհրդանիշը, ճարտարապետական սքանչելի կոթողների համաձուլում, որտեղ պահպանվում են տարբեր քաղաքակրթություններ ներկայացնող արվեստի գլուխգործոցներ» :

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ. 2011-ին լրանում է «Սպեղանի» երգչախմբի հիմնադրման 15-ամյակը: Մաղթենք, որ Սանկտ Պետերբուրգի փայլուն հաջողությունը, որը երգչախմբի հերթական ձեռքբերումներից մեկն է, համեստ նախորդը լինի նրանց հետագա նվաճումների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4