«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2010-09-09 | #164, 2010-09-10 | #165, 2010-09-11


ՀՈԳԵԲԱՆԻՆ ԴԻՄԵԼՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԱՄՈԹԱԼԻ ՉԷ

Ֆոբիաներ ունեցող մարդկանց թիվը միտում ունի ավելանալու: «Ֆոբիաներով մարդիկ սկսել են մեզ ավելի շատ դիմել», երեկ ասուլիսի ժամանակ ասաց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը: Ֆոբիան վախի որոշակի վիճակ է: Ի տարբերություն սովորական վախի` ֆոբիան չպատճառաբանված վախ է: Ռուբեն Պողոսյանի խոսքով` ֆոբիաներն առաջանում են որոշակի հոգեվիճակներում, օրինակ` դեպրեսիաների, սեւեռուն նեւրոզների ժամանակ: Ֆոբիաները նաեւ սոցիալական ծանր պայմանների հետեւանք են, որովհետեւ հաճախ մարդը ծանր հոգեկան վիճակի է հասնում հենց սոցիալական պայմանների պատճառով: Չպատճառաբանված վախերը խանգարում են մարդուն ու գցում նրա կյանքի որակը: «Ֆոբիաներ ունեցող մարդիկ չեն պահանջում զուտ հոգեբուժական միջամտություն: Նրանք ավելի շատ հոգեբանական ու հոգեվերլուծական միջամտության կարիք ունեն», «Արմատ» ակումբում նշեց Ռ. Պողոսյանը:

Սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանի փոխանցմամբ` հասարակության մեջ հիմնականում դրսեւորվում են 2 ձեւի վախեր, հատկապես խոցելի խմբերի մեջ, այսինքն` տարեց, հաշմանդամ, սոցիալապես անապահով մարդկանց, կանանց ու երեխաների շրջանում: Հիմնական վախերից մեկն այն է, որ մարդիկ վախենում են պլանավորել իրենց վաղվա օրը: Այսպիսի վախը կարող է տարածվել ընտանիքի բոլոր անդամների մեջ, աշխատանքային կոլեկտիվներում: «2-րդ հիմնական վախը ակտիվության վախն է: Մարդիկ խուսափում են իրենց դրսեւորելուց: Մենք վախենում ենք հաստատել մեր իրավունքները», ասաց Ա. Ոսկանյանը եւ բացատրեց, որ նման վախի ի հայտ գալը կապված է այն բոլոր անարդարությունների հետ, որոնք կատարվում են հասարակությունում: Սոցիալական աշխատանքում կա ձեռքբերովի անօգնականություն հասկացությունը, երբ մարդը համոզվում է, որ ինքնուրույն ոչինչ անել չի կարող, սա վախ է ինքնուրույնության հանդեպ:

Ռուբեն Պողոսյանը նշեց, որ քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդ տղաները ֆոբիաներ են ձեռք բերում բանակում ծառայելու ժամանակ: Հիմա բանակ գնում են ոչ թե հայրենիքին ծառայելու նպատակով, այլ պարտադրված, որովհետեւ ուրիշ ելք չեն գտնում: «Ծառայության գնալուց առաջ արդեն վախ կա բանակի հանդեպ, որ այնտեղ վատ է լինելու, հիվանդանալու են: Տղաները գնում են ծառայելու անվստահ», ասաց Ռ. Պողոսյանը:

Բանակում ստեղծված բարոյահոգեբանական ծանր պայմանների պատճառով բանակից երիտասարդները զորացրվում են ֆոբիաներով ու տարբեր հիվանդություններով, իսկ ամենացավալին ինքնասպանության դեպքերն են: «Պետք է շրջահայաց լինել ու լրջորեն զբաղվել բանակի խնդիրներով», հավելեց Ռ. Պողոսյանը: Բացի բանակում ծառայելու տարիներից, երիտասարդների մեջ ֆոբիաներ են առաջանում նաեւ քննական շրջաններում: Շատերը երկար տարիներ ապրում են ֆոբիաներով, սակայն համապատասխան մասնագետի չեն դիմում: Նրանք կարծես հարմարվում են իրենց վախերին, ու կպչուն մտքերին:

Բանախոսները նաեւ խոսեցին հոգեբանին եւ հոգեթերապեւտին դիմելու խնդիրների մասին: Չնայած մարդը գիտակցում է իր չպատճառաբանված վախերը, ամաչում դրանցից, նույնիսկ վախենում իր վախերից, բայց հոգեբանին դիմել չի ուզում, ավելի ճիշտ` ոչ թե չի ուզում, այլ ամաչում է: Փոխարենը` իր վախերով ու կպչուն գաղափարներով կիսվում է տան անդամների, ընկերների ու հարեւանների հետ, ինչն ըստ էության չի օգնում նրան: Ֆոբիաներով մարդիկ շատ անգամ իրենց «տարօրիանակ» բողոքներով ու վախերով շրջապատում դառնում են անընդունելի: Հարկավոր է հնարավորինս շուտ դիմել հոգեբանի կամ հոգեթերապեւտի: «Նկատել եմ, որ կանանց օգնելն ավելի հեշտ է, քան տղամարդկանց: Այս հարցերում տղամարդիկ ավելի փակ են», ասաց Ա. Ոսկանյանը: Օրինակ` ամբողջ ընտանիքը գնում է բուժման, բացի հորից, որն ամենից շատ է զգում հոգեթերապեւտի կարիք: Մեկ այլ խնդիր է, որ մարդիկ չեն վստահում հոգեբաններին:«Մենք չունենք բավականաչափ լավ մասնագետներ, որոնց կարելի է վճարել», ավելացրեց Ա. Ոսկանյանը:

Ինչ վերաբերում է հոգեբանական ծառայությունների գներին, սոցիալական աշխատանքի մասնագետի խոսքով` այդ ծառայությունները հասանելի են ե՛ւ շատ աղքատներին, քանի որ կան նրանց օգնող հոգեբանական կենտրոններ, ե՛ւ հասանելի հարուստներին: Խնդիրներ կարող են լինել միջին խավի համար, այնուամենայնիվ Աննա Ոսկանյանի համոզմունքը հետեւյալն է. «Կարեւոր է, որ մարդիկ մասնագետին դիմելու մշակույթ ունենան»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4