«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2010-09-09 | #164, 2010-09-10 | #165, 2010-09-11


ԼՈՍԱՆՋԵԼԵՍՑԻ ՓՈՔՐԻԿ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ

Իննամյա Անահիտ Սարգսյանը , որի ընտանիքը Երեւանից 2006-ին է տեղափոխվել Լոս Անջելես, Los Veliz-ի տարրական դպրոցում արդեն երկու անգամ մրցանակ է ստացել, 2009-ին` առաջին, 2010-ին` երկրորդ: Առաջին մրցանակը «Հարավային Կալիֆոռնիայում ամենակարեւորն ընթերցանությունն է» էջանշանի մրցույթում հաղթելու համար է. երեխաներին առաջարկվել է գունազարդել եւ մակագրել էջանշանները: Անահիտի աշխատանքն ամենալավն է համարվել: Մրցույթն անցկացվում է մի ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի բարելավելու գրագիտության մակարդակը Կալիֆոռնիայում եւ երեխաների համար բացահայտելու հաճույքի համար կարդալու կախարդանքը: Մրցույթի շրջանակում ամեն տարի Կալիֆոռնիայում 210 հազարից ավելի գիրք է անվճար բաժանվում, որպեսզի երեխաների ու նրանց ծնողների համար հիմնվեն տնային գրադարաններ: Էջանշանները վաճառվում են, դրանց գումարից գոյացած միջոցները գնում են կարիքավոր երեխաների համար տնային գրադարաններ հիմնելուն: Իսկ այս տարի արդեն նույն մրցույթը մի փոքր այլ երանգ ուներ` մրցույթին մասնակցող երեխաներին առաջարկվել է տեքստ-մեկնաբանություն գրել էջանշանում պատկերվածի մասին: Ընտրված երեք լավագույն աշխատանքներից մեկն էլի Անահիտինն է եղել, որը ստացել է երկրորդ մրցանակ: Այս մասին նաեւ գրել է «Լոս Անջելես թայմսն» իր այս տարվա մայիսի 30-ի համարում, նշելով, որ տարրական դասարանների երեխաների գրած մեկնաբանություն-շարադրություններից ընտրված երեք լավագույնների մեջ է նաեւ Անահիտ Սարգսյանինը, որը մյուս երկուսի հետ տպագրվել է թերթում: Անահիտի շարադրությունը մի աղջկա մասին է, որը փորձում է փրկել ինչ-որ մեկի կյանքը:

Անահիտը հաճախում է նաեւ կիրակնօրյա հայկական դպրոց, ինչպես նաեւ հայկական պարի դպրոց:

Ինչո՞ւ կարեւորեցինք այս փոքրիկ պատմությունը, որը մեծ տեղեկատվություն չի պարունակում. նախ` հարգեցինք Լոս Անջելեսից «Ազգի» մշտական ընթերցողի` Լիանա Երիցյանի խնդրանքը, հրապարակելով նրա նամակն իր թոռնիկի մասին, եւ երկրորդ, ներկայացրինք փաստորեն մի փոքրիկ պատառիկ Լոս Անջելեսի հայերի առօրյայից: Իսկ հայերն ամենուր նույնն են` սիրում են պատմել իրենց երեխաների հաջողությունների մասին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4