ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Ստամբուլ
Չգիտեմՙ պատահականորեն, թե մտածված, բայց Թուրքիա մտնելու հենց առաջին պահից մեզ համակած զգացումը տհաճության եւ անբարեհաճության խառնուրդն էր, քանզի հենց անձնագրային ստուգումների ժամանակ օդանավակայանի հսկիչ ծառայություներից միգրացիոն հսկիչը Թուրքիա մեկնող հայկական լրագրողական երկու խմբերից չորս լրագրողի անձնագրերը վերցրեց մինչեւ վիզա խփելը եւ հեռացավ դեպի առանձնացված անցակետ, որտեղ արդեն թուրքերն ու մեր լրագրողներն իրար չէին հասկանում, եւ անգամ խոսք էր գնում երկիր մուտք գործելը չթույլատրելու մասին: Հետագա վերլուծություններից այնքան էլ պարզ չդարձավ` տեղի ունեցողը թուրք պաշտոնյայի քմահաճո՞ւյքն էր, մեզ հետ վերեւից վարվելու առի՞թ, թե՞ իսկապես մեր ունեցած նվազագույն գումարները թուրքերին կասկածի առիթ էին տվել, թե մերոնցից այդ չորսը հատկապես անօրինական աշխատանքային միգրանտ են: Այսպես թե այնպես` մեկ ժամի չափ տեւած բուռն տուրեւառից հետո, որին խառնվել էր նաեւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ի վերջո կնճիռը հարթվեց: Այդ ընթացքում Նավասարդյանը հասցրեց սպառնալ, թե հաջորդ օրն իսկ ելույթ է ունենալու Թուրքիայի հեռուստատեսությամբ ու եղածը ներկայացնելու է թուրք հասարակությանը, իսկ թուրք պաշտոնյան սպառնում էր Նավասարդյանին դեպորտ անել: Հավանաբար կիրակի երեկոյան ավարտված սահմանադրական հանրաքվեն էր այդպես «դուխ» տվել թուրքերին` ու իրենք սեփական դռանն իրենց փիղ զգալու առիթը չուզեցին բաց թողնել:
Ի դեպ, մինչեւ հինգշաբթի Ստամբուլում անցկացվում է հայ-ադրբեջանական տարածաշրջանային կոնֆերանս, որտեղ զեկուցումներ են լսվելու, թե ինչպես են լուսաբանվում հայկական եւ ադրբեջանական թեմաները այս երկու երկրների մամուլում, այդ կոնֆերանսին մասնակցություն էին ունենալու «Ինտերնյուզը», Երեւանի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը, «168 ժամ» թերթի խմբագիրը եւ մի շարք այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ: ՀԿ-սեկտորը ներկայացնող եւ հիմնականում լրագրողներով համալրված այս երկրորդ խումբն էր հենց գործող լրագրողների մեր խմբի հետ կիրակի լույս երկուշաբթի գիշերը մեկնում Թուրքիա:
Մեր այցը կազմակերպել են «Հրանտ Դինքի հիմնադրամը» եւ «Հայնրիխ Բյոլլի հիմնադրամը»: Մինչեւ չորեքշաբթի Ստամբուլում ենք լինելու, այդ ընթացքում կհանդիպենք «Անադոլու» գործակալության, «Հաբերթուրք»ի, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրակազմի, «Հրանտ Դինք հիմնադրամի» ներկայացուցիչների հետ:
Սպասվում են այց-հանդիպումներ Կեդրոնական վարժարանի, «Արազ» հրատարակչության, «Ժամանակ» օրաթերթի աշխատակազմերի հետ, չորեքշաբթի հանդիպումներ կլինեն CNN-ի, «Միլիեթ» օրաթերթի լրագրողների հետ, կմասնակցենք Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության արդյունքների ամփոփմանը: Սեպտեբերի տասնվեցին «Թարաֆ» շաբաթաթերթի, պառլամենտի անդամ Ուֆու Կուրասի հետ հանդիպումներ են նախատեսված, որից հետո մեր լրագրողական խումբը կմեկնի Անկարա` պառլամենտի ներկայացուցիչների հետ հանդիպման, մշակույթի ու տուրիզմի նախարարություն այցելություն կա: Շաբաթ օրը Վան եւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի այցելություն է պլանավորված:
Երեկ արդեն հանդիպեցինք «Հայնրիխ Բյոլլի» հիմնադրամի` Թուրքիայի գրասենյակի հետ, զրույց ունենալով հիմնադրամի ծրագրերի, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Ի դեպ, այդ առավոտյան, որ մենք իջանք Ստամբուլ, տեղի էր ունեցել սահմանադրական հանրաքվեն, որի ժամանակ, ըստ պաշտոնական տվյալի, Թուրքիայի բնակչության 58 տոկոսը հավանության է արժանացրել սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Գլխավոր մեխն այդ փոփոխություններում այն է, որ զինված ուժերի դերակատարությունը բավական նվազում է քաղաքական գործընթացների վրա, ռազմական դատարանների լիազորությունների մի զգալի մաս վերցվում են նրանցից: Թուրքիայի վարչապետ Էրդողանը հատուկ ճառով նշել է այս կարեւոր իրադարձությունները խոսելով ժողովրդավարությունից եւ ազատությունից:
Բոլոր դեպքերում` մեր այցի առաջին օրվա առաջին ժամերը Ստամբուլի օդակայանում մեզ հիշեցրին, թե օրենքի առումով այնքան էլ բարեհարմար երկրում չենք, իսկ մեր ոխերիմ «բարեկամի» ավելորդ էմոցիան, հայերի նկատմամբ «վլաստ» բանեցնելու թուլությունը, ցույց է տալիս, որ այս երկիրը դեպի Եվրոպա քայլելու դեռ շատ ճանապարհ ունի անցնելու, որքան էլ Ստամբուլը քարտեզի վրա 80 տոկոսով տեղադրված լինի Եվրոպայի քարտեզի վրա: Հոգին է չարացած ասիացու:
Դա հատկապես երեւաց նաեւ մասնավոր օրինակում. երբ մենք հարցնում էինք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, մարդիկ, այդ թվում` հայերը, կմկմում էին, ձայները գցում փորը եւ խոսում այն մասին, որ իրենք... տեղյակ չեն տեղի ունեցածից: Թուրքիայի քաղաքացուն վախը երբեք չի լքում` քաղաքական թեմաներով հատկապես Հայաստանից եկածի հետ զրուցելու պարագայում:
Հ.Գ.- Ավելի ուշ Բորիս Նավասարդյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ պատմել էր միջադեպը: