Պարզաբանում է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության պետը
Դեռեւս 2008-ի հունիսին Ազգային Ժողովն ընդունեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների մասին» օրենքը, որի հիմնական նպատակն էր օրինականացնել մայրաքաղաքում հազարավոր բնակելի տների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքները, որոնք այդ տներում բնակվում էին տասնյակ տարիներ, բայց զրկված էին դրանք տնօրինելու հնարավորությունից: Օրենքի ընդունումից հետո, երկու տարվա ընթացքում Երեւանում պետական գրանցում են ստացել շուրջ 3000 բնակելի տների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքները, իսկ շուրջ 2500 դեպքում ճանաչվել է քաղաքացիների սեփականության իրավունքը բնակելի տների կառուցման եւ սպասարկման օրինական հողամասերին կից ավել օգտագործվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ:
Թերեւս այս հանգամանքը նկատի ունենալով էլ 2010-ի ապրիլին Ազգային Ժողովը փոփոխություններ կատարեց օրենքում, որը հնարավորություն է տալիս անհատական բնակելի տների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքների վերականգնման վերաբերյալ նորմը տարածել նաեւ Հայաստանի մյուս բնակավայրերի վրա: Այս փաստաթղթի պարզաբանման նպատակով դիմեցինք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ Հակոբ Մարտիրոսյանին:
Ըստ Հակոբ Մարտիրոսյանի, այն անհատական բնակելի տները, բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման ու սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ փաստաթղթերը կամ ամբողջությամբ չեն պահպանվել (չկան ե՛ւ հողահատկացման հիմքերը, ե՛ւ շենք, շինությունների կառուցման վերաբերյալ փաստաթղթերը) կամ պահպանվել են մասնակի (օրինակ` առկա է հողահատկացման մասին որոշումը, սակայն հողամասում կառուցված շենք, շինությունների կառուցման նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտական ակտ կամ նախկինում գույքագրման մարմինների կողմից տրված գույքաթերթ կամ տեխնիկական անձնագրավորման փաստաթուղթ չկա), ճանաչվում են որպես տվյալ գույքը տիրապետողների սեփականություն: Նման դեպքերում գույքային իրավունքների վերականգնման համար պարտադիր պայման է բնակելի տունը մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը կառուցած լինելու հանգամանքը: Բնական է, որ գույքը տիրապետողների սեփականությունը ճանաչվում է, եթե բնակելի տունը եւ օժանդակ շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին եւ չեն առաջացնում սերվիտուտ: Հաջորդը, ինչպես նշեց գույքի գրանցման վարչության պետը, քաղաքացիներին սեփականության իրավունքով տրամադրվող հողամասերի առավելագույն չափին է վերաբերում: Կառավարության որոշմամբ, քաղաքացիներին սեփականության իրավունքով տրամադրվող հողամասերի առավելագույն չափը Երեւանում սահմանվել է 300 քմ-ը, այլ քաղաքային համայնքներում` 400 քմ, իսկ գյուղական համայնքներում` 1000 քմ:
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ օրինական հողամասին կից ավել օգտագործվող հողամասի չափը, օրինակՙ Երեւանում գերազանցում է 300 քմ-ն, ապա այդ մակերեսը գերազանցող չկառուցապատված հողակտորը վաճառվում է օգտագործողին` այդ հողակտորի կադաստրային արժեքով:
Միաժամանակ, Հակոբ Մարտիրոսյանը հայտնեց, որ թեեւ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տների եւ դրանց հողամասերի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը ճանաչվել է օրենքի ուժով, սակայն այդ իրավունքի ձեւակերպման համար որոշակի ընթացակարգ պետք է անցնել: Մասնավորապես, գույքային իրավունքների վերականգնման կամ ավել օգտագործվող հողամասերի նկատմամբ իրավունքների ձեւակերպման համար քաղաքացիները նախ պետք է դիմում ներկայացնեն համայնքի ղեկավարին: Վերջինիս կայացրած որոշումից հետո այն ներկայացվում է կադաստրի պետական կոմիտեի` տվյալ գույքի գտնվելու վայրի տարածքային ստորբաժանում, որտեղ էլ իրականացվում է անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ