Այս տարի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 15-24-ը: Այդ օրերին թատերասեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու ոչ միայն հայ բեմադրիչների ու ռեժիսորների աշխատանքները, այլեւ ուրիշ երկրներից ժամանած թատերախմբերի: «Այս փառատոնի առավելությունը հենց այն է, որ մարդիկ կարող են հաղորդակցվել մյուս ազգերի մշակույթի հետ», երեկ «Հենարան» ակումբում նշեց դերասան Արա Դեղտրիկյանը : Վերջինս որպես գլխավոր դերակատար հանդես է գալու «Մակբեթ» ներկայացման մեջ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում փառատոնը կմեկնարկի «Մակբեթ» ներկայացմամբ, որի բեմադրիչը երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանն է: Բանախոսը տեղեկացրեց, որ «Մակբեթ» ներկայացումը ազգային ակադեմիական թատրոնում հնարավոր է դիտել նաեւ փառատոնից հետո: Ներկայացումը ընդգրկվելու է թատրոնի խաղացանկում: «Մակբեթը» Շեքսպիրի մյուս պիեսների համեմատությամբ` ավելի քիչ է բեմադրվել: Թե այսօր ինչքանո՞ վ են արդիական Շեքսպիրի գործերը, Արա Դեղտրիկյանը նշեց. «Շեքսպիրը մտնում է դասականների մեջ»: Դասական գործերը միշտ էլ արդիական են»: Դերասանի խոսքով` «Մակբեթի» հարցադրումները վերաբերում են ամեն մի հասարակության:
Արա Դեղտրիկյանն անդրադարձավ նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ունենալ-չունենալու անլուծելի խնդրին. «Թատրոնը պետություն է, որը պետք է ունենա ղեկավար, որպեսզի վերջինս իր հետեւից տանի դերասաններին»: Ըստ բանախոսի` ներկայումս թատրոնների համար լրջագույն խնդիր է, որ մարդիկ, այդ թվումՙ երիտասարդները, հեռացել են թատրոնից: «Եթե հետաքրքրական ներկայացումներ լինեն, կարծում եմՙ հանդիսատեսը կամաց-կամաց կվերադառնա թատրոն: Հիմա մատների վրա կարելի է հաշվել հաջողված ներկայացումները», հավելեց դերասանը: Ինչ վերաբերում է հայկական բազմազան սերիալների որակին, Արա Դեղտրիկյանը դրանք միանշանակ վատ չի դիտարկում. «Շատ կարեւոր է, որ սերիալները մարդկանց հնարավորություն են տալիս աշխատելու իրենց մասնագիտությամբ: Ուղղակի պետք է աշխատել սերիալների որակի վրա: Այսօր ֆիլմերը պրոֆեսիոնալիզմի պակաս ունեն»:
Ի. Պ.