Բրիտանական ժամանակակից արվեստի լավագույն նմուշները սեպտեմբերի 11-15-ը կցուցադրվեն Գյումրիի «Style» պատկերասրահում, իսկ սեպտեմբերի 18-25-ը` Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսը կրում է «Տեսնել գույնով» խորագիրը: Հայաստանում ներկայացվելուց հետո «Տեսնել գույնով» ցուցահանդեսը կազմակերպվելու է նաեւ Ուկրաինայում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Հայաստանյան ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են 1960-2007 թվականներին ստեղծված 31 լիթոգրաֆիական եւ մետաքսային տպագրության աշխատանքներ: «Տեսնել գույնով» ցուցահանդեսը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ` Երեւանում բրիտանական դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Աշխատանքներն ընտրված են Բրիտանական խորհրդի հավաքածուից: Բրիտանական արվեստը միջազգայնորեն ներկայացնելու նպատակով Բրիտանական խորհուրդը 1938 թվականից արվեստի գործեր է հավաքում: Սկսելով ընդամենը մի քանի աշխատանքներից` այսօր Բրիտանական խորհրդի հավաքածուն ընդգրկում է շուրջ 8000 աշխատանք եւ համարվում է 20-րդ դարի բրիտանական արվեստի ամենախոշոր հավաքածուներից մեկն աշխարհում:
Ի. Պ.