ՀՅԴ մամլո դիվանից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին Լեհաստանում կայացած «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը» խորագրով համաժողովում Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, խորհրդարանի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնադիր Ֆրանտիշեկ Միկլոշկոն իր ելույթում նշել է. «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը հասկանալու համար լակմուսի թուղթ են Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրքիան 70 մլն բնակիչ ունի, իսկ Հայաստանըՙ 3 մլն: Երկու երկրներում էլ խորհրդարանական համակարգ է հաստատված, իսկ կառավարությունը նշանակվում է ընտրությունների արդյունքում, ընդ որումՙ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ կազմակերպության դոկտրինը հիմնված է ժողովրդավարության եւ հումանիզմի վրա:
Եվ չնայած դրան, հայ-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով փշալար է ձգվումՙ Հայաստանի համար փակելով բոլոր ելքերը: Դա ինձ հիշեցնում է «սոցիալիզմի» դարաշրջանը Չեխոսլովակիայում, երբ նման իրավիճակ էր Սլովակիայի եւ Ավստրիայի սահմանին: Սակայն այն ժամանակ դիմակայության կողմերն էին տոտալիտար Չեխիան եւ ժողովրդավարական Ավստրիան: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկա գաղափարական անտագոնիզմ, այդուհանդերձ, Թուրքիան Հայաստանի նկատմամբ տրանսպորտա-տնտեսական ու քաղաքական շրջափակում է իրականացնում:
Քաղաքականության իմաստն այսօր եւ վաղը լավագույնի համար պայքարելն է, սակայն անցյալը հնարավոր չէ շրջանցել ու մոռանալ: Ես 1990թ. եղել եմ ազատ Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահը, եւ ես եմ անցկացրել երկու բանաձեւերը մեր խորհրդարանումՙ
1. Առաջին բանաձեւով Սլովակիայի խորհրդարանը ներողամտություն էր հայցում Սլովակիայիՙ ազգությամբ հրեա քաղաքացիներիցՙ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սլովակիայից արտաքսվելու համար:
2. Երկրորդ բանաձեւի համաձայնՙ ներողամտություն էր հայցվում ազգությամբ գերմանացի Սլովակիայի քաղաքացիներիցՙ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Սլովակիայից արտաքսելու համար: Մի՞թե սա հանուն ավելի լավ ապագայի կառուցմանՙ անցյալի անփառունակ էջերի հետ քաղաքակիրթ հաշտեցման օրինակ չէ:
Թուրքիան չի կարող հերքել 1915 թ. հայերի ցեղասպանություն իրականացնելու փաստը, չէ՞ որ հայերը ոչնչացվել են իրենց իսկ հողերի վրա, միայն նրա համար, որ հայ են:
Վերջապես ցանկանում եմ անդրադառնալ խորհրդանշական, սակայն կարեւոր մի հարցի: Խոսքը բիբլիական Արարատ լեռան մասին է: Հայերի համար այն իրենց պատմական քրիստոնեական ժառանգության հարցն է: Ե՞րբ է Թուրքիան ազատ մուտքի հնարավորություն տալու դեպի Արարատ: Թույլ տվեք սուր դնել հարցը. հնարավոր չի՞ համարում արդյոք ժամանակակից Թուրքիան Արարատ լեռան վերադարձը հայերին: Դա կլիներ աննախադեպ քայլ ոչ միայն ապագա խաղաղ գոյակցության, այլեւ ամբողջ աշխարհում Թուրքիայի հեղինակության բարձրացման համար»:
Հ. Ա.