«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2010-09-11 | #166, 2010-09-14 | #167, 2010-09-15


ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ըստ հետազոտությանՙ հայ գործարարները համարել են «մենաշնորհները»

Հետաքրքրական տվյալներ են հրապարակված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի իրականացրած «Կոռուպցիան Հայաստանում. Տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների 2009 թ. հետազոտության» մեջ: Հետազոտությունն անդրադարձ է Հայաստանի քաղաքացիների եւ ընկերությունների ղեկավարների կողմից կոռուպցիայի ընկալման, դրա մասին տեղեկացվածության, առավել կոռումպացված ոլորտների կամ հաստատությունների մասին պատկերացումների վերաբերյալ: Այն բավականին ծավալուն է, հետեւաբար անհնար է ամբողջությամբ ներկայացնել մեկ հրապարակման մեջ:

Այս հրապարակմամբ կանդրադառնանք միայն հետազոտության «Տնտեսական վիճակը եւ գործարար միջավայրը Հայաստանում» բաժնին, որտեղ տրված հարցերին պատասխանել են ձեռնարկությունների ղեկավարները: Մասնավորապես, նրանց մեծ մասը բավարարված չէ Հայաստանի տնտեսական իրավիճակով: Նրանց մեծամասնությունը այն գնահատել է կամ «շատ վատ», կամ «որոշակիորեն վատ»: Ավելի կոնկրետՙ հարցվածների 32 տոկոսը կարծում է, որ իրավիճակն այստեղ «շատ վատ» է, իսկ 47 տոկոսըՙ «ավելի շուտՙ վատ»: Միայն 20 տոկոսն է Հայաստանի տնտեսական իրավիճակը գնահատել «ավելի շուտՙ լավ» եւ ընդամենը 1 տոկոսըՙ «շատ լավ»: Սակայն, ըստ գործունեության ոլորտների, գնահատականները որոշակիորեն տարբերվում են: Արդյունաբերության ոլորտի ընկերություններում հարցվածները տնտեսական վիճակը փոքր-ինչ լավ են գնահատումՙ 1-ից («շատ լավ») մինչեւ 4 («շատ վատ») բալանոց սանդղակով միջին գնահատականն այստեղ կազմել է 2,9, առեւտրի եւ ծառայությունների ոլորտումՙ 3,1 եւ 3,2:

Ինչպես ձեռնարկություններում, այնպես էլ տնային տնտեսություններում հարցվածները Հայաստանի ամենալուրջ հիմնախնդիր համարել են գործազրկությունը: Երկրորդ ամենալուրջ խնդիր նշել են «ընդհանուր տնտեսական խնդիրները»: Ընդ որում, առավելապես ձեռնարկություններում հարցվածներն են այս պատասխանը տվել, իսկ երկրի առջեւ ծառացած ամենալուրջ հիմնախնդիրների շարքում երրորդ տեղը հավասարապես կիսում են «աղքատությունը» եւ «կոռուպցիան»:

Կոնկրետ գործարար միջավայրի վրա ազդող եւ երկրի տնտեսական զարգացմանը խոչընդոտող խնդիրներից, 7 բալանող սանդղակով, հարցված գործարարները ամենաբարձր խոչընդոտ նշել են «մենաշնորհները»ՙ 5,9 բալ: Այնուհետեւ գալիս են «կոռուպցիան», «ֆինանսատնտեսական ճգնաժամը», «անկայուն եւ հակասական հարկային օրենքները»:

Տոկոսային առումով բիզնեսի զարգացման խոչընդոտների պատկերը հետեւյալն է: Որպես «շատ լուրջ» խոչընդոտ հարցվածների 61 տոկոսը նշել է «մենաշնորհները», 50 տոկոսըՙ «կոռուպցիան», 43 տոկոսըՙ «ֆինանսատնտեսական ճգնաժամը», 40 տոկոսըՙ «անկայուն եւ հակասական հարկային օրենքները եւ համակարգերը», 31 տոկոսըՙ «տնտեսական քաղաքականության անկայունությունը»ՙ 35 տոկոսը, «զեղծարարությունը» եւ այլն: Ամենաքիչ ազդող խոչընդոտ նշել են «ընկերություն հիմնելու օրենքով նախատեսված ընթացակարգերը»ՙ 6 տոկոս:

Հարցվածների 71 տոկոսը պատրաստակամություն է հայտնել վճարելու իրենց ընկերության եկամտի որոշ մասըՙ բիզնեսի զարգացման խոչընդոտները վերացնելու համար: Հարցվածների մոտ մեկ հինգերորդըՙ 22 տոկոսը, ասել է, որ բիզնես միջավայրի ամենակարեւոր խոչընդոտը վերացնելու համար կվճարի ընկերության ամսական եկամտի ավելի քան 10 տոկոսը: Կոռուպցիան վերացնելու համար որոշ չափով վճարելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 66 տոկոսը:

Վերջում թերեւս արժե անդրադառնալ գործարար միջավայրին առնչվող մի խնդրի, որի մասին գործարարները հավանաբար չեն ցանկացել խոսել, իսկ հարցումը կազմակերպողներն էլ չեն ընդգրկել: Խոսքը Հայաստանի գործարար միջավայրին բնորոշ անլրջությանն ու պայմանավորվածությունները խախտելուն է վերաբերում: Զարգացած շուկայական երկրներում գործարարների միջեւ բանավոր պայմանավորվածությունն արդեն իսկ իրավականի նշանակություն ունի, իսկ Հայաստանում անգամ կնքված գործարքը երաշխիք չէ, որ դրա պայմանները ճշտությամբ կկատարվեն: Եթե զարգացած երկրներում որեւէ գործարարի մտքով էլ չի անցնի պայմանավորվածության եւ առավել եւս գործարքի կանոնները փոխել գործարքի իրականացման պահին, ապա Հայաստանում դա, ցավոք, անգամ զարմանք չի առաջացնում: Երեւի չարժե մանրամասնել այլ բացասական դրսեւորումներիՙ փոխադարձ վճարումների անհարկի ձգձգումների, գործընկերոջն անպայման ինչ-որ հարցում խաբելու եւ մեր գործարար իրականությանը բնորոշ այլ երեւույթների մասին: Սակայն դրանք կան եւ հաստատ պակաս չեն ազդում Հայաստանի գործարար միջավայրի վրա եւ խոչընդոտում տնտեսության զարգացմանը, քան վերոնշյալ հետազոտության մեջ նշված գործոնները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4