«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2010-09-11 | #166, 2010-09-14 | #167, 2010-09-15


ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ

Դսեղ էին եկել Մեծ Լոռեցու ժառանգներից 20-ը

1969-ից 41 տարի անց Դսեղումՙ Հովհաննես Թումանյանի հյուրընկալ հարկի տակ կրկին հավաքվեցին նրա սերունդներըՙ 23 ուղիղ ժառանգներից 20-ը: «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի ջանքերի շնորհիվ նրանք հայրենիք էին եկել Սանկտ Պետերբուրգից, Եկատերինբուրգից, Դանիայից, Գերմանիայիցՙ մասնակցելու ուխտագնացությանըՙ նվիրված ամենայն հայոց բանաստեղծին ու եւս մեկ անգամ հաղորդակից դառնալու իրենց մեծ պապի գրական ու հոգեւոր ժառանգությանը: Ուխտագնացությունն սկսվել էր Թբիլիսիիցՙ Խոջիվանքից, ուր հանգչում է Հովհ. Թումանյանի դին: Նրա գերեզմանը սրբատեղի է շատ հայերի համար: Ժառանգների այցը Խոջիվանք մեծ հուզմունք էր պատճառել տեղաբնակներին:

Ուխտագնացության վերջին հանգրվանը հայրենի տունն էրՙ Դսեղը, ուր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի մոտ սեպտեմբերի 11-ին, «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ մեծամասշտաբ միջոցառում էր կազմակերպվել: Մեծ բանաստեղծի երկու թոռնուհուՙ Իրմա Սաֆրազբեկյանի եւ Սուրմա Թումանյանի գլխավորությամբ հարազատները ծաղկեփնջեր եւ ծաղկեպսակներ դրեցին այն հուշարձանին, ուր ամփոփված է Թումանյանի սիրտը: Իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը :

- Բոլորս հոգու ծարավով պարտավոր ենք գալ այս սրբավայրը մեր ծարավը հագեցնելու, կատարելու պոետի պատգամները, խորհուրդները: Բարի գալուստ նրա ժառանգներին, ուժ ու կորովՙ պահպանելու այն մասունքները, որ Թումանյանը ողջ մարդկությանն է պատգամել,- ասաց Սեպուհ սրբազանը:

- Ամեն անգամ այստեղ գալովՙ համոզվում ենք, որ իրապես այս վայրը սրբատեղի է, քանզի Թումանյանի ստեղծագործությունները տալիս են այն կենսավետությունը, որով առաջնորդվում ենք կյանքում: Այն համամարդկային արժեքները, որ ստեղծել է Թումանյանը, համայն մարդկությանն են պատկանում,- իր ողջույնի խոսքում ասաց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը :

Նախաձեռնության նպատակը ներկայացրեց Սերգո Երիցյանը : Նա խոստովանեց, որ մեծ ջանքեր են պահանջվել իրագործելու այն մտահղացումը, որն ի վերջո հաջողվել է իրականություն դարձնել: Ի դեպՙ Թումանյանի կրտսեր ժառանգներից շատերը երբեւէ չէին եղել Հայաստանում, փոքրերն անգամ չէին հաղորդակցվում մայրենի լեզվով:

- Սա սովորական հանդիսություն չէ, այլ ուխտագնացություն, որի միջոցով Թումանյանի ժառանգները հաղորդակից դարձան այն սուրբ մասունքներին, որոնք թանկ են յուրաքանչյուր հայի համար,- ասաց միության նախագահը:

Ողջույնի խոսք ասաց, Թումանյանին եւ Լոռվա բնաշխարհին նվիրված իր բանաստեղծությունը կարդաց բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը :

Ներկաներին եւ միջոցառման կազմակերպիչներին ողջունեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը : Նա նշեց, որ Երեւանը 2012-ին հայտարարվել է «Գրքի միջազգային մայրաքաղաք», եւ հույս հայտնեց, որ, օգտվելով այս բացառիկ հնարավորությունից, «Լոռվա Ձոր» միությունը պետության աջակցությամբ կնախաձեռնի իրականացնելու պոեզիայի միջազգային փառատոնՙ նվիրված Թումանյանին:

Հուզմունքով ու խորին երախտագիտությամբ իրենց խոսքը հղեցին Սուրմա Թումանյանը , ով ապրում է Սանկտ Պետերբուրգում ու մասնագիտությամբ բժիշկ է, եւ բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանը :

- Սա մի երազ է, մի ցնորք է ինձ համար, որ այսօր այստեղ եմ: Ճակատագրի բերումով ծնվել եմ այլ քաղաքում, ապրել տարբեր քաղաքներում, սակայն մշտապես շնչել եմ թումանյանական օդով: Իմ թոռներից ու ծոռներից շատերն առաջին անգամ են այստեղ, եւ հուսով եմ, որ դա կօգնի նրանց հոգեպես հարստանալու ու իրենց հայ զգալու,- ասաց Սուրմա Թումանյանը:

Իրմա Սաֆրազբեկյանը ցավով նշեց, որ Թումանյանի հինգ թոռներից մնացել են միայն իրենքՙ երկուսը: Նեկտարը , Անահիտը եւ Նադեժդան, ովքեր 1969-ին պոետի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը դարձյալ Դսեղում են եղել, այժմ չկան, սակայն ներկա են նրանց ժառանգները:

Նա թանգարանին հանձնեց Նվարդ Թումանյանի կողմից իրեն հանձնված փոքրիկ հարմարանքըՙ սկուտեղի տեսքով, որտեղ Հովհ.Թումանյանը պահել է իր գրիչներն ու մատիտները եւ մի քանի փաստաթղթեր: Նա նշեց, որ ժառանգներից միայն ինքը եւ Սուրմայի դուստր Անահիտն են բանասերներ դարձել, մյուսներն ընտրել են մասնագիտություններ բնագիտական ուղղվածությամբ, եւ հույս հայտնեց, որ Անահիտը կշարունակի իր գործը:

Ողջույնի խոսք հղեցին նաեւ Երեւանի հյուսիսային համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը եւ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի կողմիցՙ տողերիս հեղինակը.

- Մենքՙ լոռեցի գրողներս, առավել մեծ պարտավորություն ունենք ու հպարտ ենք, որ ապրում եւ ստեղծագործում ենք այն տարածաշրջանում, ուր ապրել եւ ստեղծագործել է Հովհաննես Թումանյանը:

Բոլոր երիտասարդների անունից միջոցառման նախաձեռնության համար շնորհակալություն հայտնեց «Միասին» երիտասարդական շարժման ընդհանուր համակարգող Գեւորգ Վարդանյանը :

Ինչպես նշվեց, նույն օրը, այս տարի արդեն երկրորդ անգամ, մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիում, որին մասնակցեց 12 գեղանկարիչ: Սիմպոզիումի խորագիրըՙ «Լոռվա Ձորում», ենթադրում է, որ գեղանկարներն ստեղծվելու են Լոռվա գեղատեսիլ բնաշխարհում: Նկարիչները կստեղծագործեն Ահնիձորում, Լորուտում, Շամուտում, Քարինջում, Թումանյանում, Օձունում, Հաղպատում, Սանահինում եւ Դսեղում: Այս տարի այն նվիրված կլինի Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակին: Ի դեպ, նախորդ տարի անցկացված սիմպոզիումի արդյունքում անհատական ցուցահանդեսով է ներկայացել միայն ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը : Նա նույնպես իր ողջույնի խոսքը հղեց միջոցառման կազմակերպման առթիվ:

- «Լոռվա Ձորում» խորագիրը կրող ցուցահանդեսով ես իմ պարտքը կատարեցի Թումանյանի առջեւ: Պարտք ունեմ կատարելու նաեւ Հրանտ Մաթեւոսյանի առջեւ,- ասաց նա:

Ս. Երիցյանը հայտնեց, որ նախորդ տարվա եւ այս տարվա սիմպոզիումի գեղանկարչական աշխատանքներով մեծ ցուցահանդես կկազմակերպվի, որը դարձյալ կունենա մեկ ընդհանուր խորագիրՙ «Լոռվա Ձորում»:

Միջոցառումը հագեցած էր նաեւ գեղարվեստական համարներով: Թումանյանի կերպարը մարմնավորել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը: Թումանյանի գործերից կարդացին նաեւ Ջիվան Սարգսյանը, որը վարում էր ողջ հանդիսությունը, Հռիփսիմե Սարգսյանը, Լիանա Զուրաբյանը եւ ուրիշներ: Երգերի կատարումներով հանդես եկան Ստեփան Դալլաքյանը, Հենրիկ Սիմոնյանը, Երեւանի օպերային թատրոնի մեներգչուհի, «Անուշի» դերակատար Արմենուհի Մեհրաբյանը, «Մոսիի» մեներգը կատարեց Մհեր Մելիքյանը: Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները հանդես եկան «Լինում է, չի լինում» կամ «Հեքիաթին հյուր» ներկայացմամբՙ գրված Թումանյանի հեքիաթների մոտիվներով: Հանդես եկան նաեւ Վանաձորի եւ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտների ուսանողները, անհատ կատարողներ:

Օրը հիրավի տոնական էր: Միջոցառմանը, բացի գրողներից, արվեստագետներից, մասնակցում էին հարյուրավոր հյուրեր մարզի եւ հանրապետության տարբեր բնակավայրերից: Թումանյանի ժառանգները, Ս. Երիցյանի եւ մյուս հյուրերի հետ բակում շուրջպար բռնեցին:

Վերջում Մեծ Լոռեցու հյուրընկալ հարկի տակ թումանյանական հյուրասիրություն կազմակերպվեց, որին մասնակցեցին բոլոր ներկաները:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4