«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2010-09-14 | #167, 2010-09-15 | #168, 2010-09-16


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

Որտեղ կարեւոր որոշումներ են ընդունվելու

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին , որ Հայաստան է ժամանել մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող տարերային աղետների հետեւանքների վերացման «Արմենիա-2010» դաշտային վարժանքին: Այս մասին հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամկետն առաջիկայում ավարտող պարոն Սիմոնսին` ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության զարգացման գործում անձնական ներդրման, երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին ՆԱՏՕ-ի աջակցության կարեւորությունը եւ նշել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2009թ. փուլը դրական է գնահատվել նաեւ բարեփոխումների տեսանկյունից: Նախագահը գոհունակությամբ է խոսել քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին եւ ասել, որ «Արմենիա-2010» դաշտային վարժանքի հաջող անցկացումը արդյունավետ համագործակցության լավ օրինակներից է: Ըստ հանրապետության ղեկավարի, նման վարժանքները սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող Հայաստանի համար չափազանց կարեւոր եւ արդիական են: «Կարծում եմ, «Արմենիա-2010» վարժանքը մեծ օգտակարություն կունենա ճգնաժամերի արձագանքման մեխանիզմների գործնական կիրառման, արտակարգ իրավիճակներում համագործակցության բարելավման գործում», նշել է Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Սիմոնսի խոսքով` Հայաստանում անցկացվող դաշտային վարժանքը շատ լավ է կազմակերպված, ինչը, նրա հավաստմամբ, երկկողմ արդյունավետ աշխատանքի արդյունք է: «Քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորումը մեր համագործակցության կարեւոր ոլորտներից մեկն է: Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում դրան, ինչի վկայությունն այս վարժանքն է: Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մյուս շրջափուլի ժամանակ, կարծում եմ, կշարունակենք այս կարգի միջոցառումներ իրականացնել: Ցանկանում եմ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` Աֆղանստանում եւ Կոսովոյում մեր խաղաղապահ գործողություններին օժանդակելու համար. եւ այդ կապակցությամբ, շատ կարեւոր կլիներ Ձեզ տեսնել Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որտեղ կարեւոր որոշումներ են կայացվելու հետագայի վերաբերյալ», ասել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4