Մի շարք օրենքներում կառավարության կողմից երեկ հավանության արժանացած փոփոխություններով ընկերությունների հիմնադրման գործընթացը պարզեցվում է եւ սահմանափակվում միայն մեկ կառույցովՙ արդարադատության նախարարության պետական ռեգիստրով: Ներկայացնելով այս փոփոխությունները լրագրողներին` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ էապես պարզեցվելու է ընկերության ստեղծման համար գործող ընթացակարգը: Մասնավորապես, պետական ռեգիստրում, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու կամ անհատ ձեռնարկատեր դառնալու համար դիմողներից այլեւս չեն պահանջելու այն փաստաթղթերը, որոնք ոչ թե քաղաքացու իրավասության տակ են, այլ մեկ այլ պետական կառույցի: Անհրաժեշտության դեպքում պետական կառույցները միմյանցից կստանան այդ տեղեկությունները:
Հաջորդ կարեւոր փոփոխությունն այն է, որ պետռեգիստրում այլեւս չեն ստուգելու գրանցման համար ներկայացված ընկերության կանոնադրությունը: Եթե այդ կանոնադրության մեջ լինեն օրենքին հակասող դրույթներ, ապա գործելու է օրենքը: Իսկ նրանց համար ովքեր չեն կարող ներկայացնել կանոնադրության, առաջարկվելու է կանոնադրության օրինակելի ձեւ, որն այժմ մշակվում է:
Ընկերություն հիմնադրողին առաջարկվելու են նաեւ ֆիրմային անվանումների տարբերակներ, որոնցից նա կարող է ընտրություն կատարել, բայց կարող է նաեւ այլ անվանում ընտրել, միայն թե չկրկնվի արդեն գործող ընկերության անվանումը:
Արդարադատության նախարարը հայտնեց նաեւ, որ պետռեգիստրի նոր կառուցվող շենքն այնպիսին է լինելու, որ շփում տեղի չունենա պաշտոնյաների հետ: Շենքի առաջին հարկում օպերատորները միայն ընդունելու են փաստաթղթերը դիմողներից:
Եվ վերջապես պետռեգիստրի կողմից նորաստեղծ ընկերությանը կտրվի նաեւ հարկային հաշվեհամարը: Այսինքն, ընկերության հիմնադիրն հարկային հաշվեհամար ստանալու համար այլեւս չի դիմի պետեկամուտների կոմիտե:
Այս ամբողջ գործընթացը տեղի կունենա մեկ օրում, եւ ըստ Գեւորգ Դանիելյանի, կիրագործվի 2011-ի հունվարի 1-ից:
Նշենք նաեւ, որ ընկերությունների հիմնադրման երկար ժամկետի հետ կապված խնդիրը բազմիցս բարձրացրել ենք մեր թերթում եւ ներկայացրել այդ գործընթացում առկա քաշքշուկները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ