«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2010-09-15 | #168, 2010-09-16 | #169, 2010-09-17


ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ-Ի ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հեռավոր Ամասիայի բնակիչները ձգտում են հետ չմնալ ժամանակակից կյանքից. նրանք դժգոհում են, երբ լսում են «Ամասիան քարտեզից դուրս է» արտահայտությունը: Ամասիա համայնքը մտնում է Շիրակի մարզի մեջ, սահմանամերձ է Թուրքիային: Չնայած դժվարին պայմաններին` համայնքի բնակիչներն ապագային նայում են լավատեսորեն եւ պայքարում լավ կյանքի համար:

Ամասիայի խնդիրներին իրազեկ է Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ): «Հասարակական կազմակերպությունները (ՀԿ) եւ կուսակցությունները պետք է կանգնած լինեն գյուղացիների կողքին: Առաջինն այս կազմակերպությունները պետք է օժանդակեն մարդկանց, մշտապես շփվեն նրանց խնդիրներին: ՀԿ-ները պետք է զարգացած լինեն, որպեսզի կարողանան օգնել մարդկանց: Որքան հզոր ու զարգացած են ՀԿ-ները, այնքան հզոր է պետությունը, քանի որ պետությունը հենվում է հենց այս կազմակերպությունների վրա», ասում է Արմենական-ՌԱԿ-ի վարչության անդամ, «Զապել Եսայան» կանանց ակումբի ատենապետուհի Գայանե Մուրադյանը :

Որքան էլ ցավալի է, հեռավոր գյուղերի շատ բնակիչներ ձգտում են հեռանալ հայրենի գյուղից. պատճառը սոցիալական ծանր պայմաններն են: «Հարկավոր է աջակցել գյուղական համայնքներին, որպեսզի դրանք չկազմալուծվեն: Եթե չօգնենք գյուղացիներին, ապագայում կունենանք անպաշտպան գյուղեր: Առանձնակի ուշադրության են արժանի սահմանամերձ գյուղերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն», նշում է Գայանե Մուրադյանը: Առաջնորդվելով հենց այս սկզբունքներով` «Զապել Եսայան» ակումբն իրականացնում է «Խաղալիքներ երեխաներին» բարեգործական ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներին: Բարեգործական ակցիայի մեկնարկը եղել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում` գրեթե 2 ամիս առաջ: Բարեգործական ծրագրի մասին կանանց ակումբը հայտարարություն է տվել: Դրանից հետո մեծ թե փոքր, ծանոթ թե անծանոթ խաղալիքներ են տանում կուսակցության գրասենյակ, ձգտում գոնե այս ձեւով օգնել սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներին:

Բարեգործական երկրորդ ակցիան տեղի ունեցավ Ամասիա համայնքում սեպտեմբերի 14-ին: Կանանց ակումբի հանգանակած խաղալիքները բաժանվեցին «Նանե» խմբակի երեխաներին: Այս անգամ նախադպրոցական տարիքի երեխաները` 27 հոգի, բացի խաղալիքներից, ստացան նաեւ դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ ու այբբենարաններ, որոնք գնվել էին Արմենական-ՌԱԿ-ի աջակցությամբ: Այսօրվա դրությամբ` «Նանե» խմբակում ընդգրկված են 3-5 տարեկան 27 երեխաներ: «Ուրախ ենք, որ այս այբբենարաններով են երեխաները սկսելու իրենց տառաճանաչությունը», ասում է Գ. Մուրադյանը, ապա ընդգծում. «Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն կիրթ, գիտելիքներով զինված: Այսպիսի քաղաքացիներ են պետք մեր հասարակությանը»:

«Նանե» խմբակը ստեղծվել է «Ամասիայի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ու կամավորների օգնությամբ: Ժամանակին Ամասիա համայնքն ունեցել է մանկապարտեզ, բայց հետո փակվել է: Մանկապարտեզի շենքը հիմա վերականգնվում է եւ ապագայում վերաբացվելու է: Մինչ կլուծվեին մանկապարտեզի նորոգման խնդիրները, Մերի Մելիքյանը` «Ամասիայի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահը, որոշել է բարեգործական աշխատանք սկսել: «Գտանք կամավորների, որոնք համաձայնեցին աշխատել երեխաների հետ: Քանի որ մեր կենտրոնը բարեգործական է, ուզում էինք, որ այստեղ նաեւ երեխաներ այցելեին: Առաջարկեցինք ծնողներին, եւ նրանք համաձայնեցին այստեղ բերել երեխաներին: Այդպես էլ ձեւավորվեց «Նանե» մանկական խմբակը», պատմում է Մերի Մելիքյանը: 2006 թվականին խմբակն ընդամենը 4-5 երեխա է ունեցել եւ 2 կամավոր, որոնք աշխատել են երեխաների հետ: «Մեր կամավորները մանկավարժի փորձ ունեին, նախկինում աշխատել էին դպրոցում», ասում է Մերին: Ներկայումս երեխաների հետ աշխատող կամավորները հիմնականում երիտասարդներ են: Նրանք կազմակերպում են ուսուցողական խաղեր ու հանդեսներ, դպրոց գնալուց առաջ պատրաստում նախադպրոցական տարիքի երեխաներին: Մերին հպարտորեն նշում է, որ «Նանե» խմբակի երեխաները դպրոցում ավելի ակտիվ են ու լավ են սովորում, քան նրանք, ովքեր չեն եղել խմբակում: «Նանե» խմբակը ո՛չ մսուր է, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ էլ դպրոց: Այն ստեղծվել է անհատների նվիրված աշխատանքի շնորհիվ: Մսուրից ու մանկապարտեզից ոչ պակաս երեխաներն այստեղ դաստիարակվում են, խաղում ու շփվում իրար հետ:

«Ամասիայի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ն ձեւավորվել է 2004 թվականին: Հիմնադիրը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն (ԲՀԿ) է: ՀԿ-ն պետական գրանցում է ստացել 2006 թվականին: Զարգացման կենտրոնի առաքելությունն է նպաստել Ամասիայում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանն ու համայնքի զարգացմանը: ՀԿ-ն իր գործունեությունը ծավալում է Ամասիայի մարզադպրոցի շենքում, որը վերանորոգել է «Հայկական Կարիտասը», հենց այստեղ են հավաքվում «Նանե» խմբակի երեխաները: Զարգացման կենտրոնը կազմակերպում է նաեւ կինոդիտումներ, զբաղվում ծերերի խնամքով: Մերի Մելիքյանն ասում է, որ ծնողներից ամեն ամիս ընդամենը 1000-ական դրամ են վերցրել: «Հիմա գումարի չափն ավելացրել ենք, դարձրել ենք 2500 դրամ: Այդ գումարը ծախսում ենք, օրինակ` մաքրության աշխատանքների վրա, ուզում ենք վճարել դայակին: Ճիշտ է, կամավորները նվիրված են աշխատում, բայց մեզ նաեւ դայակ է հարկավոր», տեղեկացնում է Մերին: Ծնողների տված գումարներով Մերին ու կամավորները որոշել են խաղալիքներ գնել երեխաների համար, որովհետեւ խմբակը խաղալիքների պակաս է ունեցել: Մերին ուրախությամբ ասում է, որ հիմա այդ գումարը կծախսեն այլ նպատակների համար: «Զապել Եսայան» ակումբի հանգանակած խաղալիքներն իրապես տեղին էին ու անհրաժեշտ:

«Ուրախալի է, որ որեւէ կազմակերպություն կամ կենտրոն ուշադրություն է դարձնում ծայրամասային համայնքներին ու գյուղերին», ասում է «Ամասիայի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի ծնողական խորհրդի նախագահ Էմիլ Խաչատրյանը, ապա հավելում. «Այդ կազմակերպությունները գուցե 1-2 գրիչ են բերում, բայց կարեւորն այն է,որ մարդիկ իրենց հետ բերում են նաեւ ջերմություն ու բերկրանք»:

Երեխաները մեծ ոգեւորությամբ ընդունեցին նվերները: Հետո հանդես եկան պարային փոքր կատարումներով` այս կերպ հայտնելով իրենց շնորհակալությունը:

«Երեխաները պետք է ապահովված լինեն իրենց համար անհրաժեշտ իրերով, ինչին հասնելու համար հարկավոր են ընդամենը հոգատար վերաբերմունք եւ ուշադրություն», այսպիսի կարծիք հայտնեց Գայանե Մուրադյանը:

Շիրակի մարզը մյուս մարզերի համեմատությամբ սոցիալապես թերեւս ամենածանր վիճակում է: «Արմենական-ՌԱԿ-ի նպատակներից էՙ աշխատել մարզերի հետ եւ օգնել կարիքավորներին: Կուսակցությունն իր աշխատանքը սկսել է մարզային այն տարածքներից, որոնք թույլ տնտեսական զարգացման փուլում են», տեղեկացնում է Արմենական-ՌԱԿ վարչության անդամ, «Արմենական» ակումբի ատենապետ Սամվել Տոնոյանը , ով նույնպես այցելել էր Ամասիա: «Տեսնենքՙ կկարողանա՞նք մեր ակտիվությամբ գտնել ներդնողների, որոնք ցանկություն կունենան նշված տարածքներում ներդրումներ անելու», ասում է Ս. Տոնոյանը:

Արդեն մի տարի Ամասիայում գործում է Արմենական-ՌԱԿ-ի «Ամասիա» ակումբը: Գոռ Փիլոյանը` ակումբի ատենապետը, տեղեկացնում է, որ իրենց ակումբն արդեն 35 անդամ ունի, նրանք հիմնականում համայնքի բնակիչներն են: «Երբ նոր էր կազմավորվել ակումբը, գործում էր մեր տանը: Այս տարվա ապրիլից տեղափոխվեցինք գյուղապետարանի շենք»: Ակումբի անդամներն ամիջականորեն շփվում են բնակիչների հետ, ձգտում հնարավոր չափով օժանդակել նրանց: «Ամասիա» եւ «Զապել Եսայան» ակումբների համատեղ աշխատանքի շնորհիվ էր, որ իրականություն դարձավ «Խաղալիքներ երեխաներին» ծրագրի հերթական բարեգործական ակցիան:

Սեպտեմբերի 14-ին Արմենական-ՌԱԿ-ի անդամները հանդիպեցին նաեւ Ամասիա համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանի հետ, զրուցեցին համայնքի խնդիրների մասին:

Ներկայումս Ամասիան 2218 բնակիչ ունի: Տարիների ընթացքում բնակչության թիվն այստեղ նվազել է: Աղասի Ամիրյանը տեղեկացնում է, որ 1998 թվականին Ամասիայի դպրոցը 380 աշակերտ է ունեցել. 2008-ին` 180 աշակերտ: Այսօր աշակերտների թիվը հասնում է ընդամենը 150-ի: «Համայնքի ամենամեծ խնդիրը գործազրկությունն է», ասում է Ա. Ամիրյանը: Նրա խոսքով` Շիրակի դաշտավայրում սոցիալապես ամենավատ վիճակում առաջ եղել է հենց Ամասիա համայնքը. «Վերջին մի տարում մի քիչ առաջընթաց կա»:

Հիմա Ամասիայում կարի ֆաբրիկա է կառուցվում, այս տարվա դեկտեմբերին կավարտվեն շինարարական աշխատանքները, որից հետո արդեն կտեղադրվեն սարքավորումները: Համայնքի ղեկավարն ուրախությամբ ասում է, որ կարի ֆաբրիկայի շնորհիվ նոր աշխատատեղեր կբացվեն. «Սկզբում 50 տեղ կբացվի, հետագայում այդ թիվը կավելանա. շուրջ 200 նոր աշխատատեղ կունենանք»: Համայնքն արհեստագործական ուսումնարան ունի, որը կադրեր է պատրաստում կարի ֆաբրիկայի համար: Աղասի Ամիրյանը նաեւ տեղեկացրեց, որ Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով հիմա վերականգնվում է համայնքի մանկապարտեզը, հիմնանորոգման համար 100 միլիոնից ավելի դրամ է հատկացվել:

Ամասիայում 1-2 խնդիր չէ, որոնց մասին պետք է բարձրաձայնել: Այստեղ խնդիրները բազմաթիվ են: Ամասիայում վատթար վիճակում է առողջապահության ոլորտը: Հիվանդանոցային պայմաններն այնպիսին են, որ ստացիոնար բուժում իրականացնելն անհնարին է: Համայնքի հիվանդանոցը նաեւ կադրերի խնդիր ունի: Ինչեւէ, Աղասի Ամիրյանը շտապում է հայտնել ուրախալի լուրը, որ հիվանդանոցը Սոցներդրումների հիմնադրամի եւ համայնքի ներդրումների միջոցներով վերանորոգվելու է:

Համայնքի ներսում ստացված եկամուտները շատ չնչին են: Խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար չկան նպաստավոր հողեր: Այստեղ հողագործությունն էլ եկամտաբեր չէ: Ապրելով նման ծանր պայմաններում` Ամասիայի բնակիչները չեն հուսահատվում, հատկապես երիտասարդներն ապագային նայում են մեծ հույսերով:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Ամասիա-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4