«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2010-09-15 | #168, 2010-09-16 | #169, 2010-09-17


ԿԿԱՌՈՒՑՎԻ ՄԵՂՐՈՒ ՀԷԿ-Ը

Մեղրու ՀԷԿ-ի շինարարությունը սկսելու պայմանագիրը կկնքվի շուտովՙ Իրանի էներգետիկայի նախարարի Հայաստան կատարելիք այցի ընթացքում: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ՙ ներկայացնելով կառավարության երեկ ընդունած որոշումը, որով հավանություն էր տրվում իրանական կողմի հետ ՀԷԿ-ի կառուցման պայմանագրին:

Ինչպես հայտնեց նախարարը, ՀԷԿ-ի շինարարությունը կֆինանսավորի իրանական կողմը, իսկ շահագործումից հետո հայկական կողմը կվերադարձնի այդ գումարըՙ արտադրված էլեկտրաէներգիայի տեսքով: Ներդրվելու է 323 մլն դոլար, շինարարությունը կտեւի 5 տարի, իսկ ներդրված գումարը կվերադարձվի 15 տարվա ընթացքում: Մեղրու ՀԷԿ-ը կունենա 130 մգ/վտ հզորություն, կարտադրի 800 մլն կվտ/ժ էլեկտրանէներգիա:

Արմեն Մովսիսյանը դրական պատասխանեց «Ազգի» հարցին, թե Հայաստանը հնարավորություն կունենա՞ անհրաժեշտության դեպքում սպառել ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան այդ 15 տարվա ընթացքում, ասելով, որ այդ կետը նախատեված է պայմանագրում:

Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարիՙ հայ-իրանական սահմանին նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿՙ սահմանի հայկական կողմում Մեղրու ՀԷԿ-ը, պարսկական կողմումՙ Ղարաչինարի ՀԷԿ-ը: Այս ՀԷԿ-երը կասկադի նման կլինենՙ ջուրը սկզբից կհոսի դեպի Մեղրու ՀԷԿ, ապաՙ Ղարաչինարի:

Էներգետիկ ոլորտին առնվող այլ հարցերին պատասխանելովՙ Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ շուտով կստորագրվի նաեւ Իրանից Հայաստան եկող նավթատար խողովակի կառուցման պայմանագիրը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի գների փոփոխությանը, ապա, ըստ նախարարի, դեռ բանակցություններ են ընթանալու այդ ուղղությամբ, եւ հայկական կողմը կփորձի որքան հնարավոր է ցածր պահել այդ գինը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4