Էկոտուրիզմը տուրիզմի տեսակներից է: «Էկոտուրիզմ հասկացության մասին կարող ենք խոսել 2 տեսանկյունից», ասաց «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ժաննա Գալյանը: Առաջին հերթին էկոտուրիզմը կարելի է դիտարկել որպես բիզնես: «Եթե նայենք 2-րդ տեսանկյունից, ապա էկոտուրիզմը նաեւ գաղափարախոսություն է», երեկ «Արմատ» ակումբում ասաց Ժաննա Գալյանը: Բնապահպանական խնդիրներն ազդում են էկոտուրիզմի զարգացման վրա, տուրիզմն էլ իր հերթին է ազդում բնության վրա: «Պետք է այնպես անել, որ տուրիզմը օգուտ բերի տնտեսությանը, գյուղական համայնքներին ու մշակութային արժեքներին, բայց միեւնույն ժամանակ չվնասի բնությանը», ասաց Ժաննա Գալյանը: Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի անդամ Էդուարդ Գեւորգյանի կարծիքովՙ «Եթե էկոտուրիզմը դիտարկենք որպես բիզնես, ապա տուրիզմի այս տեսակը զարգացնելու համար Հայաստանում մեծ պոտենցիալ կա»: Ասուլիսի մյուս բանախոսը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունին էր: Վերջինս տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտում ծրագրեր իրականացնելը հիմնադրամի ռազմավարական նպատակներից է: «Մեր կազմակերպությունը մշակել է զբոսաշրջության զարգացման առանցքներ», ասաց Զ. Ամատունին: Հիմնադրամի համար գերակա ուղղություն է հարավային առանցքի զարգացումը: «Տուրիստական այս առանցքը ներառում է Նորավանքից Գորիս ընկած տարածքները: Այստեղ մեծ ներուժ կա, բայց այն ուշադրության պակաս ունի», ավելացրեց Զառա Ամատունին, ապա ընդգծեց. «Որեւէ պրոդուկտ մշակելիս մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բնապահպանական արժեքներին, որպեսզի բնությունը չտուժի»: Հիմնադրամի մշակած հյուսիսային առանցքը ներառում է Հայաստանի հյուսիսը` Լոռու մարզից Շիրակի մարզ ընկած տարածքները, իսկ օղակաձեւ առանցքի մեջ մտնում են Սեւանի շրջակա տարածքները: Լսելով օղակաձեւ առանցքի մասինՙ Ժաննա Գալյանը շտապեց ասել. «Այն, ինչ կատարվում է Սեւանի շուրջը, դա անտիէկոտուրիզմ է»: Ժաննա Գալյանը վատ չի վերաբերվում Ազգային մրցունակության հիմնադրամի մշակած օղակաձեւ առանցքին, պարզապես ասում է. «Սեւանի էկոհամակարգը ցավալի վիճակում է: Լավ կլինի մտածենք` ինչպես հանենք մեր Սեւանն այդ վիճակից»: Ժաննա Գալյանի խոսքով` բնապահպանության նախարարությունը չի հասկանում, որ ինքը քաղաքականություն մշակող է, ոչ թե մասնաբաժին ստացող:
Գյուղական տուրիզմը եւ արկածային տուրիզմը մտնում են էկոտուրիզմի մեջ: Հայաստանում առանձնակի հետաքրքրություն կա լեռնային քայլարշավների հանդեպ: Լեռնային քայլարշավներով հետաքրքրված են ինչպես արտասահմանցի զբոսաշրջիկները, այնպես էլ Հայաստանում ապրողները, հատկապես երիտասարդները: «Մեր կազմակերպությունը զբաղվում է նաեւ հեծանվային տուրիզմով», տեղեկացրեց Է. Գեւորգյանը: Տուրիզմի հետաքրքրական ուղղություններ են բացվում, երբ գյուղական տուրիզմն ու արկածային տուրիզմը միացվում են իրար: Այս ձեւով հնարավոր է հետաքրքրություն առաջացնել, օրինակ` խոհանոցային տուրիզմի հանդեպ: Ազգային մրցունակության հիմնադրամը խոհանոցային տուրիզմի հետ կապված եւս ծրագրեր ունի: Գյուղական համայնքներում գտնելով ճաշատեսակների հին ու ավանդական բաղադրատոմսերը, կարելի է ստանալ Հայաստանի խոհանոցային բրենդը եւ ունենալ խոհանոցային տուրիզմ: «Օրինակ` Զանգեզուրի խոհանոցը շատ հետաքրքրական է», ասաց Զառա Ամատունին: Էդուարդ Գեւորգյանի կարծիքով` տուրիզմի մեջ կարեւոր են նաեւ համտեսի տուրերը: Կան արտասահմանյան երկրներ, որոնք ունեն պանրի կամ գինու տուրեր:
Վերջում Ժաննա Գալյանը տեղեկացրեց, որ Հայաստանում բնության տուրիզմի վրա աշխատում են շուրջ 12 կազմակերպություններ:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ