10-րդ դարի հայերը ճարտարապետական հրաշք են նվիրել համաշխարհային մշակույթին, իսկ 21-րդ դարի թուրքերը չե՞ն կարողանում խաչը վեր հանել
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Վան
Սեպտեմբերի 16-ի վաղ առավոտյան Վանից ուղեւորվեցի Աղթամարի կղզի: Քաղաքից մոտ հիսուն կիլոմետր է հեռու Սուրբ Խաչը` դեպի Բիթլիս տանող ճանապարհին: Ինձ հետաքրքրում էր, թե ինչպես են թուրքերը նախապատրաստվում սեպտեմբերի 19-ի այդքան գովազդվող միջոցառմանը: Դրան կարելի է տարբեր անուն տալ, բայց ոչ երբեք` Սուրբ Պատարագ, որովհետեւ վերանորոգումից ու վերաբացումից ավելի քան երեքուկես տարի հետո թուրքական իշխանությունները այդպես էլ խաչ չտեղադրեցին եկեղեցու գմբեթին:
Մեկ ասում են` ժամանակը չբավարարեց, մեկ ասում են` շատ ծանր է խաչը, ժամանակ է պետք բարձրացնելու համար, մեկ ասում են` մահմեդական երկրում ի՞նչ խաչ, մեկ էլ թե` սեպտեմբերի 19-ից մի քանի շաբաթ հետո են դնելու: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ միջոցառումը մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս չեն հետաձգում եւ այնպիսի պատարագ մատուցում, որ Հայաստանից էլ հայեր գան: Ես տեղեկացա, որ Սուրբ Խաչի համար նախատեսված ավելի քան երկու հարյուր կիլոգրամանոց խաչը արդեն Վան քաղաքում է: Երբ կղզում աշխատող քուրդ բանվորների խմբի ղեկավարին հարցրեցի, թե ի՞նչ են ասում` խաչ դնելո՞ւ են, պատասխանեց, որ վախենում են այդքան ծանր խաչը վնասի եկեղեցու գմբեթը: Ասում են, որ սեպտեմբերի 19-ի միջոցառման համար խաչն այնուամենայնիվ հասցնելու են կղզի, որպեսզի հայերը տեսնեն այն:
Աղթամարում նախապատրաստական վերջին աշխատանքներն են կատարում: Բայց թուրքերը մտահոգ են. նրանք հասկացել են, որ Հայաստանից հայեր շատ քիչ են լինելու հենց խաչ չդնելու պատճառով: Բոլորն ասում են, որ հայերը բոյկոտել են միջոցառումը: Վանա լճի հարեւանությամբ գտնվող «Աղթամար» ռեստորանի տնօրեն Իբրահիմը, որն Աղթամար այցելող հայերին Վանա տառեխ է հյուրասիրում, ասաց, որ իրեն զանգահարել է Երեւանի «Անիտուր» զբոսաշրջային գործակալության ղեկավարներից մեկը եւ ասել, որ սեպտեմբերի 19-ի համար նախապես պատվիրած 100-հոգանոց խմբի այցը հետաձգվում է:
Իբրահիմն ինձ էլ հյուրասիրեց Վանա տառեխ եւ պատմեց, որ 2007 թ. վերանորոգումից հետո Սուրբ Խաչ այցելող հայերի թիվը չի ավելացել, եղել է այնքան, որքան նախկին տարիներին էր: Սեպտեմբերի 16-ի ամբողջ օրը անցկացրի Աղթամարում եւ Սուրբ Խաչում, բայց որեւէ հայի չհանդիպեցի: Մի քանի օր Վանում եմ եւ այստեղ էլ հայերի չեմ տեսնում: Հյուրանոցները դատարկ են կամ կիսադատարկ, ինչպես տարվա մյուս եղանակներին է: Թուրքերը հույսը պիտի դնեն պոլսահայերի վրա, որպեսզի աշխարհին ցույց տան, թե որքան հայեր են մասնակցում իրենց ձեռնարկին: Հայաստանից եւ Սփյուռքից հայեր, այնուամենայնիվ, հավանաբար կլինեն: Մի քանի օր առաջ վարչապետ Էրդողանի գրասենյակը հրավերներ է ուղարկել հայաստանյան եւ սփյուռքյան մի քանի տասնյակ լրագրողների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Աղթամարի կղզում` Սուրբ Խաչի հենց հարեւանությամբ ես տեսա եւ նկարեցի մի սեւ երկաթյա խաչ, որը հավանաբար օգտագործվելու է սեպտեմբերի 19-ի միջոցառման համար: Արդեն կղզի են հասցրել նաեւ մի քանի ամաններ, որոնց մեջ մոմ պիտի վառեն: Հիշում եմ` 2007թ. մարտին, երբ որպես թանգարան վերաբացվեց Սուրբ Խաչը, չնայած թուրքական ոստիկանության հարուցած խոչընդոտին, միջոցառմանը ներկա մի քանի տասնյակ հայերը ձեռքերին մոմ էին վառել ու այդպես պահել: Հավանաբար այս անգամ էլ թույլ չի տրվի, որ եկեղեցու ներսում մոմավառություն լինի:
Ես ամենուր ուշադրություն դարձրեցի եւ չգտա որեւէ ցուցանակ, որտեղ նշված լիներ, որ Սուրբ Խաչը հայկական եկեղեցի է: Թուրքերը հատուկ օգտագործում են «Աքդամար» ձեւը եւ թարգմանում որպես «սպիտակ զարկերակ»: Միակ սփսփիչ բանն այն է, որ Աղթամարի Սուրբ Խաչը, ինչպես նրա տարեկից Կարսի Առաքելոցը, չի վերածվել մզկիթի: Արդարության համար պիտի նշենք նաեւ, որ վերանորոգման ու ռեստավրացիայի ընթացքում Սուրբ Խաչի դրսի պատերի հրաշք զարդաքանդակները եւ ոչ էլ ներսի մանրանկարչությունը չեն խեղաթյուրվել, ինչպես պնդում են մասնագետները:
Թաթուլ Հակոբյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ է: