Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանն այցելեցին Արմավիրի մարզի Բաղրամյան եւ Արեւադաշտ գյուղերի հարեւանությամբ գտնվող խաղողի այգիները: Հենց այստեղ է գտնվում «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսությունը: Նշված ընկերությունը պատկանում է Էդուարդո Էռնեկյանին: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2004 թվականի նոյեմբերից, սեփականության իրավունքով ձեռք է բերել շուրջ 2300 հեկտար անմշակ հողատարածք: Իր 15-ամյա զարգացման ծրագրով ընկերությունը նախատեսում է այդ հողատարածքի առնվազն 80 տոկոսը դարձնել մշակովի, իսկ մնացած 20 տոկոսը` այն հողերը, որոնք քարքարոտ են ու գյուղատնտեսական տեսանկյունից ոչ պիտանի, պետք է օգտագործվեն ենթակառուցվածքների զարգացման համար:
Սերժ Սարգսյանը շրջեց խաղողի այգիներով, ծանոթացավ տնտեսությանն ու աշխատանքային պայմաններին: Խաղողի այգիներում երեկ բերքահավաքի օր էր: Բերքը հավաքող խմբերից մեկի ավագը` 58-ամյա Անժիկ Հարությունյանն ասաց, որ բերքահավաքի վրա, բացի իրենց խմբից, 4 ուրիշ խմբեր էլ են աշխատում: Տիկին Անժիկը մեծ եռաանդով էր կատարում իր աշխատանքը, աշխատավարձից ու աշխատանքային պայմաններից էլ ոչ մի դժգոհություն չուներ:
«Տիեռաս դե Արմենիա»-ի ծրագրի առաջին փուլով տնկվել է 400 հա խաղողի այգի: 150 հա խաղողի այգու հիմնումն էլ հիմա ընթացքի մեջ է: Եկող տարի նախատեսվում է հիմնել եւս 100 հեկտար այգիներ:
Այսօրվա դրությամբ` կատարված փաստացի ներդրումները կազմում են շուրջ 37 մլն դոլար: Ստեղծվել են շուրջ 400 մշտական եւ շուրջ 200 սեզոնային աշխատատեղեր` 130 հազար դրամ միջին աշխատավարձով: Նոր այգիներ հիմնելու նպատակով գալիք 5-6 տարիների ընթացքում նախատեսվում է կատարել շուրջ 30 մլն դոլարի լրացուցիչ ներդրում:
50-ամյա Հայկուշ Պետրոսյանը նույնպես աշխատում է խաղողի այգիներում, ամեն օր աշխատանքի է գալիս Լեռնագոգից: «Մինչեւ այստեղ ընդունվելն աշխատանք չունեի: Արդեն 4 տարի այստեղ եմ աշխատում: Չեմ դժգոհում. բանվորին այստեղ գնահատում են: Աշխատում եմ շաբաթական 5 օր`առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան 5-ը, ստանում եմ 90 հազար դրամ աշխատավարձ», ասաց տիկին Հայկուշը:
«Տիեռաս դե Արմենիա» ընկերության զարգացման ծրագրով այգիների 95 տոկոսը պետք է կազմեն հայկական կոնյակի համար նախատեսված խաղողի տեսակների այգիները:
Մնացած 5 տոկոսը պետք է կազմեն այն այգիները, որոնք նախատեսված են սեղանի գինիներ ստանալու համար:
Նախագահի հետ Արմավիրի մարզ էր այցելել նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Վերջինս տեղեկացրեց, որ «Տիեռաս դե Արմենիա»-ի հողատարածքներում արդեն տնկվել են 400 հա խաղողի այգիներ, որից 100 հեկտարը տնկվել է այս տարի: «Մնացած 300 հեկտարից այս տարի սպասվում է մինչեւ 2000 տոննա խաղող: Դրանց մեջ մտնում են խաղողի ե՛ւ հայկական, ե՛ւ ֆրանսիական ու իտալական տեսակները, որոնք գրանցված են Հայաստանում», ավելացրեց նախարարը:
«Տիեռաս դե Արմենիա»-ի խաղողի այգիները ոռոգվում են կաթիլային համակարգով: Ոռոգումն ապահովելու նպատակով ընկերության տարածքում ջրամբարներ են կառուցվել:
Ըստ Գերասիմ Ալավերդյանի` Հայաստանում այս տարի խաղողի լավ բերք է սպասվում.
«Ակնկալում ենք ստանալ շուրջ 215 հազար տոննա խաղող, որն անցյալ տարվա համեմատությամբ շուրջ 15-20 հազար տոննայով ավելի է: Ե՛վ Արարատի, ե՛ւ Արմավիրի մարզերում խաղողի մթերումներն արդեն սկսվել են: Կանխատեսում ենք այս տարի գնել եւ մթերել շուրջ 133 հազար տոննա խաղող, անցյալ տարվա 127,7 հազար տոննայի փոխարեն»: Մոտավոր հաշվարկներով` մթերվող 133 հազար տոննա խաղողի հիմնական մասը ստացվելու է Արարատի եւ Արմավիրի մարզերից:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Արմավիր-Երեւան