«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության պատվերով անցկացված այս հարցմանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին նշել է կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանը , մասնակցել են Եվրոխորհրդարանի շուրջ 100 պատգամավորներ տարբեր երկրներից: Առաջարկված 5 տարբերակներից եվրոպացի պատգամավորներն առանձնացրել են երկուսը. հարցվածների շուրջ 47 տոկոսը ամենանախընտրելի տարբերակ են համարել Եվրոմիության մշտական ոչ ռազմական դիտորդական առաքելության ուղարկումը տարածաշրջան` «հրադադարի ռեժիմն ամրապնդելու, ինչպես նաեւ ժողովրդավարական կառույցների եւ ինստիտուտների կայացմանը նպաստելու համար»: Այս հանգամանքը բավական հետաքրքրական է այն առումով, որ եթե Եվրոմիությունը կոնկրետ, ամբողջովին պաշտպանում է Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականությունը, ապա «ի՞նչ կարիք կա» նպաստելու Ղարաբաղում ժողովրդավարական կառույցների եւ ինստիտուտների կայացմանը:
Եվրոպացի պատգամավորների նախընտրած մյուս լուծումը հետեւյալն է. «Կողմերի միջեւ (հիշեցնենք` երեք կողմերի-Հ. Ա.) կնքված հրադադարի պայմանագրի ամրապնդում` շփման գծից դիպուկահարներին հեռացնելու եւ տեղում միջազգային դիտորդներ տեղակայելու միջոցով», այս տարբերակին կողմ է արտահայտվել եվրոպացի պատգամավորների 39 տոկոսը:
Հատկանշական է, որ հարցված պատգամավորների միայն 20 տոկոսը կողմ է արտահայտվել առաջարկին` տարածաշրջանում տեղակայել եվրոպական ռազմական ուժեր: Այս առաջարկը, ենթադրվում է, որ չի արժանացել շատերի հավանությանը, քանի որ եվրոպական ռազմական ուժերը ակտիվորեն ներգրավված են արդեն Մերձավոր Արեւելքում, եւ եվրոպացիները չէին ցանկանա եւս մեկ նման օջախ ձեռք բերել:
«Ո՞րն է հրադադարի ամրապնդման ամենաանհավանական տարբերակը» հարցին եվրոպացի պատգամավորների մեծամասնությունը պատասխանել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցումը»: Սարգիս Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցում եւ դրա փոխարեն մեկ այլ ձեւաչափի հաստատում» տարբերակին` որպես հրադադարի ռեժիմի ավելի արդյունավետ պահպանման միջոցի` կողմ է արտահայտվել պատգամավորների ընդամենը 17 տոկոսը:
Հ. Ա.