Օրերս տեղի ունեցավ Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական փառատոնի կազմկոմիտեի հերթական նիստը:
Փառատոնը անցկացվում է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության, «ՀցրրՍՌռ ՎՌՐ» հիմնադրամի (Ռուսաստանի Դաշնություն) կողմից, Հայաստանի կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության աջակցությամբ: Փառատոնը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին եւ Ռուսաստանի հայերի միության 10-ամյա հոբելյանին:
Նիստը վարում էր կազմկոմիտեի նախագահ, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Վերջինս կոմիտեի անդամներին ներկայացրեց փառատոնի ընթացքի եւ կատարված աշխատանքների մասին: «Այսօր արդեն քաղաքի եւ մարզերի դպրոցները ոչ միայն տեղեկացված են փառատոնի մասին, այլեւ ակտիվորեն նախապատրաստվում են դպրոցական փուլին, որն ավարտվելու է հոկտեմբերի 10-ին: Մեծ ոգեւորությամբ պիտի նշեմ նաեւ մեզ աջակցող բոլոր կառույցների պատրաստակամ մոտեցման եւ ակտիվ համագործակցության մասին: Անկեղծ ասած, իմ բոլոր սպասելիքները գերազանցվել են», նշեց Վլադիմիր Աղայանը:
Կազմկոմիտեի անդամները քննարկեցին փառատոնի կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ նշեցին փառատոնի ընթացքը հնարավորինս հաճախ լուսաբանելու անհրաժեշտության մասին` ելնելով ռուսական լեզվի հանդեպ վերաբերմունքի ու մոտեցման կարեւորությունից:
Ա. Հ.