«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2010-09-17 | #170, 2010-09-18 | #171, 2010-09-22


«ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ

Սեպտեմբերի 20-ից ամեն օր մի խումբ երիտասարդներ Սիրահարների այգում մի ծառից մյուս ծառը ձգվող պարաններից 130 լուսանկարներ են ամրացնում, իսկ երեկոյան ժամը 21.00-ից հետո լուսանկարները հավաքում են: Լուսանկարների հեղինակները «Ճանաչենք Հայաստանը» արշավախմբի անդամներն են: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ: 22-ամյա Գեւորգ Տեփանոսյանը «Ճանաչենք Հայաստանը» արշավների ակումբի կազմակերպիչ անդամներից է: Նրա փոխանցմամբ` «Ճանաչենք Հայաստանը» երիտասարդ առաջնորդների դպրոցի ծրագրերից է: Ցուցահանդեսի նպատակն է մարդկանց ծանոթացնել Հայաստանի տարբեր մարզերի բնությանն ու ճարտարապետական նմուշներին: «Մեր ցուցահանդեսն ուղղված է հայրենաճանաչ հասարակություն ձեւավորելուն», ավելացրեց Գեւորգ Տեփանոսյանը: Սիրահարների այգում ցուցահանդես բացելու համար արշավախմբի երիտասարդները դիմել են Երեւանի քաղաքապետարանին ու այգու տնօրենությանը, որոնք էլ սիրով աջակցել են նրանց:

Խմբի անդամներից Սարգիս Բաշիկյանը պատմեց, որ ցուցահանդեսի այցելուների մեջ եղել են մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել գնելու լուսանկարները: «Մենք լուսանկարները չենք վաճառում, սա ցուցահանդես-վաճառք չէ», հավելեց Սարգիսը: Նրա խոսքով` ցուցահանդեսին շատ լավ արձագանքում են նաեւ մեծահասակները. «Օրինակ` ասում են. «Ինչ լավ է, որ հայրենասեր երիտասարդներ կան»: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ ամսի 22-ը: Գեւորգը տեղեկացրեց, որ այս տարի «Ճանաչենք Հայաստանը. Ալավերդին» եւ «Ճանաչենք Հայաստանը. Արցախը» խորագրերով եւս 2 ցուցահանդեսներ են ունեցել: 22-ամյա Արփինեն քայլելիս է եղել Բաղրամյան պողոտայով, երբ տեսել է այգում ամրացված լուսանկարները: «Ինձ հետաքրքրեց, թե ինչ լուսանկարներ են: Հայաստանի տեսարժան վայրերում բազմիցս եմ եղել, հետեւաբար այս նկարներն իմ համար նորություն չեն, բայց ինչքան մարդիկ կան, որ այդ վայրերի մասին պատկերացում չունեն: Արշավախմբի մտահղացումն ինձ է դուր գալիս», ասաց Արփինեն:

Արշավախումբը 40-ից ավելի հիմնական անդամներ ունի: Օգոստոսի 1-ին նրանք հաղթահարել են նաեւ Արագածի գագաթը: «Այս ցուցահանդեսն արշավների ծրագրի ամփոփիչ մասն է: Արդեն 15 արշավների ենք գնացել, որոնց ընթացքում կատարել ենք նաեւ տարածքների մաքրման աշխատանքներ», ասաց Գեւորգը, ապա հավելեց, որ ակումբը զբոսաշրջային գործունեությամբ չի զբաղվում:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4