«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2010-09-18 | #171, 2010-09-22 | #172, 2010-09-23


ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԵԾԱԾ ՈՒ ԾԱՂՐՈՒԾԱՆԱԿԻ ԵՆԹԱՐԿԱԾ ՄԱՅՈՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետեւյալը.

17.09.2010 թ. ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու եւ խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում:

Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի եւ ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին եւ շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Գարիկ Նորայրի Հարությունյանը եւ Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել են որպես տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Սասուն Միքայելի Գալստյանին 18.09.2010 թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր եւ եղբոր հարցաքննությունները: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4