«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2010-09-18 | #171, 2010-09-22 | #172, 2010-09-23


2011-Ըՙ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՏԱՐԻ

Ավարտվեց սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների համահայկական հավաքը` մասնակցությամբ 12 երկրների շուրջ 80 սփյուռքահայ շրջանավարտի: Հավաքի նպատակն է քննարկել բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում եւ ստեղծել սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցություն, վեր հանել Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողների սոցիալական, իրավական հիմնախնդիրներն ու առաջարկել դրանց լուծման մեխանիզմներ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի փոխանցմամբՙ Սփյուռքի առջեւ ծառացած են լուրջ մարտահրավերներ, որոցից ամենացավալին լեզվի իմացության կորուստն է, դպրոցների փակումն ու աշակերտների թվի նվազում: Նրա հավաստիացմամբՙ մշակվել է քաղաքականություն, եւ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այդ կապակցությամբ 2011թ. նախարարությունը հայտարարելու է սփյուռքի միջազգայնացման տարի: «Ոչ միայն հայկական սփյուռքը, այլեւ սփյուռքը որպես հասկացություն, պետք է սահմանվի միջազգային կառույցների կողմից: Պետք է սահմանվեն սփյուռքի իրավունքները, պարտականությունները, նրա կապը հայրենիքի հետ: Այդ պատճառով նախատեսում ենք 2011թ. գումարել համաժողով, որտեղ կհրավիրենք խոշոր սփյուռք ունեցող երկրների պետական պաշտոնյաներին», ասաց Հակոբյանը:

Համաժողվի ավարտին մասնակիցները կդիմեն ՄԱԿ սփյուռքի մասին կոնվենցիա ստեղծելու առաջարկությամբ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4