Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում այսօր տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին: Նիստին մասնակցելու են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից ժամանած գիտնականները: ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, բուհերի ռեկտորներն ու գիտական հասարակության այլ ներկայացուցիչները նույնպես մասնակցելու են նիստին: Ինստիտուտի վաստակաշատ աշխատակիցները պարգեւատրվելու են ակադեմիայի պատվոգրերով ու վաստակագրերով: Սեպտեմբերի 24-25-ին Աղվերանում ինստիտուտի 50-ամյակին նվիրված գիտաժողով է լինելու, որի ընթացքում հայ եւ արտասահմանցի գիտնականները հանդես են գալու շուրջ 45 զեկուցումներով:
Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը հիմնադրվել է 1960 թվականին Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնի հիման վրա: Ինստիտուտը հիմնադրվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, ներկայումս ինստիտուտը ղեկավարում է ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Արսեն Հախումյանը:
Ի. Պ.