ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտելով քաղաքական դաշտում կատարվող վերջին անկանոն շարժումներըՙ դրանք կարելի է բնորոշել որպես ընտրություններին մոտենալուց առաջ հարմար դիրքավորվելու փորձեր: Որքա՞ն հարմար` դա այնքան էլ երկրորդական խնդիր չէ` միլիմետրանոց հնարավորությունները նույնպես հնրավորություն են: Վերջին օրերին հրապարակի վրա են տարբեր բնույթի ինտրիգային լուրեր եւ խոսակցություններ, որոնք հենց վերն ասվածի վկայությունն են:
ԲՀԿ քվոտայով ԱԺ փոխնախագահի պաշտոնի շուրջը: Այն բացատրությունը, թե ԲՀԿ-ն ուզում է ակտիվ մարդու տեսնել այս պաշտոնում, հենց նախընտրական տրամադրությունների շրջանակում տեղավորվում է` հավանաբար ԲՀԿ առաջնորդը կուզենար բոլոր առիթները PR-ի միջոց դարձնող ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահի, ինչը բնավորությամբ գոնե արտաքուստ հանգիստ Արեւիկ Պետրոսյանը չէր անում: Սակայն մյուս կողմից` ԱԺ փոխխոսնակի պաշտոնը միայն որեւէ կուսակցության մենաշնորհը չէ, դա, ի դեպ, ինչպես եւ ԱԺ խոսնակի պաշտոնը, երկրի այցեքարտերից է ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ դրսում: Դրսին, հասկացանք, մերոնք չեն ձգում, բայց գոնե ներսինների մասին կարելի է մտածել եւ քաղաքական նպատահարմարության հետ մեկտեղ վերջապես այնպիսի մարդկանց ընտրել այդ կարգի պաշտոններում, որոնք ե՛ւ լավ պատրաստաված կլինեն, ե՛ւ պատգամավորների ու լրագրողների հետ առօրյա շփման պրոբլեմ չեն ունենա, եւ որ ամենեւին էլ երկրորդական չէ, վերջապես ազատ կլինեն բարբառային առոգանությունից ու լիակատար կտիրապետեն հայոց լեզվին, թե չէ անընդհատ որեւէ բարբառային առոգանություն ես լսում ԱԺ ղեկավարության վահանակից: Քաղաքական ենթատեքստում նաեւ հավանաբար ԲՀԿ առաջնորդը խնդիր ունի իրեն լիակատար, 200 տոկոսով հավատարիմ եւ վստահելի մարդ տեսնելու այս աթոռին, իսկ թե շրջանառվող թեկնածուների անունները համապատախանո՞ւմ են մեր կողմից վերն ասված պահանջներին` ընթերցողներն իրենք թող դատեն:
Արամ Սաֆարյանի եւ Նաիրա Զոհրաբյանի իրազեկումներից հետո առ այն, որ իրենք չեն հավակնում այդ պաշտոնին, այժմ արդեն շրջանառվում են ԲՀԿ-ի ստեղծման օրից ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի եւ նորաթուխ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի անունները: Վերջին մի քանի օրը ԲՀԿ-ի շուրջը հավանաբար ինչ-որ միտումով շրջանառվող լուրերը նկատի առնելով կարելի է ասել, որ դրանց տակ այնուամենայնիվ կա ՀՀԿ-ի հետ լարվածության այն ռեսուրսը, որը ուղիղ հարց տալու դեպքում երկու կողմերն էլ ժխտում են, սակայն չի կարող չլինել քաղաքական շահառության շատ պրիմիտիվ տեսանկյունից նույնիսկ: Համենայն դեպս` Վիկտոր Դալլաքյանի ակնարկները ԱԺ հայտարարությունների ժամին` ժողովրդից խլվածով բարեգործություն անելու մասին, դրան` ԲՀԿ-ականների ջղաձիգ արձագանքը, Վարդան Բոստանջյանի հրաժարիմքը Դալլաքյանի ընտանիքի քավորությունից, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի ասածին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի պոռթկուն արձագանքը խոսում են խոր գործընթացների մասին: Ռ. Զոհրաբյանը փաստորեն հասկացնում էր, որ եթե ուզենան (իսկ որ ավելի ճիշտ է` հրահանգ լինի), կթուլացնեն ԲՀԿ-ին, իսկ Ն. Զոհրաբյանը հղում էր անում քաղաքակիթ երկրներին ու ժողովրդի ձայնին: Բոլոր այս ջղաձգումները վկայում են, որ թիմերը մեկնարկային կամ ելման դիրք են գրավում, այդ դիրքը գրավելիս փորձում են մյուսի հաշվին ոտքն ավելի հաստատուն դնել: Իսկ բոլոր այս գործընթացները տանում են 2012 թվականի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից թիմերի ունեցած հավակնություններին:
Գալով ընդդիմությանը` որոշ տատանումով (փոքրիկ հույս միշտ էլ կարող է լինել), վերջին հանրահավաքից եւ Տեր-Պետրոսյանի ելույթից հետո կարելի է փաստել, որ ոչ ոք այլեւս չի հավատում (՛ե՛ւ ՀԱԿ-ի անդամ կուսակցություններում, ե՛ւ նրանց ընտրազանգվածում), որ իրենք կարող են լուրջ գործոն լինել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նոր ընդդիմադիր ձեւաչափ ստեղծելու գաղափարն այս պահին, կարելի է ասել, այլեւս ուշացած է, որովհետեւ ավելի շուտ ընդդիմադիր ՀԱԿ-ի ֆորմատից մասնիկները հեռանում են, իսկ այն ուժերը, որոնք կարող են այս կամ այն չափով ընտրազանգված ապահովել, գուցե 1 տարի առաջ կարող էին ընդդիմադիր դաշտը միավորված տեսնելու պատրանք ունեցողներին միավորված ընդդիմադիր ձեւաչափ ստեղծելու հույս տալ, սակայն հիմա դա ընդհանրապես բացառվում է` նվաստիս կարծիքով «Ժառանգությունն» ընդհանրապես լույսի արագությամբ հեռանում է ՀԱԿ-ի հետ համագործակցելու հնարավորությունից, իսկ ՀՅԴ-ն ի սկզբանե հնարավոր չէր համարում դա` տարբեր պատճառներով: Հատկապես ընթերցելով ՀԱԿ-առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի` հանդարտ տոնով արված վերլուծություն-ինքնապարզաբանումը` սեպտեմբերի 17-ի հանրահավաքում, զգացողությունն այնպիսին է, որ մարդն այլեւս մեծ ջանքեր չի ուզում գործադրել ընդդիմադիր ֆորմատն աշխուժացնելու համար, այլ միայն ինչ-որ խազի վրա ուզում է մնալ-չմարել:
Իշխանական դաշտում եւս, կարելի է ասել, նոր ուժերի միավորում գաղափարը համարյա կարելի է համարել ձախողված, որովհետեւ մեկ-երկու նոր ուժ ստեղծվեցին, ճիշտ է, բայց այն սպասումը, որ կգա ինչ-որ մի լիդեր (չենք ասում` դա է ճիշտը, ուղղակի հայաստանյան իրականությունն է այդ) եւ նոր ֆորմատ կստեղծի, նույնպես այլեւս հնարավոր չէ, իսկապես` ճիշտ էր ասում քաղաքական հնաբնակներից մեկը` դատարկ տեղում չի կարող նոր ֆորմատ ստեղծվել, առանց աշխատանքի, առանց ենթակառուցվածքների: Մնում է, որ իշխանական ուժերի` ՀՀԿ, ՕԵԿ, մանր-մունր կուսակցություններ, խառնում-թափահարում-կիսումից ինչ-որ նորի պատրանք ստեղծել, սակայն անցյալում աշխատած այս խորամանկությունն այլեւս հազիվ թե արդյունքի բերի, այն է` խաբի մարդկանց:
Հիմա տեսեք` այս ամբողջն ինչո՞վ է հղի. մեկուկես տարի հետո տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը ներկայանում են չնորացված, մարդկանց հոգնեցրած ձեւաչափերով եւ դեմքերով, որն, օրինակ, իշխող քաղաքական ուժերին այս պահին կարող է գայթակղիչ թվալ, քանի որ նրանք (եւ հատկապես ՀՀԿ-ն) կարող են պահպանել ներկա մեկնարկային հնարավորությունները, սակայն նրանք պետք է հասկանան, որ վերջին ընտրություններից հետո իշխանության սոցիալ- տնտեսական քաղաքականությունից դժգոհների թիվը ոչ թե պակասում, այլ ավելանում է` ընդդիմադիր էլեկտորատը, որ հույսը կտրում է առկա ընդդիմությունից եւ իշխանության հետ հույս չի կապում, պոտենցիալ արտագաղթող է. որեւէ իշխանության արդյո՞ք պետք է այնպիսի իշխանությունը, որը նվազեցնում է երկրի քաղաքացիներին, կորցնում հիմնական ռեսուրս մարդկային ներուժը:
Մինչդեռ դիտարկելով իշխանական քաղաքական գործիչների ասուլիսային պահվածքը, նկատելի չէ, թե նրանք մտահոգված են քաղաքական ճահճի ջուրը փոխելու կամ ճահիճը չորացնելու խնդրով: Նրանցից շատերի ինքնագոհ տեսակետները ցույց են տալիս, որ առաջիկա ընտրություններին քաղաքական կերակրատաշտը կամ քաղաքական տորթի իրենց մեծ կտորը պահպանելով են միայն մտահոգված, իսկ որ ընտրազանգվածին, իսկ որ այս երկրի ժողովրդին զզվեցրել են եւ հոգնեցրել, դա նրանց մտահոգությունների մեջ չի մտնում:
«Դեռեւս ուշ չէ նոր ուժերի ստեղծման համար» երեսպաշտական խոսակցությունը կարելի է միամիտ երազողի մտքի թռիչք համարել, սա եւս քաղաքական դաշտի փորձառու քննախուզողի համար ակնհայտ է, չնայած օրինաչափությունները երբեմն խախտվելու սովորույթ դրսեւորում են: