«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2010-09-22 | #172, 2010-09-23 | #173, 2010-09-24


ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ, ԻՍԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍԻՆԳԱՊՈՒՐ

Բազմաթիվ երկկողմ հանդիպումներ Նյու Յորքում

ՄԱԿ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը եղել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի հետ: Նյու Յորքում գտնվող Նալբանդյանն այնուհետեւ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպել է Թունիսի արտգործնախարար Քամել Մորջանեի հետ: Հայաստանի եւ Թունիսի ԱԳ ղեկավարները քննարկել են արտաքին քաղաքական գերատեսչությունների խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանի խոսքերով, երկկողմ համագործակցության ընդլայնման համար կարեւոր դեր կարող են խաղալ վերջերս Հայաստանի ազգային ավիափոխադրողի կողմից Երեւանի եւ Թունիսի միջեւ իրականացվող ուղիղ չվերթերը:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Սքենդեր Հուսեյնիին` վերջինիս խնդրանքով: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար: Նախարար Նալբանդյանի խոսքերով, հուլիսին Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքոնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբունքի:

Հայաստանի ներկայացուցչությունում կայացավ նաեւ Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրմաս Պաետի հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը հանելու համաձայնագիր, որը, Ուրմաս Պաետի բնորոշմամբ, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ընդհանուր դյուրացման գործընթացի կարեւոր հանգրվաններից է:

Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնիի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից զրուցել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ձեւաչափով համագործակցության խնդիրներից: Էդվարդ Նալբանդյանը Յանոշ Մարտոնին հրավիրել է այցելել Հայաստան: Իսկ Նալբանդյանին Սինգապուրի արտգործնախարար Ջորջ Յուոն, սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով, հրավիրել է Սինգապուր:

Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ, խոսել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Մակեդոնիայիՙ նախկին հարավսլավական հանրապետության արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշսկիի հետ էր: Նախարարները անդրադարձել են հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ֆորումի» նախապատրաստական աշխատանքներին եւ այդ միջոցառմանը ԵԽ նախարարների կոմիետի նախագահի մասնակցությանը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Մարկոս Կիպրիանուի հետ: Զրուցակիցները քննարկել են հաջորդ տարվա սկզբին Հայաստանի նախագահի Կիպրոս այցի նախապատրաստական աշխատանքները, կիպրական հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումները, միջազգային կազմակերպություններում երկու բարեկամ երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4