«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2010-09-22 | #172, 2010-09-23 | #173, 2010-09-24


ՄԵԶԱՆՈՒՄ ԲԱՆԱՎԵՃԸ ՀԱՃԱԽ ԸՆԿԱԼՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՎԵՃ ՈՒ ԹՇՆԱՄԱՆՔ

Քննարկում «Քաղաքական բանավեճը Հայաստանում» թեմայով

Մամուլի ազգային ակումբը (ՄԱԱ) ԱՄՆ Ազգային ժողովրդավարան ինստիտուտի (NDI) հետ համատեղ վերսկսում է հասարակական-քաղաքական քննարկումների շարքը: Երեկ ՄԱԱ-ում կայացավ առաջին քննարկումը «Քաղաքական բանավեճը Հայաստանում. կայացման խոչընդոտները եւ հնարավորությունները» թեմայով: Որեւէ թեմայով բանավեճ Հայաստանում դժվար է կայանում, առավել եւսՙ քաղաքական բանավեճը: Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները երեկ հանդես եկան իրենց դիտարկումներով` կապված քաղաքական բանավեճի կայացման խնդիրներին: Մասնակիցներն անդրադարձան այն հարցին, որ հայաստանյան քաղաքական դաշտում անհրաժեշտ է շտկումներ իրականացնել, որպեսզի ավելանան քաղաքական բանավեճի կայացման հնարավորությունները: Հիմնական զեկուցումներով հանդես եկան ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը :

«Քաղաքական բանավեճը որպես քաղաքական երկխոսության մաս խնդիր ունի վիճարկելի կամ բարդ իրավիճակներում բացահայտելու քաղաքական հայացքների ու կարծիքների բախումը, որպեսզի հնարավոր լինի վերհանել խնդրի սպառնալիքներն ու հնարավորությունները», ասաց Արտակ Զաքարյանը եւ հավելեց. «Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի ստեղծել մի մոդել, որը թույլ կտա կայացնել քաղաքական որոշումներ ու ձեւավորել հասարակական կարծիք»: Արտակ Զաքարյանը ցավով նշեց, որ մեր երկրում քաղաքական համակարգը դեռեւս ձեւավորման գործընթացում է. «Ունենալով պաշտոնապես գրանցված 74 քաղաքական կուսակցություններ եւ քաղաքական իրական գործընթացներին մասնակից շուրջ 20 կուսակցություններ` քաղաքական բանավեճ հասկացությունը որպես մշակույթ դեռեւս չենք ընկալել»: ՀՀԿ խորհրդի անդամի խոսքով` քաղաքական բանավեճը հնարավոր է իրականացնել միայն կայացած քաղաքական կուսակցությունների պարագայում: Ա. Զաքարյանի խոսքերից կարելի է հետեւություն անել` քանի դեռ կայացած չեն քաղաքական կուսակցությունները, չի կայանա նաեւ քաղաքական բանավեճը:

Ստեփան Սաֆարյանն իր զեկույցում նշեց, որ եթե Հայաստանում լինում է բանավեճ, ապա այն չի լինում քաղաքական: Քաղաքական ուժերի միջեւ պետք է երկխոսություն լինի, այլապես բանավեճի եւ ուրիշ հարցերի շուրջը խոսելը դառնում է ավելորդ: Յուրաքանչյուր հարց էլ քաղաքական ուժերի միջեւ կարող է դառնալ բանավեճի թեմա: «Քաղաքական բանավեճի առաքելությունը տարբեր տեսակետներ ու տարբեր խնդիրներ սեղանին դնելն է», նշեց Ս. Սաֆարյանը: Նրա կարծիքով` պարտադիր չէ, որ բանավեճը ելք ունենա հաղթողական դիրքորոշման օգտին. «Ամենակարեւորը, որ պարտավոր են անել քաղաքական ուժերը, բանավեճի միջոցով այս կամ այն խնդրի կապակցությամբ սեփական դիրքորոշումները հասարակության առջեւ ցույց տալն է: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ այն գործոններին, որոնք ըստ էության խոչընդոտում են բանավեճի կայացմանը: «Բանավեճերի կայացմանը խոչընդոտող գործոններից են, օրինակ` ոչ ազատ լրատվամիջոցները, հատկապես հեռուստաընկերությունները», նշեց Ս. Սաֆարյանը:

Բացի հիմնական զեկուցողներիցՙ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները եւս հանդես եկան զեկույցներով:

ՀՅԴ-ից ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանը եւս այն կարծիքին է, որ Հայաստանում քաղաքական բանավեճը չի կայացել, ինչը նշանակում է, որ հայաստանյան քաղաքական դաշտը դեռեւս կայացման ճանապարհին է: «Հայաստանում քաղաքական երկխոսությունը չափից ավելի անձնավորված է: Քաղաքական բանավեճերի մասին շատ է խոսվում, բայց այն արդյունքը, որին սպասում էին քաղաքական ուժերն ու հասարակությունը, մենք չունեցանք», ասաց Ռուզան Առաքելյանը:

Քննարկման ժամանակ հետաքրքրական կարծիքներ հայտնեց Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ, պատմաբան Սուրեն Սարգսյանը: Պատմաբանը տեղեկացրեց, որ բանավեճ բառը, եթե բառացի թարգմանենք լատիներենից, նշանակում է վեճ, թշնամանք:«Ցավով եմ ասում, սակայն մեզ մոտ բանավեճը հաճախ ընկալվում է հենց ուղիղ իմաստով», ասաց Սուրեն Սարգսյանը: Այսօր բանավեճի չկայանալը, ըստ պատմաբանի, կապված է նաեւ այն փաստին, որ Հայաստանը երկար դարեր չունենալով պետականություն, չի ունեցել նաեւ բանավեճի մշակույթ: «Անկեղծ ասած` մեզանում հաճախ քաղաքականությունն այնքան էլ հրապարակային չի լինում: Շատ հարցեր լուծվում են առանձնասենյակներում, հետեւաբար բանավիճելու տեղ ու առիթ էլ չի մնում», նշեց Ս. Սարգսյանը: Նրա խոսքով` նման թեմաներով կազմակերպվող քննարկումները տեղին են. «Համոզված եմ, որ այսօր ելույթները լսելով` փնտրտուքների մեջ ենք ընկնելու: Ժամանակ է պետք, որպեսզի սովորենք բանավիճել բառի իսկական ու ընդգրկուն իմաստով»: Ըստ Սուրեն Սարգսյանի` բանավեճի մշակույթ Հայաստանում դեռեւս չկա, այն բացակայում է նաեւ մամուլում եւ հեռուստատեսությունում. «Չնչին բացառություններ են այն դեպքերը, երբ ուղղակի անհատներ են վիճում: Մեզանում բանավեճը երկարատեւ ու դժվարին ճանապարհ ունի հաղթահարելու»:

Պատմաբանի փոխանցմաբ` շատ կարեւոր է միմյանց հանդուրժել սովորելը: «Կարեւոր է նաեւ միմյանց գաղափարները լսելը: Այդ ամենից հետո էլ պետք է վերցնել այն ռացիոնալն ու իրատեսականը, որն օգուտ կբերի ընդհանուր գործին: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա միանգամից` մի գրչի հարվածով, բայց եթե մենք մեզ համարում ենք աշխարհի հնագույն ու քաղաքակիրթ ժողովուրդներից մեկը, ապա համոզմունք ունեմ, որ, անկասկած, կհաղթահարենք նաեւ այս դժվարությունը»: Սուրեն Սարգսյանը լավատեսորեն է տրամադրված, նրա խոսքով` «Կգա մի գեղեցիկ օր, երբ անկախ մեր կուսակցական պատկանելությունից կբանավիճենք ու կգտնենք այն իրատեսականը, որն օգուտ կբերի մեր ժողովրդին»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4