Հանրային խորհրդի տեղեկատվության համաձայնՙ ՀԽ հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի մասը, որն առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելուն: Օրենքի մի մասը սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցով ՍԴ էր դիմել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: ՍԴ-ն էլ գործի դատաքննության նախապատրաստման փուլում մասնագիտական փորձագիտական եզրակացություն ստանալու համար դիմել է ՀԽ-ին: Վերջինիս առողջապահական հարցերով կոլեգիան հունիսի 3-ի քննարկման ժամանակ վեր հանված լուրջ խնդիրները հաշվի առնելով` որոշել է դրանք դարձնել փորձագիտական լուրջ ուսումնասիրության թեմա ՀԽ-ում` քննարկումները վերսկսելով ՍԴ համապատասխան որոշումից հետո, անկախ որոշման ելքից: