Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը երեկ անդրադարձավ առաջին 8 ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշներին: Նրա կարծիքով` ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հունվար-օգոստոս ամիսների տվյալները խոսում են խիստ իրարամերժ միտումների մասին: Օրինակ` հունվար-հուլիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտը մեծ անկում է ունեցել` 23 տոկոսով: «Օգոստոս ամսվա դրությամբ` գյուղատնտեսության անկումը կազմել է 18 տոկոս», տեղեկացրեց Թաթուլ Մանասերյանը: Այս ցուցանիշից արդեն կարելի է պատկերացնել, թե ինչպիսի խոցելի վիճակում են երկրի ագրոպարենային համակարգն ու պարենային անվտանգությունը: «Այստեղ, իհարկե, կարելի է օբյեկտիվ պատճառներ էլ որոնել` ասելով, որ եղանակային պայմաններն այս տարի Հայաստանի համար խիստ անբարենպաստ են, սակայն գյուղատնտեսության ոլորտում վարվող տնտեսական քաղաքականությունը ես բնավ արդարացնել չեմ կարող», «Հայացք» ակումբում ասաց Թ. Մանասերյանը: Գյուղատնտեսության ոլորտում վարվող քաղաքականությունը, ըստ բանախոսի, հավասար է զրոյի, եթե ոչ ավելի ցածր գնահատականի: Թե տնտեսական ինչպիսի՞ աճ կունենանք տարեվերջինՙ Թաթուլ Մանասերյանը ձեռնպահ մնաց կանխատեսումներ անելուց. «Զարգացումները խիստ իրարամերժ են` ո՛չ ընդգծված աճն է համատարած բնույթ կրում, ո՛չ էլ անկումը»: Բանախոսի կարծիքով` ամեն ինչ կախված է 2 հանգամանքից: Առաջին հանգամանքն այն է, թե ինչպիսի զարգացումներ կլինեն համաշխարհային տնտեսությունում, որոնք անպայման ազդելու են նաեւ Հայաստանի վրա: «2-րդ հանգամանքն էլ այն է, թե մենք ինչպե՞ս կկարողանանք տարանջատել այն խնդիրները, որոնք հետեւանք են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, եւ այն խնդիրները, որոնք մինչ այդ էլ բնորոշ էին Հայաստանի տնտեսությանը», ասաց Թաթուլ Մանասերյանը, ապա ավելացրեց. «Եթե ամեն ինչ վերագրենք համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ապա լուրջ տեղաշարժ երբեւէ չենք ունենա»:
Ի. Պ.