«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2010-09-22 | #172, 2010-09-23 | #173, 2010-09-24


ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՓՆՏՐԵԼԻՍ ՀԵՌՈՒ ՉԳՆԱՆՔ

Այսօր իմ ամենաուրախ օրերից է, եթե ոչ` ամենաուրախը: Հասկացա վերջապես, որ մենք բանի պետք չենք: Հասկացա, որ ինչ ունենք, դա էլ է մեզ շատ, քանի որ կորցրել ենք, ու այն էլ` վաղուց (Մեսչյանին հիշեցրեց), հպարտությունն ու արժանապատվությունը, առանց որոնց դարձել ենք քծնելու չափ հանդուրժող, հանցակցելու չափ անտարբեր, մեջք ծռելու չափ հարմարվող: Էլ տեղ ունե՞նք բողոքելու իշխանությունների անկարողությունից, մերթ ընդ մերթ ընդդիմադիրներից, վերադասից, հարեւան-բարեկամ-ծանոթ-անծանոթներից, ու վերջապես «էն Պուտին-Մեդվեդեւից» ու, ձեռի հետ էլ` Հռոմի պապից:

Ինչու ենք քրթմնջում, դժգոհում ենք ումի՞ց, երբ ազնվություն չունենք նույնիսկ խոստովանելու, թե որքան անազնիվ ենք մենք` մեր բողոքը շան տեղ չդնելով, մեր ինքնասիրությունը մի կողմ դնել-մոռանալով կամ հակառակը` չափից ավելի ինքնամեծարմամբ տարվելով:

Ու կեղծո՜ւմ ենք ամեն ինչ ու ամենուրեք: Ի՞նչ է 4-5 տարին մեկ ընտրություններ կեղծելն ամենօրյա-ամենժամյա ստի համեմատ` տանը թե դրսում, իբր թե ոգեւորված խոսելիս թե զգացմունքները զսպելիս: Կեղծում ենք անբնականության չափ եւ այնքան հաճախ, այնպես վարպետորեն, որ կեղծն է դարձել մեր բնականը, ու չենք էլ հիշում կամ մտածում, թե ի սկզբանե ինչպիսին էինք մենք ու ինչ էինք ուզում: Ամեն ինչ սահմանափակելով «պետք է»- «պարտավոր ենք»-«իրավունք չունեք»-ից մինչեւ «բա որ հեռացնե՞ն (վնաս տան, ճնշեն, տակներս փորեն)» շրջանագծում` պտտանիվի մեջ վազող սկյուռիկի պես դոփում ենք անվերջ միեւնույն տեղում կամ էլ հետ գնում` էլ ավելի վատ, ու շարունակում խաբել ու կեղծել, հանդուրժել, լռել, ցավեցնել մեկին ու ոռնալու չափ հարված ստանալ, ատել, բայց ժպտալ, անտարբեր լինել, բայց եւ համոզել, որ «տարբեր» ենք մենք, այն է` սրտացավ: Մի ցանկությունն է քիչ թե շատ անկեղծ` փող, փո՜ղ աշխատել:

Սուտ է ամեն ինչ. հաճախ ենք լսում կամ հաճախ ասում: Գուցե եւ սուտ է, գուցե` ամեն ինչ, բայց ո՞ւմ «շնորհիվ». դե իհարկե, մեր:

Ուրախ օրը իմ մի քիչ մռայլվեց, բայց դա էլ ոչի՜նչ` կանցնի-կգնա: Կարեւորը որ հասկացա (դե, մի քիչ վերջում, մի քիչ ուշացած), որ այն, ինչ ունենք, դա էլ է մեզ շատ, քանի որ վաղուց մոռացել ենք, որ մեջքն ուղիղ պահելու համար է, ոչ թե ծռելու, մոռացել ենք իսկ, թե ինչ է մեջքը («Իսկ դու մեջք ունե՞ս, որ էդպես «դուխով...»): Դե իսկ եթե եղածն էլ շատ է, էլ ի՞նչ տրտնջալ, ինչո՞ւ տրտնջալ:

Ո՞վ է մեղավոր: Առաջինը` մենք:

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, Report.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4