«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


ՎՏԱՆԳ ԿԱ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԿԴԱՌՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Մեկնաբանելով Ռուսաստանի քաղաքականության նոր միտումները Կովկասումՙ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Կովկասի ինստիտուտում անդրադարձավ ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերին` հավելելով, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ նախկին ԽՍՀՄ երկրները Արեւմուտքի հետ հարաբերություններում հաջողություն գրանցեն: Ռուսաստանը ցանկանում է, որ տարածաշրջանում մեծանա կախվածությունն իրենից:

«Ռուսական քաղաքականությունն ավելի շրջահայաց է, այսօր նա գիտի, թե որտեղ են իր սահմաններն ու գիտի, թե իրեն ինչ է հարկավոր: «Գունավոր հեղափոխություններն» արդեն անցյալում են: Ստեղծվել է նոր փուլ` վերաբեռնել ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչը երկու երկրներն էլ ողջունել են»: Միտումներին զուգահեռ Կիրակոսյանն ընդգծում է նաեւ վտանգներն ու հավելում, որ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության բացակայությամբ Ռուսաստանը մեծ ուժ եւ վստահություն է ձեռք բերել: ԱՄՆ-ն նահանջ է ապրել, ԵՄ-ն այն ուժն ու կառույցը չէ, որ կարողանա սթափեցնել, հետեւաբար առավել հզորանում է Ռուսաստանը: «Վտանգ կա, որ Ռուսաստանը չափից ավելի ինքնավստահ կդառնա տարածաշրջանում»:

Հնարավորություններից Կիրակոսյանն ընդգծեց, այն փաստը, որ Ռուսաստանի դերակատարությունը գուցե դրական անդրադառնա տարածաշրջանում անվտանգության պահպանման գործում:

ՌԱՀՀԿ տնօրենի համոզմամբՙ Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում առայժմ ձեռնտու է ստատուս քվոյի կարգավիճակը:

Նա հավելում է, որ ղարաբաղյան հակամարտության բանալին գտնվում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ երկրների ձեռքում, այլ` հայերի, ղարաբաղցիների եւ ադրբեջանցիների: «Եթե, իհարկե, բանալի կա, որովհետեւ դուռը շատ ճռճռան է, եւ դժվարությամբ մեծ կողպեքին բանալի համընկնի»:

Կիրակոսյանը շեշտում է, որ այժմ ԵԱՀԿ ՄԽ-ն ջանքեր է գործադրում Ադրբեջանին բանակցությունների սեղան հետ բերելու համար, որպեսզի նա վերջ տա իր ռազմատենչ հայտարարություններին: «Համանախագահները Ադրբեջանին հստակ ասել են, որ ռազմավարական գործողություններ չպետք է լինեն»:

Քննարկմանը ներկա Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ճշտեց. «Ձեր խոսքերից չհասկացա` տարածաշրջանում Ռուսաստանի ակտիվությունը լա՞վ է, թե՞ վատ»:

«Եթե Դուք այդ հարցի պատասխանը չգիտեք, ես որտեղի՞ց իմանամ», հավելեց Կիրակոսյանը` նշելով, որ դա կախված կլինի այն բանից, թե պաշտոնական Մոսկվան ինչպես կօգտագործի իր ուժը, որովհետեւ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում որեւէ ծրագիր չունի, սակայն Ռուսաստանն էլ դեռ չի որոշել, թե տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով ինչ է ցանկանում է անել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4