«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ

Երեկ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթին: «Արդեն 10 տարի կառավարությունում քննարկվում է, թե ե՞րբ սկսել կենսաթոշակային բարեփոխումները: Կենսաթոշակային բարեփոխումները ձգձգվում են, որովհետեւ կա քաղաքական ռիսկ», ասաց Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա բացատրության` ռիսկը հետեւյալն է. այն կառավարությունը, որը կսկսի կենսաթոշակային բարեփոխումներ, ժամանակավորապես չի կարողանա բարձրացնել կենսաթոշակներն այնքան, ինչքան կարող է: «Մինչեւ 40 տարեկան անձինք, որոնք աշխատում են, մուծելու են իրենց եկամտի 5 տոկոսը», ասաց ՀՀԿ պատգամավորը եւ ավելացրեց, որ 5 տոկոս էլ մուծելու է պետությունը: Ըստ փաթեթի` մինչեւ 40 տարեկան անհատ ձեռներեցները, եւ վարձու աշխատողները ընդգրկված են լինելու այս բարեփոխումներում: Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ գումարը կառավարվելու է երաշխավորված ձեւով, հսկողությունն էլ կատարելու է Կենտրոնական բանկը: «23 տարի հետո թոշակառուները կստանան գումարները պետության երաշխավորած կարգով», տեղեկացրեց ՀՀԿ պատգամավորը: «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ ասաց. «Նոր համակարգը վստահության զրոյական պաշար չունի»: Կառավարչի հակակշիռը պետք է լինի պահառուն, որին վստահելու ենք մեր գումարները: Պահառուներն առեւտրային բանկերն են: Անահիտ Բախշյանն համոզված չէ, որ մեր երկրում պահառուն ու կառավարիչը կարող են վստահություն ներշնչել: Հ. Հակոբյանի խոսքով` յուրաքանչյուր քաղաքացի իմանալու է, թե իր վաստակած գումարը ո՞ր կառավարչին է վստահել. «Քաղաքացին կարող է անգամ փոխել իր կառավարչին»: ՀՀԿ պատգամավորի կարծիքով` պետությունը պետք է օգնի նրանց, ովքեր ֆիզիկապես չեն կարողանում աշխատել, բայց մյուս կողմից էլ. «Պետությունը պարտավոր չէ օգնել նրան, ով չի աշխատում ու չի էլ ուզում աշխատել»: Հ. Հակոբյանը տեղեկացրեց, որ 2014 թվականի հունվարի 1-ից օրենքն ուժի մեջ է մտնելու. «Օրենքի կիրառման համար 3 տարի ժամանակ ունենք»:

Կենսաթոշակային բարեփոխումների խճճված փաթեթն այնուամենայնիվ շատերի համար շարունակում է անհասկանալի մնալ, առավել եւս` հեռավոր գյուղերում ապրող գյուղացիների համար: Ինչ վերաբերում բարեփոխումներին գյուղացիների մասնակցության հարցին, ՀՀԿ պատգամավորը տեղեկացրեց, որ գյուղատնտեսությամբ զբաղվող այն գյուղացիները, որոնք գրանցված են որպես անհատ ձեռներեցներ, բարեփոխումների մեջ եւս ընդգրկվելու են:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4