«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2010-09-24 | #174, 2010-09-25 | #175, 2010-09-28


ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԱՏԻ ՏԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Սեպտեմբերի 23-ի համարում «Ազգը» տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով Մոսկվան այլեւս Թեհրանին չի մատակարարի C-300 տիպի հակահրթիռային պաշտպանության համակարգը, այնինչ դա նախատեսված էր երկկողմ պայմանագրով: Այս մասին, հիշեցնենք, նշել էր ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետը: Երեկ իրանական ISNA գործակալության տեղեկացմամբ, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Ալահհեդին Բորոնջերդին հայտարարել է, որ Թեհրանը պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար դատի կտա Մոսկվային: «Ես հույս ունեմ, որ մենք չենք հայտնվի Բուշեհրի ատոմակայանի կառուցման իրավիճակում, երբ Ռուսաստանը պարբերաբար` քաղաքական զգուշավորություն ցուցաբերելով, ձգձգում էր կատարել պայմանագրով նախատեսված պարտականությունները: Հակառակ պարագայում մենք դատի կտանք Մոսկվային: Ավելին ասեմ` Իրանը կստեղծի սեփական հակահրթիռային պաշտպանության համալիրը», հայտարարել է Բորոնջերդին:

Տեղեկացնենք, որ C-300-ը Իրանին տրամադրելու ռուս-իրանական պայմանագիրը ստորագրվել է 2007-ին, պայմանագրի ընդհանուր արժեքն է 800 մլն դոլար: Փաստորեն, այն չկատարելու համար, Մոսկվան պետք է փոխհատուցում վճարի: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանը իր քայլը հիմնավորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների կատարման հարցում` միջազգային հանրության հետ համամիտ լինելով: Այս կապակցությամբ հանդես է եկել Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին. «Մենք կստեղծենք մեր սեփական համալիրը, որն անհամեմատ ավելի լավը կլինի: Իսկ Մոսկվան, ընդառաջ գնալով Արեւմուտքին, պարզապես նվաստացնում է իրեն: Ռուսաստանը պետք է ապացուցի, որ ունի սեփական անկախ դիրքորոշումը», նշել է գեներալը:

Վերջում հավելենք, որ, ինչպես արդեն նշել էինք սեպտեմբերի 23-ի համարում, Իրանին C-300 չվաճառելով Մոսկվան էլ ավելի հիմնավորեց կասկածները, որ համալիրն, այնուամենայնիվ կհայտնվի Ադրբեջանում: Այս առումով Regnum.ru-ի անանուն «ինֆորմացիոն աղբյուրը» Մոսկվայից գործակալությանը տեղեկացրել է. «Ռուսաստանը Բաքվին հակահրթիռային համակարգ վաճառելու մասին վաղուց տեղեկացրել էր Երեւանին. Մոսկվան դա արել է` ելնելով Երեւանի հետ ունեցած դաշնագրային գործակցությունից: Հենց սրանով է պայմանավորված այն տեղեկատվական արտահոսքը, որը տեղի ունեցավ C-300-ի վաճառքի, ավելի ճիշտՙ նրա գնորդների հետ կապված», նշել է անանուն աղբյուրը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4