Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստից հետո, երեկ խորհրդի գլխավոր քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ավանդույթի համաձայն, ներկայացրեց նիստում քննարկված հարցերն ու ձեռք բերված արդյունքները: Ըստ այդմ` հավանության է արժանացել սահմանների անվտանգության ապահովման համալիրը. «Այս փաստաթուղթը զգալիորեն կամրապնդի ՀՀ պետական սահմանների անվտանգությունը, նոր տեխնիկայով կզինի անցակետերը, հնարավորինս կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկներն այնտեղ», նշեց Արթուր Բաղդասարյանը ` ընդգծելով, որ ծրագրում ներառված են բոլոր շահագրգիռ պետական գերատեսչությունները, ինչպես նաեւ Եվրոմիության կառույցներ: «Մանրամասն վերլուծված են իրավիճակն ու առանձնահատկությունները ՀՀ պետական սահմանի ողջ տարածքով, հաշվի են առնված բոլոր մարտահրավերները, հնարավոր սպառնալիքները եւ այլն: Այժմ արդեն` ՀՀ նախագահի հանձնարարականով, եռամսյա ժամկետում պետք է մշակել հստակ ժամանակացույց` ծրագիրը գործարկելու համար», ասաց ԱԱԽ գլխավոր քարտուղարը:
Հաջորդ կարեւոր հարցը, որ քննարկվել է (եւ պարբերաբար ակտիվորեն քննարկվում է) ԱԱԽ նիստում, Հայաստան-ՀԱՊԿ գործակցության խորացումն է: Այս առումով Բաղդասարյանը հատկապես կարեւորեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների վերջերս Երեւանում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովը, ինչպես նաեւ Հայաստան-Ռուսաստան ռազմարդյունաբերական հարաբերությունների սերտացումը ՀԱՊԿ շրջանակներում: «Մեր երկրում կստեղծվեն մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, ընդ որում մենք կխորացնենք գործակցությունն այս ոլորտում ՀԱՊԿ անդամ այլ գործընկերների հետ: Մասնավորապես նման նախագծեր կան արդեն Բելառուսի Հանրապետության հետ», նշեց Բաղդասարյանը:
Վերջում ԱԱԽ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ ՀԱՊԿ կանոնադրության առանձին նրբությունների հետ կապված շատ հարցեր կհստակեցվեն առաջիկա դեկտեմբերինՙ ՀԱՊԿ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում: Այստեղ, հարկ է նկատել, խոսքն առավելապես արագ արձագանքման ուժերի` այս կամ այն իրադրությունում միջամտելու մասին է:
Հավելենք նաեւ, որ այսուհետեւ ցանկացողները կարող են www.nsc.am կայքից անմիջապես տեղեկանալ Ազգային անվտանգության խորհրդի ողջ գործունեությանն ու քննարկվող հարցերին:
Հ. Ա.